Զանգեզուրի պղնձամոլիբդենային. Մաքսիմ Հակոբյանի ու նրա որդու փոխարեն նոր բաժնետերեր Ժնևից և Աջափնյակից

Զանգեզուրի պղնձամոլիբդենային. Մաքսիմ Հակոբյանի ու նրա որդու փոխարեն նոր բաժնետերեր Ժնևից և Աջափնյակից

civilnet.am, Մկրտիչ Կարապետյան

Հայաստանում ամենախոշոր ձեռնարկության՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետերերը ընկերության մասնավորեցումից հետո փոփոխվել են։ ԶՊՄԿ-ում խոշոր մասնակցություն ունեցող բաժնետեր Մաքսիմ Հակոբյանի ընտանիքը 2017-ին ամբողջությամբ վաճառեց իր բաժնեմասերը մի ընկերության, որի սեփականատերերը կապվում են Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի շրջապատի հետ։ Հեղափոխությունից հետո Կոմբինատում դարձյալ բաժնետեր է փոխվել։

Պղնձամոլիբդենայինի մասնավորեցումը. Cronimet vs Comsup

2004-ին Հայաստանի կառավարությունը մասնավորեցրեց պետական խոշոր ձեռնարկություններից մեկը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Այդ որոշմամբ՝ Հայաստանի արդյունաբերական հսկայի բաժնետոմսերի 60 տոկոսն օտարվեց գերմանական «Քրոնիմետ» (Cronimet) ընկերությանը, 15 տոկոսը՝ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ին, 12,5-ական տոկոս բաժնեմասեր էլ օտարվեցին «Զանգեզուր մայնինգ» ՍՊ և «Արմենիան մոլիբդենիում փրոդաքշն» ՍՊ  ընկերություններին։ Այս ընթացքում Կոմբինատում տեղի են ունեցել բաժնետերերի խոշոր փոփոխություններ։

Մինչ կոմբինատի մասնավորեցումը՝ 2004-ի մարտի 11-ին կառավարությունը ստեղծել էր միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է նախապատրաստեր մասնավորեցման գործընթացը, հետագայում ներդրումային մրցույթ կազմակերպեր և այլն։

Պետական գույքի կառավարման կոմիտեից ՍիվիլՆեթին պատասխանել են, որ ԶՊՄԿ-ն ընդգրկված է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ․ ծրագրի մասին» ՀՀ օրենքում ընդգրկված մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկում։ Միևնույն ժամանակ՝ Կոմիտեից հայտնել են, որ «ներդրումային մրցույթին ներկայացված հայտերի վերաբերյալ փաստաթղթերը Պետգույքի կառավարման վարչության սկավառակում առկա չեն»։

ԶՊՄԿ-ի բաժնեմասերը ձեռք բերելու համար ներկայացվել է երկու հայտ՝ գերմանական «Քրոնիմետ» և ամերիկյան «Քոմսափ» (Comsup) ընկերությունների կողմից։ Գերմանական ընկերությունն առաջարկել է 132 միլիոն դոլար՝ բաժնետոմսերը գնելու համար ու պատրաստ է եղել գնել բաժնետոմսերի 50-100 տոկոսը։ Ամերիկյան «Քոմսափն» առաջարկել է 130 միլիոն դոլար ու, ըստ Պետգույքի կառավարման կոմիտեի, ներդրումային ծրագրից պարզ է, որ հիմնական ուշադրությունը կենտրոնացված է եղել հանքաքարի վերամշակման վրա։ Հետագայում բանակցություններ են սկսվել երկու ընկերությունների հետ, և կառավարությունը հավանություն է տվել «Քրոնիմետի» ներդրումային ծրագրին։

