ԷկոԼուր
Միջազգային զարգացման բանկերի բնապահպանական, սոցիալական քաղաքականությունը, խնդրահարույց ծրագրերի ֆինանսավորման բողոքարկման մեխանիզմները և այլ հարցեր քննարկվեցին Վրաստանում՝ սեպտեմբերի 24-26-ը կայացած սեմինարի ժամանակ:
Քննարկմանը մասնակից Վրաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի, Մոնղոլիայի և Ուզբեկստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ իրենց փորձով և գիտելիքներով կիսվեցին CEE Bankwatch միջազգային ցանցի, BIC (Bank informational centre/ USA) կազմակերպության և վրացական «Green Alternative» ՀԿ-ի ներկայացուցիչները: Հայաստանից քննարկմանը մասնակցեցին ակտիվիստ, «Save Amulsar» նախաձեռնության անդամ Թեհմինե Ենոքյանը և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի ներկայացուցիչ Քրիստինա Տեր-Մաթևոսյանը:
Թեհմինե Ենոքյանը ներկայացրեց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը: Ամուլսարի հանքի շահագործման իրավունքը «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությանն է, որի բաժնետերերից է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD): Թեհմինե Ենոքյանը նշեց, որ Ամուլսարի ծրագիրն իրականացնելիս չեն պահպանվել EBRD-ի կողմից սահմանված սոցիալական և էկոլոգիական պատասխանատվության սկզբունքները և էկոլոգիական ու սոցիալական ստանդարտները: Բանախոսներին հարց տրվեց, թե ինչ քայլեր է հնարավոր անել EBRD-ին պատասխանատվության կանչելու համար:
CEE Bankwatch միջազգային ցանցի EBRD-ի քաղաքականության պատասխանատու Ֆիդանկա Բաչեվա-Մաք Գրեյթն նշեց, որ 2016 թ. EBRD-ն բողոքների քննման երկրորդ փուլ է ավելացրել, ըստ որի`հնարավոր է բողոք ներկայացնել բանկին իր կողմից ֆինասավորվող ծրագրերի հետագա գործունեության ազդեցության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2014թ-ին Վայոց ձորի մարզի Ամուլսարի ծրագրի ազդեցության տակ գտնվող Գնդեվազ գյուղի 209 բնակչի ստորագրությամբ բողոք էր ուղարկվել EBRD-ի Օմբուդսմենի գրասենյակ (PCM)՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման նախագծի ֆինանսավորումը և Գնդեվազում ցիանային արտադրության կառուցումը դադարեցնելու պահանջով: Բանկին բողոք էր ներկայացրել նաև «SOS Ամուլսար» նախաձեռնությունը՝ ներկայացնելով Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերը: Սակայն բողոքները EBRD/ PCM-ը մերժել էր այն հիմնավորմամբ, որ բանկը, «Լիդիան» ընկերության հետ պայմանագրի համաձայն, գումարներն ուղղում է մինչև հանքի շահագործումը իրականացվող գործունեությանը, իսկ բողոքը վերաբերում է Ամուլսարի շահագործման արդյունքում հնարավոր հետևանքներին:
«EBRD-ին մերժելով ձեր դիմումն՝ ասել էր, որ իրենք չեն հովանավորել հանքարդյունահանման փուլի համար, և հետևապես չեն կարող պատասխանատվություն կրել շահագործման փուլում հնարավոր որոշակի ազդեցության համար: Սակայն 2016 թ. հետո բողոքարկման երկրորդ փուլ է ավելացել և հնարավոր է նոր բողոք ներկայացնել»,- կարծիք հայտնեց Ֆիդանկա Բաչեվա-Մաք Գրեյթը:
«Այստեղ կարևոր է, թե ինչ է գրված տվյալ երկրի օրենսդրության և այն համաձայնագրի մեջ, որով երկիրը EBRD-ին միանալու ցանկություն է հայտնել»,- հավելեց «CEE Bankwatch Network»-ի համակարգող Ալեքսեյ Պասյուկը:
Միջազգային ֆինանսական կազմակերպություններն ունեն հատուկ մեխանիզմներ հետադարձ կապի ապահովման համար և թույլ են տալիս լրամշակել ֆինանսական այն ծրագրերը, որոնց համար հատկացվում է ֆինանսավորում:
Քննարկվեց նաև բանկերի կողմից մշակված քաղաքականությունների պահանջների չկատարման դեպքում դատարան դիմելու հարցը: BIC-ի Ենթակառուցվածքների քաղաքականության ղեկավար Էլիզաբեթ Սամմերսը նշեց, որ նման նախադեպ ունեն ԱՄՆ-ում, բայց թե ինչով կավարտվի այդ գործընթացը, դեռևս պարզ չէ:
Հոկտեմբեր 04, 2019 at 10:01