Վայքում մերժեցին Ազատեկի հանքավայրի ծրագիրը. բնակիչները պատրաստվում են Նիկոլ Փաշինյանին հանրագիր ուղարկել

Վայքում մերժեցին Ազատեկի հանքավայրի ծրագիրը. բնակիչները պատրաստվում են Նիկոլ Փաշինյանին  հանրագիր ուղարկել

ԷկոԼուր

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի բնակիչները բոյկոտեցին «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի հանրային լսումները և մերժեցին Վայք և Զառիթափ համայնքների վարչական տարածքներում Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայրի բաց-ստորգետնյա եղանակով շահագործման հայտը:

«Վայքի սարերը մերն են», «Թույլ չենք տա վտանգել մեր առողջությունը», «Մենք ենք Վայքի ոսկին» պաստառներով բնակիչներն ակցիա անցկացրեցին համայնքապետարանի շենքի դիմաց, այնուհետև ստորագրահավաք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու նպատակով:

Այս մասին հայտնում է «Վայք» ինֆոտունը՝ նշելով.

«Այսօր Վայքում տեղի ունեցավ կարևոր իրադարձություն․ համախմբված համայնքը վճռական «ՈՉ» ասաց «ՎԱՅՔ ԳՈԼԴ» հանքահան կամ հանքահեն կազմակերպությանը, որը, չնայած իր վրա հարուցված անավարտ քրեական գործերին, ակնկալում էր շարունակել հանքարդյունահանման իր վատագույն պրակտիկան։ Քաղաքապետարանի մոտ հավաքված վայքեցիները թույլ չտվեցին հանքի ներկայացուցիչներին մուտք գործել քաղաքապետարան՝ հիմնավորելով, որ իրենք քննարկելու կամ սակարկելու բան չունեն, և Վայքը հանք չի դառնալու․․.Տեղում սկսվեց ՀՀ վարչապետին և Վայքի համայնքապետին ուղղված հանրագրի ստորագրման գործընթաց, որին միացան հարյուրավոր վայքեցիներ․․․

Վայքեցիներն ասացին, որ իրենք միասնական են՝ վճռական պայքարը շարունակելու․․.»:

Վայքի համայնքապետարանի կայքում տարածած հաղորդագրության համաձայն՝ այսօր նշանակված էին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված առաջին փուլի լսումները:

Նշենք, որ 2018 թ-ի նոյեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել էր քրեական գործ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի կողմից Վայոց ձորի մարզում գտնվող Ազատեկի հանքավայրից ապօրինի կերպով 250 միլիոն դրամի ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանման հիմքով։ 

Այդ ժամանակ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դադարեցրել էր հանքավայրի շահագործումը և դիմել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը՝ «Վայք Գոլդ» ՍՊԸ-ին ընդերքօգտագործման իրավունքից զրկելու պահանջով:

Լուսանկարը՝ «Վայք» ինֆոտուն

 

16:25 Սեպտեմբեր 03, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news