Ովքեր են ԶՊՄԿ բաժնետերերը

ԶՊՄԿ-ի ամենախոշոր բաժնետերը՝ «Քրոնիմետը», մասնավորեցումից հետո աստիճանաբար մեծացրել է իր բաժնեմասը՝ 60 տոկոսից հասցնելով 75 տոկոսի։ Սա կատարվել է գերմանացիների կողմից ԶՊՄԿ-ի մեկ այլ բաժնետիրոջ՝ «Մաքուր երկաթի գործարանի» բաժնեմասերը ձեռք բերելուց հետո։ «Մաքուր երկաթի գործարան» ընկերության 2014-ի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ ընկերության տնօրեն և խոշոր մասնակից  Գենիկ Կարապետյանը և նրա որդին՝ Դավիթ Կարապետյանը, սեփականության իրավունքով իրենց պատկանող բաժնեմասերը վաճառել են գերմանական «Քրոնիմետ հոլդինգ» ՍՊԸ-ին, որը «Քրոնիմետ» խմբի մեջ մտնող ընկերություն է։ Գործարքը կայացել է 2014-ի մայիսին։

Գենիկ Կարապետյանի բաժնեմասը ընկերությունում 38,2 տոկոս էր։ 2014-ի վերջին «Մաքուր երկաթի գործարանի» երկու նշանակալից բաժնետերերը «Քրոնիմետի» հետ  փոխկապակցված գերմանական երկու ընկերություններ էին՝ «Քրոնիմետ երկաթաձուլվածքների առևտրային ընկերությունը»՝ 50,979 տոկոս բաժնեմասով և «Քրոնիմետ հոլդինգ» ՍՊԸ-ն՝ 44 տոկոս բաժնեմասով։ «Մաքուր երկաթի գործարանի» գործադիր տնօրենը Կարեն Հակոբյանն է՝ Սյունիքի նախկին մարզպետ, ԶՊՄԿ-ի տնօրենների խորհրդի անդամ  Վահե Հակոբյանի եղբայրը։

Արդեն 2015-ի սկզբին «Մաքուր երկաթի գործարանի» տնօրենների խորհուրդը հավանություն է տվել, որ «Քրոնիմետ հոլդինգ» ՍՊԸ-ն ձեռք բերի նաև ընկերության փոքր բաժնետերերի բաժնետոմսերը։ ԶՊՄԿ-ում «Քրոնիմետ մայնինգ» ընկերության բաժնեմասերին հետագայում գումարվել են «Մաքուր երկաթի գործարանում» «Քրոնիմետ հոլդինգի» ձեռք բերած բաժնեմասերը և կազմել 75 տոկոս։

«Քրոնիմետ». գերմանական ներդրողը՝ Զանգեզուրում

«Քրոնիմետը» ընկերությունների խումբ է, որը զբաղվում է հանքարդյունաբերոթյամբ, թափոնների կառավարմամբ, մոլիբդենի, պողպատի առևտրով։ Ընկերությունը ստեղծվել է 1980-ին՝ Գերմանիայի Կարլսրուհե քաղաքում։ Ներկայում «Քրոնիմետը» աշխարհի 70 կետերում զբաղվում է մետաղների արդյունահանմամբ։ «Քրոնիմետի» մայր ընկերությունը Cronimet Mining GMBH-ն է, որի վերջնական բաժնետերերը հանքարդյունաբերության ոլորտի գործարար Պիլարսկիների ընտանիքն է։

Գյունտեր Պիլարսկին հիմնել է ընկերությունը, իսկ նրա ընտանիքի անդամները՝ Յուրգեն, Յոակիմ և Էլկե Պիլարսկիները «Քրոնիմետի» բաժնետերերն են։ Գյունտեր Պիլարսկին նաև գերմանական «Կարլսրուհե» ֆուտբոլային ակումբի փոխնախագահն է, նաև՝ Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոսը։

Մաքսիմ Հակոբյանի բաժնեմասը՝ դեպի Կիպրոս և Շվեյցարիայի քաղաքացի

ԶՊՄԿ-ում 12,5 տոկոս բաժնեմաս ունի «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն։ Այս ընկերությունում ևս 2017-ին տեղի են ունեցել փոփոխություններ։ 2004-ից «Զանգեզուր մայնինգի» բաժնետերերն էին Մաքսիմ Հակոբյանը, նրա եղբայրն ու Հակոբյանի հետ փոխկապակցված անձինք։ Մաքսիմ Հակոբյանի բաժնեմասը «Զանգեզուր մայնինգում» 50 տոկոս էր, նրա եղբորինը՝ Մեժլում Հակոբյանինը` 10 տոկոս, 10-ական տոկոս բաժնեմասեր ունեին նաև Ալիկ Դավթյանը, Աշոտ Մարգարյանը, Արծրունի Ավետիսյանը, Արիստակես Ներսիսյանը։ 2017-ի դեկտեմբերին այս բոլոր անձանց բաժնեմասերն անցել են «Մուն մեթալս» ՓԲԸ-ին: Մաքսիմ Հակոբյանը եղել է ԶՊՄԿ-ի գործադիր տնօրենը,  2017-ին, սակայն, հեռացել այդ պաշտոնից։ Մամուլում եղան հրապարակումներ, որ Կոմբինատի բաժնետերերը դժգոհ են Հակոբյանից, խոսվում էր նաև անարդյունավետ կառավարման և չարաշահումների մասին։ Մաքսիմ Հակոբյանին այդ պաշտոնում փոխարինեց Նիլ Սթիվենսոնը։ Ընկերության տնօրենը Ռոբերտ Մարգարյանն է, որը, բացի «Մուն մեթալսից», տնօրեն է դարձել նաև «Զանգեզուր մայնինգում»։

«Մուն մեթալս» ՓԲԸ-ի իրավաբանական հասցեն Երևանի Արշակունյաց 5-ն է։ Գնացինք այս հասցեով, շենքում տեղակայված գրասենյակներից ոչ մեկը «Մուն մեթալսինը» չէր։ Պետեկամուտների կոմիտեի հարկ վճարողների համակարգում այս ընկերության գործունեությունը նշված է «այլ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում» տեսակով։ 

ԶՊՄԿ-ի 12,5 տոկոս բաժնեմասի սեփականատեր «Մուն մեթալսը» 2017-2019 թթ․ ունեցել ընդամենը 1-3 աշխատակից։ Ընկերության կանոնադրական կապիտալը ավելի քան 12,3 միլիարդ դրամ է։

Այնուհանդերձ, մեր ձեռք բերած փաստաթղթի համաձայն, «Մուն մեթալսի» բաժնետերեր են եղել երկու անձինք՝ Արմեն Անտիկյանն ու Սուրեն Ածիկյանը։ Արմեն Անտիկյանը Հովիկ Աբրահամյանի մշակութային հարցերով նախկին խորհրդական, Վենետիկի ժամանակակից արվեստի 54-րդ բիենալեի հայկական տաղավարի համակարգող Արմինե Անտիկյանի եղբայրն է։ Մեզ հաջողվեց պարզել, որ Անտիկյանն աշխատում է «Երևան մոլում» որպես փոխտնօրեն, Սերժ Սարգսյանի փեսա, Սուրբ Աթոռում  ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի շրջապատից է։ Անտիկյանը նաև Լեոնիդ Արևշատյանի ազգականներից է. Արևշատյանը Միքայել Մինասյանի բիզնեսների կառավարիչն ու«Ձորագ:ետ հիդրո» ընկերության բաժնետերերից մեկն է։ [Սեպտեմբերի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտարարել էր ռազմավարական մի շարք օբյեկտների մասնավորեցման և դրանցում Միքայել Մինասյանի սեփականատեր լինելու մասին՝ նշելով, որ այդ փաստերով նախաքննություն է ընթանում։ Ըստ մամուլի հրապարակումների՝  խոսքը «Ձորագետ հիդրո»-ի մասին է]:

2011-2016 թթ. Արևշատյանը եղել է Միքայել Մինասյանի անվան հետ կապվող «Ձորագետ հիդրո»-ի 11 տոկոսի բաժնետերը։ Փորձեցինք կապ հաստատել Արմեն Անտիկյանի հետ, այցելեցինք «Երևան մոլ», սակայն նա տեղում չէր։ Ավելի ուշ հեռախոսազրույցում «Երևան մոլից» խոստացան, որ նա կապ կհաստատի մեզ հետ, սակայն Անտիկյանի հետ զրուցել այդպես էլ չհաջողվեց։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) 2018-ի հուլիսի 20-ին որոշեց համակենտրոնացնել «Մուն մեթալսն» ու Կիպրոսում գրանցված «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդ» (Walnort Finance Limited) ընկերությունները։ «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդը» ձեռք է բերել «Մուն մեթալսի» բաժնետոմսերը։ Ըստ ՏՄՊՊՀ որոշման՝ համակետրոնացման նպատակն է հանքարդյունաբերության ոլորտում ֆինանսավորման ակտիվացումը և տարբեր ֆինանսական գործիքների միջոցով ներդրումների իրականացումը։

