Մեղրաձորում ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագիծը հետ չի կանչվել

Մեղրաձորում ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագիծը հետ չի կանչվել

ԷկոԼուր

Գլխավոր հարցը` արդյոք ուժի մեջ է Մեղրաձոր գյուղում ցիանային ֆաբրիկայի կառուցման նախագիծը, թե հետ է կանչվել, ունի պատասխան, նախագիծը հետ չի կանչվել: Ապրիլի 6-ին, երբ ԷկոԼուրի աշխատանքային խումբն այցելեց Մեղրաձոր գյուղ, գյուղապետ Կառլեն Հովհաննիսյանը հայտարարեց, որ հարցը լուծված է, եւ «Մեղրաձոր Գոլդ» ընկերության սեփականատեր Վարդան Մարգարյանը հրաժարվել է ցիանային արտադրությունից: Նա նաեւ հայտարարեց, որ թույլ չի տա, որ գյուղի բնակիչներին վնաս հասցվի: Գյուղ կատարած այցի ժամանակ գյուղացիների եւ «Մեղրաձոր Գոլդ» ընկերության աշխատակիցների միջեւ առկա տարաձայնությունները վերաճեցին սուր լարվածության: Գյուղապետը ԷկոԼուրին մեղադրեց լարվածության առաջացման մեջ: Սակայն ԷկոԼուրի կողմից ներկայացվող տեսանյութից երեւում է, որ իրավիճակը սրվել է դեռ առաջին հասարակական լսումների ժամանակ, որը 2012թ. դեկտեմբերի 5-ին կազմակերպել էին «Մեղրաձոր Գոլդ» ընկերությունը եւ Մեղրաձորի գյուղապետարանը:

Սույն թվականի ապրիլի 10-ին մենք այցելեցինք ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ եւ խնդրեցինք ցիանային ֆաբրիկայի հասարակական լսումների արձանագրությունը, որի մասնակիցը եղել է նաեւ ԷկոԼուրը: Հիշեցնենք, որ լսումների փաստաթղթերը տրամադրելու մասին խնդրանք նախարարություն ուղարկվել է դեռ 2013թ. մարտի 28-ին: Սակայն արձանագրությունը մեզ չտվեցին` ասելով, որ մեր խնդրանքը պետք է պաշտոնապես ստորագրված լինի: Նշենք, որ հասարակական լսումների արձանագրությունը բաց փաստաթուղթ է: Դրա տրամադրման համար հատուկ թույլտվություն չի պահանջվում: Եւ մերժումը կամ տրամադրման հարցում ձգձգումները հակասում են Օրհուսի կոնվենցիային ինչպես առաջին մասով, որտեղ նշված է շրջակա միջավայրի հարցերի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության մասին, այնպես էլ երկրորդ մասով, որտեղ նշված է շրջակա միջավայրի հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության մասին: Առաջին անգամ չէ, որ Բնապահպանության նախարարությունը խոչընդոտներ է ստեղծում հասարակայնության լիարժեք մասնակցության համար` դրանով խախտելով ինչպես շահագրգիռ հասարակայնության իրավունքները, այնպես էլ միջազգային փաստաթղթերի դրույթները, որոնց նկատմամբ ունի պարտավորություններ եւ պատասխանատվություն:



15:09 Ապրիլ 10, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news