ԷկոԼուր
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն նախատեսում է «Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի» արտադրողականությունը ավելացնել 75 տոկոսով: Հուլիսի 23-ին Արարատի մարզի Արարատ քաղաքում տեղի ունեցավ ֆաբրիկայի արտադրողականության բարձրացման վերաբերյալ նախնական գնահատման հայտի հանրային քննարկում:
«Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանը ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ հանրային լսումների մասին բավարար չափով իրազեկում չի կատարվել: Հայտարարություն էր տրվել միայն «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, որը գյուղացիները չեն ստանում: «Քանի տարի է գյուղ թերթ չի մտնում, մարդիկ թերթ չեն կարդում, որ ուզեմ գնամ փոստից առնեմ՝ չկա, որովհետև պահանջարկ չկա»,- ասաց նա:
Ըստ Մաթևոսյանի՝ հանդիպմանը ներկա չէին բնապահպանական կազմակերպությունների և ազդակիր Սուրենավան, Արմաշ, Երասխ, Պարույր Սևակ և Ավշար գյուղերից ներկայացուցիչներ։ «Շրջակայքում գյուղեր կան, որոնց բնակիչները օգտվում են Կախանովի ոռոգման ջրատարից, որն էլ անցնում է ցիանային պոչամբարի կողքով: Պոչամբարը գտնվում է Արարատ գյուղի վարչական տարածքում, իսկ պոչամբարից 300 մ հեռավորության վրա ջրատարն է անցնում: Եղել է, որ այդ ջրով ոռոգվող այգու ծառերը չորացել են, գյուղանախարարությունից եկել, աբսուրդ բաներ են ասել»,- ասաց Մաթևոսյանը:
Ըստ նրա՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչը քննարկման ընթացքում նշել է, թե իրենք ստուգում են կատարել, Կախանովի ոռոգման ջրատարում վնասակար նյութ չկա: Իսկ Արարատի ցիանային պոչամբարն ապահով է և կավային շերտով ծածկված:
Մաթևոսյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ քննարկման ընթացքում ներկայացված չէին բնապահպանական ուսումնասիրություններ, թե արտադրության հզորացումը ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ շրջակա միջավայրի և բնակավայրերի վրա: «Ոչ մի մասնագիտական վերլուծություն, փորձագիտական եզրակացություն չկա: Մենք ինչո՞վ ենք մեղավոր, որ ոմանք գումար աշխատելու համար թքած ունեն մարդկանց առողջության վրա: Երեխեքը դուրս են գալիս, էդ թույնը շնչում», - նշեց Մաթևոսյանը։
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից ԷկոԼուրին հայտնեցին, որ նախնական գնահատման հայտը կներկայացվի փորձաքննության համայնքի համաձայնությունը ստանալու դեպքում:
Մեր տեղեկություններով, Արարատ քաղաքի և Արարատ գյուղի բնակիչները տվել են իրենց նախնական համաձայնությունը նախատեսվող գործունեության համար:
Լուսանկարները՝ Տիգրան Մաթևոսյանի
Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հուլիս 25, 2019 at 19:50