Կիպրոսի ընկերությունների ռեգիստրից ՍիվիլՆեթը ձեռք է բերել այս ընկերության վերաբերյալ տեղեկություններ։ «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդը» ստեղծվել է 2013-ին։ Ընկերությունն իր պատմության ընթացքում ունեցել է երեք տնօրեն, վերջինը՝ Բեռնար Ռեյմոն Շառլ Ջոզեֆ Վանիերը ( Bernard  Raymond Charles Joseph Vannier) նշանակվել է 2018-ի հունիսին՝ ՏՄՊՊՀ-ի կողմից կատարած համակենտրոնացումից մեկ ամիս առաջ։

ԶՊՄԿ-ի բաժնետեր ընկերության միանձնյա մասնակիցը Շվեյցարիայի քաղաքացի, Ժան Ժակ Լուիս Փոլ Բաֆֆեն է (Jean Jacques Louis Paul Buffet)։ Մեծ է հավանականությունը, որ ԶՊՄԿ-ի 12,5 տոկոս բաժնեմասի ղեկավարն  այնուհանդերձ այս անձը չէ, այլ զուտ իրավաբանական ծառայություն մատուցող և ընկերություններ գրանցող անձ է (proxy person): Ժան Ժակ Բաֆեն տնօրեն, որոշ դեպքերում նաև բաժնետեր է օֆշորային մի շարք ընկերություններում։ Նույն իրավիճակն է ընկերության տնօրենի դեպքում։ Համացանցում որևէ տեղեկություն չկա Բաֆեի գործունեության մասին, բացի այն, որ փաստաթղթերով նա տարբեր ընկերությունների բաժնետեր կամ տնօրեն է։ ՍիվիլՆեթը փոստով հոկտեմբերի 15-ին մի քանի հարցից բաղկացած գրություն էր ուղարկել Ժան Ժակ Բաֆեին, սակայն մինչ այժմ պատասխան չկա։ Ժնևում ՍիվիլՆեթի գործընկերը եղել է այն հասցեում, որտեղ գրանցված է Ժան Ժակ Բաֆեն, նաև նկարահանում կատարել տարածքից։

Մեզ հաջողվեց պարզել ԶՊՄԿ բաժնետերերից «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդի» հետ կապված երկու ուշագրավ դրվագ։ Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում այն գրանցված է 77 Strovolos Center հասցեում։ Նույն հասցեում է գրանցված մեկ այլ ընկերություն՝ Triendotto Investments Limited-ը։ Այս ընկերությանն է պատկանում Ուկրաինայում քաղաքային տրանսպորտի էլեկտրոնային տոմսերի արտադրության բիզնես, որը անհաջողության է մատնվել։ Ըստ Կիպրոսի ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի՝ Triendotto Investments Limited-ը պատկանում է Կարեն և Արմեն Վանեցյաններին։ Նրանք Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորեղբոր որդիներն են։ Ուկրաինական մամուլն անցյալ տարի սկսեց գրել նաև, որ Կարեն և Արմեն Վանեցյանների տրանսպորտային այս բիզնեսը տապալվել է, և նրանք մեկնել են Շվեյցարիա՝ մշտական բնակության։

Սա միակ զուգադիպությունը չէ Վանեցյաններին պատկանող ընկերության ու ԶՊՄԿ-ի բաժնետերերից մեկի ընդհանրության հարցում։ Թե՛ «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդը», թե՛ Triendotto Investments Limited-ը ունեցել են նույն տնօրենները։ Trendotto Investments Limited-ն ունի երեք տնօրեն՝ Ժուլիո Պիրես Ֆրեյրե (Julio Pires Freire), Քրիստիանա Մագնիտի (ΧΡΙΣΤΙΑΝΑ ΜΑΓΝΗΤΗ), Կիրիակի Չատցիֆիլիպու (ΚΥΡΙΑΚΗ ΧΑΤΖΗΦΙΛΙΠΠΟΥ) անուններով։ Վերջին երկուսը տնօրեն են եղել նաև «Վոլնըրթ ֆայնենս լիմիթեդում»։

Վահե Հակոբյանը օտարում է իր բաժնեմասը կոմբինատում

Կոմբինատի 12,5 տոկոսի բաժնետերը «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» ՍՊ ընկերությունն է։ 2003-ին հիմնված ընկերությունն ուներ երկու բաժնետեր`50 տոկոս բաժնեմասով՝ Կարեն Գուրգենի Կարապետյանը և Վահե Հակոբյանը՝ Մաքսիմ Հակոբյանի որդին։ Մաքսիմ և Վահե Հակոբյանները մասավորեցումից ի վեր կառավարչական և բաժնետիրական մասնակցություն ունեին Զանգեզուրի պնձամոլիբդենայինում. 2017-ից Հակոբյանները փայատեր չեն և որևէ մասնակցություն չունեն կոմբինատի կառավարման գործում։

«Արմենիան մոլիբդեն փրոդաքշնի» կանոնադրությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ 2017-ին ընկերությունը բաժնետերերի արտահերթ ժողով է գումարել և որոշել վերակազմակերպվել նոր ընկերության՝ «ԱՄՓ հոլդինգ» ՍՊԸ անունով։ Վերակազմակերպված ընկերությունը ներկայում համարվում է «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնի» իրավահաջորդ։

Եվ ահա «ԱՄՓ հոլդինգի» փաստաթղթերից երևում է, որ Կարեն Կարապետյանի և Վահե Հակոբյանի բաժնեմասերը 2017-ին անցել են «Սթար դասթ» ՓԲԸ-ին։ Ընկերության տնօրենը Ավետիք Հովիկյանն է, որը Սյունիքի նախկին մարզպետ, Վահե Հակոբյանին  պատկանող «Սուր և ասպար» ընկերության տնօրենն է (չշփոթել Մաքսիմ Հակոբյանի որդի Վահե Հակոբյանի հետ)։ «Սթար դասթի» իրավաբանական հասցեն նույնն է, ինչ Կոմբինատի բաժնետերերից «Մուն մեթալսինը»։ Մեր ձեռքի տակ եղած փաստաթղթի՝ «Սթար դասթ» ՓԲԸ-ի բաժնետերերը երկուսն են՝ տնօրեն Ավետիք Հովիկյանն ու Ջուլիետա Դարչինյանը։ Վերջինիս մասին համացանցում տեղեկություններ գրեթե չկան։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ Դարչինյանի ընտանիքին է պատկանում Երևանում գրանցված «Արաքս վարսավիրանոց» ՍՊԸ-ն։

Մեր տրամադրության տակ հայտնված տեղեկություններով՝ Դարչինյանը 2012-2014 թվականներին աշխատել է «Ջազզվե»-ում՝ որպես մենեջեր։ 2014-2016-ին Դարչինյանը գործավար է եղել «Դիսթրիմէքս»-ում։ 2005-2017  թվականներին ընկերության բաժնետերերից է եղել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ «Դիսթրիմէքս»-ը զբաղվել է Հայաստան ծխախոտների ներմուծմամբ։

Ըստ բաժնետերերի շղթայի՝ ԶՊՄԿ-ում բաժնեմաս ունեցող Դարչինյանը, փոխարենը, ակտիվ է Ֆեյսբուք սոցիալական ցանցում։ Նրա էջը հեղեղված է Միքայել Մինասյանի և Մինասյանի մասին դրական հրապարակումներով։ Վարսավիրանոցը և Ջուլիետա Վարդանյանը գրանցված են Աջափնյակ վարչական շրջանում։ Հոկտեմբերի 29-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցով Պղնձամոլիբդենայինում իր մասնակցության վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք Դարչինյանին։ Դրանք մնացին անպատասխան։ Ինչպես ներքևում կտեսնենք, սա միակ դեպքը չէ, երբ ԶՊՄԿ-ում խաչվում են գործարար անցյալ չունեցող ու հանրությանն անհայտ անձինք։

«Ջազզվեի» փոխտնօրենը՝ ֆեռոմոլիբդեն արտահանող

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակում կազմված 2016-2017 թթ․ ազգային զեկույցից պարզ է դառնում, որ այդ տարիներին  ներքին շուկայում ԶՊՄԿ-ն ֆեռոմոլիբդեն և պղնձի հանքաքար է վաճառել մետաղական արդյունահանմամբ զբաղվող տարբեր ընկերությունների։ Օրինակ՝ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատին 2016-ին վաճառել է 98 միլիոն դրամի պղնձի հանքաքար և խտանյութ, իսկ 2017-ին՝ 3,3 միլիարդ դրամի։

2016-ին ԶՊՄԿ-ն «Ջի Առ Ի Փի Սի Օ» ՓԲԸ-ին վաճառել է 1140 տոննա ֆեռոմոլիբդեն։ Կոմբինատն արտադրանքն իրացրել է 5,2  միլիարդ դրամով։ Հաջորդ տարի ֆեռոմոլիբդենի վաճառքը «Ջի Առ Ի Փի Սի Օ»-ին կտրուկ մեծացել է՝ ԶՊՄԿ-ն այս ընկերությանն է վաճառել 6520 տոննա ֆեռոմոլիբդեն՝ ավելի քան 40 միլիարդ դրամով։ Ընկերությունը հիմնվել է 2012-ին Երևանում և կապվում է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի շրջապատի հետ, այն հիմնադրել է Սիլվա Ղամբարյանը, որը «Ջազզվե» սրճարանների ցանցի փոխտնօրենն է։

«Ջազզվեի» հիմնադիրը Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն է, որը 2003-2011 թթ․ եղել է «Ջազզվե» ՍՊԸ-ի միանձնյա բաժնետերը, իսկ 2011-ից իր բաժնեմասը փոխանցել է Վիրջինյան կղզիներում գրանցված «Ջազզվե հոլդինգ» ՍՊԸ-ին։

Ղամբարյանը ղեկավարել է «Ջի Առ Ի Փի Սի Օ»-ն 2012-2016 թթ․, որից հետո ընկերության տնօրեն է դարձել Դավիթ Ղալթախչյանը, որը «Քրոնիմետի» հայաստանյան ներկայացուցչության ղեկավարներից է։ 2018-ից հունիսի 25-ին «Ջի Առ ԻՓ ի  Սի Օ»-ի տնօրեն է դարձել Ռոզա Ստեփանյանը։

Ռոզա Ստեփանյանն ընդգրկված է տարբեր բիզնեսներում։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի համաձայն՝ Ստեփանյանը 2017-2018 թթ․ եղել է հայկական գյուղմթերքի խոշորագույն արտահանող ընկերության՝ «Սպայկա»-ի 49 տոկոսի բաժնետերը։

Միքայել Մինասյանի եղբոր՝ Գրիգոր Մինասյանին պատկանող «Էյ էմ» իրավաբանական ընկերությունում, Պետռեգիստրի տվյալներով, Ռոզա Ստեփանյանը տնօրեն է [ԼՐԱՑՈՒՄ - «Էյ Էմ» ընկերության ճշգրտումը]։ 2017-2018 թթ․ նա տնօրեն է եղել նաև «Կովկասֆուդ» ընկերությունում։ Այս ընկերությունը Կոտայքի մարզի Ալափարս համայնքում 30 հեկտար տարածքի վրա խնձորենի և ընկուզենու մշակմամբ է զբաղվում։ Հետագայում «Կովկասֆուդի» բաժնետեր է դարձել «Սպայկան»։

2011-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Ստեփանյանին ներկայացրեց ՀՀ նախագահին՝ որպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածու։ Ավելի ուշ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ռոզա Ստեփանյանի վրա թեկնածությունը կանգ է առել, քանի որ վերջինս Անդրեասյանի հետ աշխատել էր միևնույն իրավաբանական ընկերությունում՝ «Դիֆենս»-ում։ Հրապարակումներից հետո նա ինքնաբացարկ հայտնեց։

ՏՄՊՊՀ-ի 2017-ի մարտի 24-ի 60-Ա որոշմամբ՝ «Ջի Առ Ի Փի Սի Օ»-ն համակենտրոնացել է Դուբայի ազատ տնտեսական գոտում գրանցված «Արեգ գրուպ Դիէմսիսի» ընկերության հետ, որը, ըստ ՏՄՊՊՀ-ի, ձեռք է բերել «Ջի Առ Ի Փի Սի Օ»-ի բաժնետոմսերի 50 տոկոսը։ Թե ովքեր են Դուբայում գրանցված ընկերության բաժնետերերը, հնարավոր չեղավ պարզել։ Պետռեգիստրից հայտնի դարձավ, որ մյուս 50 տոկոսը պատկանում է Սիլվա Ղամբարյանին։

ՍիվիլՆեթի տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթ, որից երևում է, թե դեպի ուր և ինչ գործընկերների է մետաղական հանքանյութ արտահանել «Ջի Առ Ի Փի Սի Օ» ընկերությունը։ Արտահանումները կազմակերպվել են երկու ուղղությամբ՝ դեպի Նիդեռլանդներ և Գերմանիա։ «Ջի Առ Ի Փի Սի Օ»-ն արտադրանքը վաճառել է, օրինակ, RC Inspection ընկերությանը, որը ստեղծվել է 2006-ին՝ Ռոտերդամում, ու զբաղվում է մետաղական հանքանյութերի առևտրով, նաև իրականացնում է տարբեր ծառայությունների մատուցում՝ մետաղական նմուշառման և այլ ոլորտներում։ Եվրոպայում գործող խոշոր այս ընկերությունը 2018-ից գործունեություն է ծավալում նաև Հայաստանում։

Մյուս ընկերությունը, որին մատակարարվել է ֆեռոմոլիբդեն, Euro-Rijn international BV ընկերությունն է։ 1979-ին Ռոտերդամում ստեղծված ընկերությունը զբաղվում է լոգիստիկ ծառայությունների մատուցմամբ, ինչպես նաև մետաղական ապրանքների տրանսպորտային տեղափոխմամբ, բեռնափոխադրումներով և մաքսային ձևակերպումներով։

Վահե Հակոբյանի «Քրոնիմետ մետալ թրեյդինգ սի այ էս»-ը

Հայաստանում 2012-ին հիմնվել է «Քրոնիմետ մետալ թրեյդինգ սի այ էս» ՓԲԸ-ն, որի բաժնետերը, սակայն, գերմանական «Քրոնիմետը» չէ։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝  ընկերության բաժնեմասերի 80 տոկոսը պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին, 10-ական տոկոս էլ ունեն Մհեր Պոլոսկովն ու Նարեկ Ամբարյանը։ Պոլոսկովը ներկայում ԶՊՄԿ-ի տնօրենն է, իսկ Ամբարյանը՝ նրա տեղակալը։

Նարեկ Ամբարյանը երկար տարիներ պաշտոններ է զբաղեցրել դատախազական համակարգում, եղել է հատուկ կարևոր գործերով քննիչ, սակայն 2012-ից լքել է պետական համակարգը։ Նարեկ Ամբարյանի եղբայրը՝ զինվորական դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանն է։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ ընկերությունը գործունեություն է ծավալում տեխնիկական փորձարկումների և վերլուծությունների բնագավառում և ԶՊՄԿ-ին ծառայություն մատուցող ընկերություններից մեկն է։

«Արմենիան մայնինգ քոնթրաքթոր»

Այս ընկերությունը հանքարդյունաբերության խոշոր հարկատուներից է ու, ըստ ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգի, զբաղվում է փոխադրման ծառայություններով, գրանցված է Քաջարանում, Գետափնյա 44 հասցեում։ Ենթադրաբար՝ «Արմենիան մայնինգ քոնթրաքթորը» ևս Կոմբինատին ծառայություն մատուցող ընկերություն է։ Բաժնետերը Դուբայում գրանցված «Արեգ գրուպ Դիէմսիսի» ՍՊԸ-ն է, իսկ գլխավոր տնօրենը 2016-ից Օնիկ Ավանեսյանն է, որը եղել է արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Երիցյանի խորհրդականը։

