«Լիդիան Արմենիա»-ի տարածքից ցեխաջրերը լցվել են Արփա գետ

«Լիդիան Արմենիա»-ի տարածքից ցեխաջրերը լցվել են Արփա գետ

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզել է, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի «Մամարզա» տարածքում Արփա գետն աղտոտվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող տարածքից հորդառատ անձրևների ժամանակ առաջացած ցեխաջրերով, որոնք հոսել և լցվել են գետը:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Շիրակ Բունիաթյանը տարածել էր տեսանյութ, որում երևում էր` ինչպես է գետով հոսում պղտոր ջուր: Գետի այդ հատվածից վերև, ըստ Բունիաթյանի, գտնվում է «Լիդիան Արմենիա»-ի ցիանային ավազանը, որտեղ ներկայում ընթանում է շինարարություն: Իսկ մոտ 100 մետր ներքև գտնվում է ձկնաբուծարան, որտեղ մեծ քանակությամբ մանրաձուկ էր սատկել աղտոտված ջրի հետևանքով: Դա հաստատել է նաև ձկնաբուծարանի աշխատակիցը:

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն էլ իր հերթին տարածել էր հաղորդագրություն` նշելով, որ Ամուլսարի տարածքում թունավոր աղտոտիչներ չկան: «Ծրագիրը դեռևս շինարարության փուլում է, չկա արտադրական ոչ մի գործընթաց: Մի քանի օր տևած հորդառատ անձրևների հետևանքով թարմ կառուցված ջրահեռացման ուղիների մակերեսից լվացվել էր հողը, ինչի պատճառով տվյալ հատվածում հոսքը պղտորվել էր: Դրանք աղտոտիչներ չեն եղել, ինչպես ներկայացվում է տեսանյութում, այլ՝ հողաջուր: Հանքի ենթակառուցվածքների և ջրերի կառավարման բոլոր համակարգերի վերջնական կառուցումից հետո Ամուլսարի տարածքում ենթակառուցվածքների հետ շփվող բոլոր ջրերը ուղղորդվելու են և հավաքվեն՝ բացառելով ցանկացած չկառավարվող արտահոսք, ինչպես և նախագծված է», - նշված է ընկերության տարածած հաղորդագության մեջ:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեպքի վերաբերյալ ուսումնասիրությունը շարունակում է:

Արփա գետի աղտոտվածության վերաբերյալ մեկ այլ ահազանգ էլ հնչեցվել էր հունիսի 16-ին: Facebook սոցիալական ցանցում տարածված լուսանկարներում Արփա գետը կարմիր գույն էր ստացել: Ըստ գրառումների` լուսանկարներն արվել են Վայոց ձորի մարզի Արենի համայնքի մոտ:

Այս դեպքում տեսչական մարմինը հերքել էր, որ գետն աղտոտվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից, քանի որ ընկերությանը պատկանող տարածքը նշված հատվածից գտնվում է մոտ 55 կմ հեռավորության վրա, ցեխաջրերը նկատելի են եղել Նորավանքի կամրջից դեպի ներքև հատվածից, իսկ դեպի վերև գետը եղել է մաքուր վիճակում:

Պարզվել է, որ Նորավանքի կիրճն ամբողջությամբ պատված է կարմրավուն կրաքարով և կավով, և ս.թ. հունիսի 16-ին հորդառատ անձրևների հետևանքով կիրճից հոսող վտակից հոսել և Արփա գետին են խառնվել կարմրավուն ցեխաջրերը:

Հունիս 19, 2018 at 16:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր