Պոչամբարների անվտանգության փորձաքննությունը կատարվում է միայն փաստաթղթային ուսումնասիրություններով

Պոչամբարների անվտանգության փորձաքննությունը կատարվում է միայն փաստաթղթային ուսումնասիրություններով

ԷկոԼուր

Արտադրական վտանգավոր օբյեկտներ համարվող Հայաստանի պոչամբարները տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցել են միայն փաստաթղթերի ուսումնասիրությամբ և ստացել են դրական եզրակացություն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ԷկոLուրի հարցմանն ի պատասխան տրամադրվել է 8 պոչամբարի տեխնիկական անվտանգության փորձաքննական եզրակցություն: Ըստ այդմ, 2019թ-ին դրական եզրակացություն են ստացել «Թեղուտ» ՓԲԸ-ի «Թեղուտ» և «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊԸ-ի «Արարատի» պոչամբարները, 2018թ-ին «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի «Արծվանիկ» և «Դարա-Զամի», «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ի «Հովիտ - 2», «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի «Պահեստի ձոր» պոչամբարները, 2016թ-ին՝ «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի «Գեղանուշ» և 2010թ-ին «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի «Մելիք գյուղ» պոչամբարները:

ԷկոԼուրը նախարարությունից տեղեկատվություն էր խնդրել 14 պոչամբարների տեխնիկական անվտանգության եզրակացությունների, պոչամբարների ծավալների, լցվածության, մակերեսի, սողանքի, ջրհեղեղի և այլ տարերային աղետների ռիսկայնության աստիճանի և պոչամբարի պատնեշի նիշի մասին: Նախարարության պատասխանի համաձայն՝ «Արմանիսի » պոչամբարի վերաբերյալ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում տվյալներ չկան, «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նազիկ» պոչամբարի մասին ևս տվյալներ չի տրամադրվել, քանի որ այն կոնսերացված է:

Նախարարությունը տեղեկատվություն չի տրամադրել նաև պոչամբարների լցվածության, մակերեսի, սողանքի, ջրհեղեղի և այլ տարերային աղետների ռիսկայնության աստիճանի և պոչամբարի պատնեշի նիշի մասին: Չի տրամադրվել «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նահատակ», «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ի 2-րդ, 3-րդ, ինչպես նաև «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ի «Դավա-Զամի» և «Հովիտ-1» պոչամբարների տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունները:

Հայաստանում շահագործվում է 13 պոչամբար: Պոչամբարները «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, ենթակա են տեխնիկական անվտանգության փորձաքննության տարեկան առնվազն մեկ անգամ հանքարդյունաբերական ձեռնարկությունների նախաձեռնությամբ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ը չի իրականացնում արտադրական վտանգավոր օբյեկտների փորձարկումներ փորձաքննության գործընթացում, քանի որ տեխնիկական անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերում ամրագրված չեն դաշտային փորձաքննությունների իրականացման դրույթներ:Արդյունքում պոչամբարների կայունության և անվտանգության իրական խնդիրները մնում են առկախված, և ՀՀ ԱԻՆ ‹‹Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն›› ՊՈԱԿ-ի դրական եզրակացությունները չեն երաշխավորում պոչամբարների անվտանգությունը:

Ներկայացնում ենք տվյալներ տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն ստացած, սակայն փաստացի անվտանգության խնդիրներ ունեցող պոչամբարների մասին:

Գեղանուշի պոչամբար

2016թ-ին տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն ստանալուց հետո Գեղանուշի պոչամբարը շահագործող «Չաարատ Կապան» ընկերությունը 2018թ-ին բնապահպանական փորձաքննության է ներկայացրել Գեղանուշի պոչամբարի հուսալիության և անվտանգության բարձրացման ծրագրի հայտը: Ըստ հայտի՝ պոչամբարի հյուսիսային պատվարի կայունությունն ապահովված չէ հաշվարկային առավելագույն երկրաշարժի դեպքում: Հայտի վերաբերյալ «Չաարատ Կապան» ընկերությանը ՀՀ բնապահպանության նախարարությունը տվել է տեխնիկական առաջադրանք: Պոչամբարի նոր նախագիծ բնապահպանական փորձաքննական դեռևս չի ներկայացվել:

