Ինչ-որ մեկն ուզում է վաճառե՞լ Թեժ Սարի հանքավայրի նախագիծը

Ինչ-որ մեկն ուզում է վաճառե՞լ Թեժ Սարի հանքավայրի նախագիծը

ԷկոԼուր

Թեժ Սարի նեֆելինային սիենիտների հանքավայրի շահագործման նախագիծն ուղարկվել է լրամշակման: Այս մասին հայտնեց Բնապահպանության նախարարության www.mnp.am պաշտոնական կայքը: «Ալյումինա Քորփորեյշն» ընկերությունը 2011թ. մայիսից սկսած համառում է ստանալ բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն: Հասարակայնությունը բողոքում է անչափ վտանգավոր նախագծի դեմ, իսկ Բնապահպանության նախարարությունն արդեն որերորդ անգամ նախագիծը մերժելու փոխարեն այն ոչ լիարժեք է ճանաչում:

Այն մասին թե ինչ է կատարվում, իր կարծիքն է հայտնում «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մովսես Մանուկյանը:

«Ամեն մի լսում  «Առողջ Հրազդան» խումբը տեսագրում եւ արձանագրում է, որովհետեւ արձանագրություն կազմող էլ չկա: Արձանագրություն հիմա չեն կազմում, լսումները ոնց որ պտիչկայի համար են: Մենք նախարարությանը տեղեկացրել ենք, որ նախորդ լսումները չի կայացել կազմակերպչական թերի լինելու պատճառով, առաջարկել ենք լսումները չեղյալ համարել եւ մեր ձեւակերպված առաջարկություններն ուղարկել ենք նախարարությանը: Նախարարությունից պատասխան ենք ստացել, որը ուղարկած եզրակացությունների կամ առաջարկությունների նկատմամբ բացարձակ առնչություն չունի: Մի նախադասություն կա, որ գրվում է. «Ձեր կարծիքները հաշվի կառնվեն փորձաքննության շրջանում»: … Ես ուղղակի անհատական զրույցներով նախագծողներից պարզեցի, որ իրենք վերցրել են 70 թվականների խորհրդային շրջանի այդ ուսումնասիրությունները, որեւիցե նոր բան չեն արել, ընդամենը ավելացրել են, որ իրենք տեղում ուզում են ունենան ալյումինի հարստացուցիչ գործարան: Այսինքն` մի քայլ առաջ են գնացել ավիրման ճանապարհով: Չգիտենք, թե ով է այդ հանքի տերը. գալիս է ընդամենը համեստ, գոյություն չունեցող կազմակերպության տնօրենը, որ շատ խելոք գալիս է, նստում է այնտեղ: Առաջին այսպես ասած հասարակական լսումներին եկել էր իր վարորդը: Ես որ նախագծողների հետ մի քիչ զրուցեցի, իրենք էլ վստահաբար չգիտեին, թե ով է հանքի տերը, ինչ են ուզում իրենք, վճարել են, նախագծել են: Այստեղ շատ մեծ ներդրումներ են: Հայաստանից որեւէ մեկը չի կարող այդպիսի ներդրումներ անել եւ այդտեղ հանք շահագործել: Ընդամենը իրենք ուզում են այդ փաթեթը սարքեն, թույատրություններն ունենան, վաճառեն, հանեն աճուրդի»:

Հիշեցնենք, որ Թեժ Սարի հանքավայրի շահագործման աշխատանքները սկսել են դեռ խորհրդային տարիներին:  Ծախսվել է 120 միլիոն ռուբլի (մոտ 170 միլիոն նավթադոլլար): Սակայն ընդունեցին, որ արդյունքում հանգստի յուրահատուկ գոտու (Մեղրաձոր-Հանքավան) բնությունը 20-30 կմ շառավղով կոչնչացվի, եւ նախագիծը կանգնեցվեց:



Հունվար 29, 2013 at 17:53


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր