Բողոքի ակցիա Ալավերդիում, պղնձաձուլարանի նոր ղեկավարությունը խոստացել է մինչև տարեվերջ վճարել աշխատավարձերը

Բողոքի ակցիա Ալավերդիում, պղնձաձուլարանի նոր ղեկավարությունը խոստացել է մինչև տարեվերջ վճարել աշխատավարձերը

էկոԼուր

Դեկտեմբերի 10-ին Ալավերդիի պղնձաձուլական գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել Ալավերդիում՝ պահանջելով վճարել իրենց հասանելիք աշխատավարձերը:

«Վալլեքս» խմբի «Էյ Սի Փի» ընկերության կողմից շահագործված Ալավերդու պղնձաձուլարանը, որը մեկ տարուց ավելի է՝ չի աշխատում, գրավի դիմաց անցել է ՎՏԲ բանկին: Մամուլի հրապարակումների համաձայն՝ բանկն այն նվիրել է «Թե­ղուտ» ՓԲԸ-ի կա­ռա­վա­րու­մը ստանձ­նած գոր­ծա­րար Նո­րիկ Պետ­րո­սյա­նի փե­սա­յին:

Արդեն երեք ամիս է՝ գործարանի թվով 165 աշխատակից չի ստացել սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների աշխատավարձերը: Ընկերության կողմից առաջարկ է եղել հանդիպել բողոքի ակցիա իրականացնող խմբից ընտրված հինգ աշխատակցի հետ, սակայն առաջարկը մերժվել է: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց Ալավերդիի ավագանու անդամ, գործարանի աշխատակից Արտուշ Աբելյանը:

«Ոչ ոք չի ուզում գնալ: Ասում են՝ թող իրենք գան, եթե ասելու բան ունեն, ընդհանուրի մեջ ասեն, բոլորս էլ իմանանք»,- ասաց Արտուշ Աբելյանը: 

Արտուշ Աբելյանի խոսքով, ընկերությունից խոստացել են մինչև տարեվերջ վճարել աշխատավարձը: «Հնարավոր է աշխատավարձ ստանանք: էլի են եղել խոստումներ: Ասում են, որ մինչև դեկտեմբերի ավարտ կտան: Չգիտենք՝ երեք ամսվա մասին է խոսքը, թե՝ մեկ: Ընկերության հետ աշխատակիցների պայմանագրերը երկարաձգվել են մինչև հունվարի 10-ը: Հունվարի 10-ից հետո անհայտ է՝ էլի կերկարաձգվի, թե՝ կլուծարվի: Պարզ չի ոչինչ»,- ասաց նա:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում չինական «CITIC Construction» ընկերության հետ Ալավերդիում բնապահպանական բարձր չափանիշներով նոր պղնձաձուլարանի կառուցման վերաբերյալ։

Լուսանկարը՝ Արտուշ Աբելյանի ֆեյսբուքյան էջից

11:09 Դեկտեմբեր 12, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news