Անպատասխան հարցեր պատասխանատուներին

Այս տարվա հունվարի 29-ին, հուլիսի 28-ին և հոկտեմբերի 21-ին ՍիվիլՆեթը հարցումներ էր ուղարկել ԶՊՄԿ՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել վերջին տարիների ընթացքում Կոմբինատի բաժնետերերի ու բաժնեմասերի փոփոխությունների մասին։ Մեր հարցումները մնացել են անպատասխան։ Ինչպես վերը նշեցինք, փոստով հարցեր էին ուղարկվել նաև Ժան Ժակ Լուիս Փոլ Բաֆեին։ Սա ևս անպատասխան է մնացել, նույնը՝ «Քրոնիմետի» դեպքում։

Միքայել Մինասյանին Ֆեյսբուքի միջոցով հարցրել էինք ԶՊՄԿ բաժնետեր «Մուն մեթալս» և ֆեռոմոլիբդեն արտահանող «Ջի Առ Ի Փի Սի Օ» ընկերություններում իր մասնակցության մասին։ Մինասյանը պատասխանել է, որ նշված ընկերությունների հետ որևէ առնչություն չունի և չի ունեցել։ Մինասյանը նշում է, որ Շենգավիթ վարչական շրջանում ժամանակին իր սեփականությունը հանդիսացած գրասենյակային տարածքում վարձակալական հիմունքներով բիզնես և խորհրդատվական բնույթի գործունեություն են ծավալել մի շարք ընկերություններ, որոնց գործունեության ինքը մանրամասներին չի տիրապետում։

2018-ի նոյեմբերի 20-ին Նիկոլ Փաշինյանը ընդունել?rel=0" frameborder="0" allowfullscreen> էր գերմանական «Քրոնիմետի» ներկայացուցիչներին՝ Գյունտեր Պիլարսկու գլխավորությամբ։ Դրանից առաջ էլ իր ասուլիսներից մեկում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Պղնձամոլիբդենայինի սեփականատերերի մասին հարցին՝ ասել էր, որ «կան տարբեր տեղեկություններ, օպերատիվ տվյալներ, այդ ամենը ճշտման պրոցեսի մեջ է, և կճշտվի ըստ անհրաժեշտության»։ ՍիվիլՆեթը կառավարությանը գրավոր հարցում էր ուղարկել՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք կառավարությանը հայտնի են դարձել կոմբինատի վերջնական բաժնետերերի մասին տվյալները, և արդյոք «Քրոնիմետի» հետ հանդիպմանը քննարկվել ու վարչապետին տեղեկացվել է բաժնեմասերի ու բաժնետերերի վերջին տարիների փոփոխությունների մասին։

Պատասխանելով հարցմանը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում ապրիլի 23-ին ԱԺ-ում ընդունվել է օրենսդրական փաթեթ, որը սահմանում է մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող կամ իրավունքի ձեռքբերման համար դիմում ներկայացրած կազմակերպության իրական սեփականատերերի գրանցման կարգավորումները։

Նախարարությունից պատասխանել են նաև, որ «օրենքները մշակվել են առկա միջազգային լավագույն փորձի հիման վրա», իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի մասին տեղեկատվության նախարարությունը չի տիրապետում։

Այսպիսով՝ հավաքված տվյալների համաձայն՝ ԶՊՄԿ-ի 75 տոկոս բաժնեմասը պատկանում է գերմանական «Քրոնիմետ» ընկերությունների խմբին։ Մաքսիմ Հակոբյանի կողմից նախկինում տնօրինած 12,5 տոկոսն անցել է Միքայել Մինասյանի շրջապատի ներկայացուցիչներին, ապա՝ կիպրոսյան ընկերությունների միջոցով (կիպրոսյան ընկերություններից մեկի հետ նույն հասցեում գրանցված էր Վանեցյանների ընկերությունը) շվեյցարացի Ժան ժակ Բաֆեին, որն ըստ էության իրավաբանական ծառայություններ մատուցող անձ է։ Մյուս 12,5 տոկոսը, որ տնօրինում էին Կարեն Կարապետյանն ու Վահե Հակոբյանը՝ Մաքսիմ Հակոբյանի որդին, մի քանի ընկերությունների միջոցով անցել է Ջուլիետտա Դարչինյանին։



11:56 Նոյեմբեր 04, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news