Թեղուտի պոչամբար

Թեղուտի պոչամբարը տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացություն ստացել է 2019թ-ի հուլիսի 7-ին: Մինչդեռ Թեղուտի պոչամբարի խնդիրների մասին նշված է 2017թ-ի «Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդլայնում ` մինչև 15 մլն. տ/տարի» ՇՄԱԳ-ում: «Վալլեքս խումբը», որը մինչև 2018թ-ը շահագործում էր Թեղուտի պոչամբարը, պաշտոնապես մի քանի անգամ՝ 2018 և 2019թթ. հաստատեց, որ պոչամբարի կայունության ցուցանիշները չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին:

2019թ-ի օգոստոսին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկատվություն տարածեց, համաձայն որի Թեղուտի պոչամբարի պատվարի կայունության ուսումնասիրման նպատակով անհրաժեշտ հետազոտական միջոցառումների իրականացման համար «Թեղուտ» ՓԲԸ-ն պայմանագիր է ստորագրել բուլղարական ընկերության հետ։ Աշխատանքները կմեկնարկեն 2019թ-ի սեպտեմբերի առաջին օրերին բուլղարացի մասնագետների ժամանմամբ։ Փորձաքննության ողջ ընթացքը գտնվելու է նրանց անմիջական վերահսկողության ներքո, իսկ արդյունքները պատրաստ կլինեն առաջիկա 7-8 ամսվա ընթացքում:

Նահատակ պոչամբար

«Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի աշխատանքները, ըստ «Ախթալայի ԼՀԿ» Շամլուղի ստորգետնյա հանքի վերազինում մինչև 500,0 հզ տոննա/տարի արտադրողականությամբ աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» ԲՓ 77 17.09.2018թ. բնապահպանական դրական եզրակացության, պետք է սկսեին 2018թ-ի հոկտեմբերի 1-ից և ավարտվեն 2020թ-ի փետրվարին: Սակայն այդ աշխատանքները մինչ օրս ոչ միայն չեն սկսվել, այլև կոմբինատը շարունակում է պոչանքները լցնել պոչամբար՝ բարձրացնելով պոչամբարի պատվարը:

Թուխմանուկի հարստացուցիչ ֆաբրիկայի պոչամբար

««ՄԵԳՈ-ԳՈԼԴ» ՍՊԸ-ն Թուխմանուկի ոսկու հանքավայրը շուրջ 10 տարի չի շահագործում: Մինչդեռ ընկերության 3 պոչամբարները, ըստ 2015թ-ին բնապահպանական փորձաքննության ներկայացված «ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման համալիրի հարստացուցիչ ֆաբրիկայի վերազինման, պոչամբարի պաշտպանիչ պատնեշի և պոչանքների ժամանակավոր չոր պահեստարանի» նախագծի նախնական գնահատման հայտի, լցված են: «2014թ. հունվար-փետրվար ամիսներին մեծ պոչամբարի մարմնի ներքին շեպում տեղի են ունեցել փլուզումներ, ինչն անհրաժեշտություն է առաջացրել վերակառուցելու և ուժեղացնելու պոչամբարի մարմինը»,- նշված է հայտում: Սակայն պոչամբարների անվտանգության ապահովմանն ուղղված որևէ աշխատանք չի իրականացվել:

«Բոլոր խոշոր պոչամբարները Հայաստանում կառուցված են վերընթաց բարձրացման նախագծով: Սա աննպատակահարմար նախագիծ է, քանի որ հակասում է միջազգային լավագույն փորձին, որն օգտագործվում է սեյսմավտանգ գոտիներում, որովհետև երկրաշարժի ժամանակ նման մեթոդով կառուցված պոչամբարների փլուզման հավանակնությունը մեծ է: Այս խնդիրն ավելի է լրջանում այն պատճառով, որ որոշ խոշոր պոչամբարներ տեղադրված են հոսանքն ի վար գտնվող համայնքների մոտ: Դեռ ավելին, հարկավոր է կազմել ծրագրեր՝այդ ռիսկերի կառավարման և մեղմացման համար: Նման ծրագրերը պետք է ներառեն նաև արտակարգ իրավիճակում գործել ու պլաններ մոտակա համայնքների համար»,- նշված է Համաշխարհային բանկի պատվերով 2016թ-ին պատրաստված «Հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատում. Հայաստան» զեկույցում:

18:04 Սեպտեմբեր 26, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news