Արծվանիկի պոչամբարի ռեսուրսները սահմանափակ են

Արծվանիկի պոչամբարի ռեսուրսները սահմանափակ են

ԷկոԼուր

Սյունիքի մարզում մետաղական հանքերի 11 պոչամբար կա, որոնցից 7-ը գործող է, 3-ը` փակված, 1-ը`չգործող, բայց և չփակված: Այս ցանկում է Հայաստանի ամենամեծ` Արծվանիկի պոչամբարը, որը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Համաձայն գիտական տվյալների`(«Հայաստանի Հանրապետության հարստապոչերի հետ կապված առաջնահերթ խնդիրները» գիտական աշխատություն , հեղինակներ` Ռ.Ս Մովսեյանը, Հ.Ի. Մովսիսյան, Երևանի պետական համալսարանի գիտական տեղեկագիր, Երևան, 2014), պոչամբարի փաստացի ծավալը կազմում է 270 միլիոն խմ, իսկ 300 միլիոնը` նախագծային ծավալն է:

Խնդիրը նրանում է, թե որքանով կբավականացնի Արծվանիկի պոչամբարի ռեսուրսը տարեկան 22 միլիոն տոննա հանքաքարի ընդլայնված արտադրության համար, որն իրականացնում է Զանգեզուրի կոմբինատը:

Հիշեցնենք, որ նման մասշտաբի դեպքում Արծվանիկի պոչամբար տարեկան պետք է լցվի 21 միլիոն 809.2 հազար տոննա պոչ: Եթե հաշվի առնենք, որ պոչամբարն արդեն լցված է 212 միլիոն տոննայով, ապա նրա ռեսուրսը կբավականացնի ընդամենը մի քանի տարի: Կոմբինատը պնդում է, որ ռեսուրսը կբավականացնի 25 տարի, քանի որ հաշվարկված ծավալը կազմում է 325 միլիոն խմ:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ բնապահպանության նախարարության պատվիրակության` այդ թվում լրագրողների և էկոլոգների Սյունիքի մարզ այցելության ժամանակ մարզպետ Վահե Հակոբյանը հայտնեց հետևյալ կարծիքը պոչամբարի ռեսուրսի վերաբերյալ. «Արծվանիկի պոչամբարի հագեցվածությունը մինչև 70 տոկոս է: Այնտեղ մշտապես աշխատանքները տարվում են, և այդ պոչամբարը մոտ 20-25 տարվա ռեսուրս դեռ ունի։ Վաղուց 2պոչամբար ռեկուլտիվացվել է, և մենք անընդհատ քայլեր ենք ձեռնարկում։ Ռեկուլտիվացված պաչամբարների մասով այսօր մենք վարում ենք բանակցություններ ևքննարկում ենք դրանց վերամշակումը` այսինքն, կուտակված մետաղների վերամշակումը։ Դա չափազանց մեծ և ծախսատար ծրագիր է։ Դրա մասին մենք մեր եվրոպացի գործընկերների հետ հիմա խոսում ենք»։

Եթե Արծվանիկի պոչամբարը լցվի նախատեսված տեմպերով, ապա ամբողջ շրջանը կբախվի լուրջ խնդրի հետ: 2015թ-ին կառավարության որոշում ընդունվեց 491.8093հեկտար հող Արծվանիկ, Աճանան, Սյունիք, Չապնի, և Սևքար համայնքներից օտարելու մասին: Չնայած ընկերության հավաստիացումներին, որ պոչամբարի սահմանները չեն հասնի կառավարության կողմից օտարված տարածքներին, հայտնի է, որ պոչամբարի 1 հեկարը կարող է աղտոտել 10 անգամ ավելի տարածք:

Բացի Արծվանիկի պոչամբարից Զանգեզուրի կոմբինատի հաշվեկշռում են ավելի փոքր ծավալներ ունեցող Ողջիի, Փխրուտի և Դարազամի պոչամբարները:
4.6 միլիոն խմ փաստացի ծավալով Գեղանուշի պոչամբարը պատկանում է Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատին:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը կիրճերում օգտագործում է միանգամից 3 պոչամբար` 1, 2, 3 համարներով, 47.2 միլիոն տոննա ընդհանուր ծավալով:

Առկա է եվս մեկ պոչամբար անհասկանալի կարգավիճակով` ոչ գործում է, ոչ փակված է: Դա Դաստակերտի պոչամբարն է: Նրա փաստացի ծավալը 1.5 միլիոն խմ է:
Մեր կարծիքով նման կարգավիճակը նշանակում է , որ մինչ օրս ոչ ոք պատասխանատվություն չի կրում Դաստակերտի պոչամբարի անվտանգության համար:

Մարտ 26, 2018 at 19:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր