ԷկոԼուր
ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգստրի գործակալության կայքում:
Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Հայաստանի ամենաաղմկահարույց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի (նախկինում «Գեոթիմ» ՓԲԸ) հայտարարագրին:
Մեկ անուն՝ անհայտ բաժնեմասով
2005 թ-ի հոկտեմբերի 13-ին գրանցված ընկերությունը հայտարարագրում որպես իրական սեփականատեր բացահայտել է ընդամենը մեկ անձի՝ ՀՀ քաղաքացի, ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Իսկ թե ինչ մասնաբաժին ունի Ալոյանը և երբ է ձեռք բերել, նշված չէ:
Ըստ հայտարարագրի՝ ընկերությունում հատուկ մասնակցություն ունի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ այլ անձի/անձանց հետ համատեղ: Սակայն այստեղ ևս մասնակցության չափը և այլ անուններ բացահայտված չեն: Ընդամենը գրված է. «Տեղեկատվությունը հնարավոր չէ ներկայացնել»:
Միջանկյալ ընկերությունների մասին բաժինը հայտարարագրում բացակայում է:
Ովքե՞ր են «Լիդիան»-ի իրական սեփականատերերը
Նշենք, որ ըստ ՀՀ արդարադատության նախարարի 2020 թ-ի փետրվարի 5-ի N 36 հրամանի՝ իրական սեփականատեր է համարվում այն անձը, ով առանձին կամ փոխկապակցված անձի հետ վերահսկում կամ տիրապետում է ընկերության կանոնադրական կապիտալի առնվազն 10 տոկոսը (քաղաքական ազդեցություն ունեցող անձի դեպքում անկախ չափից):
«Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած հայտարարագրից ստացվում է, որ հնարավոր է՝ ընկերության բաժնետոմսերը 10 տոկոսից պակաս չափով մասնատված են բազմաթիվ անձանց/կազմակերպությունների միջև, ինչը իրական սեփականատերերին թաքցնելու միջոց է:
Ֆինանսական խոշոր բանկերից բացի ՎԶԵԲ-ից Ամուլսարի ծրագրում մասնակցություն ուներ Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), սակայն հրաժարվեց ծրագրի ֆինանսավորումից:
Որպես այս ընկերության հետ կապ ունեցող՝ հանրության շրջանում շրջանառվել են տարբեր ազդեցիկ անձանց անուններ, ովքեր այս կամ այլ կերպ մասնակցություն են ունեցել Ամուլսարի ծրագրի շուրջ ծավալվող իրադարձություններին: Նրանցից մեկը ներկայում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպանը, ով եղել է ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Ամուլսարի ծրագրի զարգացման համար 24 միլիոն դոլլարի վարկ է տրամադրել «Ամերիա» բանկը:
Նշենք, որ «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ»-ը 2020 թ-ի փետրվարի 5-ին ապացուցակվեց Տորոնտոյի ֆոնդային բորսայից ցուցակագրման հետագա պահանջների չկատարման պատճառով: Տորոնտոյի ֆոնդային բորսան կասեցրել էր «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի սովորական բաժնետոմսերի առուվաճառքը 2019 թ-ի դեկտեմբերի 23-ին:
2018 թ-ի ամռանից Ամուլսար տանող բոլոր ճանապարհները փակ են տեղի բնակիչների և բնապահպանների կողմից, Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքների շինարարությունը՝ դադարեցված: Ոսկու հանքավայրի շահագործմանը դեմ քաղաքացիները պահանջում են ՀՀ կառավարությունից արգելել «Լիդիան Արմենիա» ընկերությանը իրագործել ծրագիրը: Իր հերթին «Լիդիան»-ը հայտարարել է, որ շարունակելու է աշխատել երեք հնարավոր լուծումների ուղղությամբ՝ վաճառք, ծրագրի վերաֆինանսավորում, և/կամ արբիտրաժային գործընթաց:
Մայիս 11, 2020 at 16:16