ԷկոԼուր
«Չաարատ Կապան» ՓԲԸ-ի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի տեխնիկական նախագծի փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը ստացել է բնապահպանական դրական եզրակացություն:
Ընկերությունը նախատեսում է ներդնել Շահումյանի ոսկի-բազմամետաղային ստորգետնյա հանքում հանքաքարի փխրեցման, պոկման, հանման նախնական ճեղքառաջացումով եզրագծային պայթեցման մեթոդը օգտակար հանածոյի արդյունահանման տնտեսական էֆեկտիվության բարձրացման համար: Նախատեսվում է նաև դատարկ ապարի պահեստի կահավորում լեռնահատկացման տարածքում, տեխնոլոգիական գործընթացում հեռացված հողի շերտի պահպանության պահեստի կահավորում, հանքային օդափոխության սխեմայի փոփոխություն, հանքային ջրերի ջրհեռացման սխեմայի բարելավում, ջրհավաքիչների, պոմպակայանների և էլեկտրաենթակայանների համար ստորգետնյա խցերի կառուցում և այլն:
Եզրակացության մեջ նշված է, որ պահեստարանի տեղակայման հետ պայմանավորված մեծածավալ ծառահատումների անհրաժեշտություն չկա, քանի որ տարածքում առկա են շուրջ մեկ տասնյակ միջին հասակի ծառեր: Որպես մեղմացնող միջոցառում նախատեսված է փոքր տնկիների հնարավոր տեղափոխումը, փոշու կլանման նպատակով դատարկ ապարների լցակույտի սահմանաեզրին շուրջ 200 սաղարթախիտ ծառերի տնկումը:
Նախատեսվող գործունեության արդյունքում դատարկ ապարների պահեստի տարածքից մթնոլորտ է արտանետվելու 1.3058 գ/վրկ և 41.15 տ/տարի ընդհանուր քանակով անօրգանական փոշի: Ըստ եզրակացության, կոնցենտրացիաները գտնվում են սահմանված նորմերում:
Ըստ ընկերության ջրօգտագործման և ջրահեռացման անհատական նորմերի ջրի ընդհանուր ծախսը Շահումյանի հանքի տեխնոլոգիական կարիքների համար կազմում է 931.609 հազար մ3: Նշվում է, որ հարստացուցիչ ֆաբրիկան ամբողջությամբ աշխատում է շրջանառու համակարգով, և Գեղանուշի պոչամբարից արտադրական ջրերի արտահոսք տեղի չի ունենում:
Վերակառուցման արդյունքում ջրօգտագործման և ջրահեռացման քանակական ավելացումներ չեն նախատեսվում:
Դրենաժային համակարգի միջոցով կուտակված ստորգետնյա ջրերը ուղղվելու են Նորաշենիկ գետ: Նշվում է, որ ընկերությունն այդ տարածքում ունի պարզեցված ջրերի արտաթողման թույլտվություն, որում նշված են թույլատրելի ջրի որակի պարամետրերը:
Բնապահպանական դրական եզրակացությունը տրամադրվել է փորձաքննական պահանջների կատարման պայմանով: Դրանք են՝
- իրականացնել մթնոլորտային արտանետումների կոնցենտրացիաների հաշվարկները` քամու վտանգավոր 16 մ/վրկ արագությամբ, միաժամանակ գործունեության ընթացքում իրականացվող շրջակա միջավայրի բաղադրիչների` ջրի, օդի, հողի, կենդանական և բուսական աշխարհի, ինչպես նաև մակերևութային և լեռնային ապարների տեղաշարժի մոնիթորինգի արդյունքները, հետնախագծային վերլուծության ծրագիրը, համապատասխան պահանջի դեպքում պետք է տրամադրվեն պետական շահագրգիռ մարմիններին և հանրությանը: Մոնիթորինգի արդյունքների չբավարարման դեպքում անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ միջոցառումներ` պարտադիր պահպանելով բնապահպանական, կառուցման և շահագործման հետ կապված բոլոր նորմերը;
- հողերի մակերևույթի կայունության մշտադիտարկումների արդյունքների ամփոփումից հետո անհրաժեշտ է լիազոր մարմին ներկայացնել ընդերքօգտագործման թափոնների և թափոնների օբյեկտների կառավարման պլանը, դրանով նախատեսված միջոցառումների իրականացման ֆինանսական երաշխիքները;
- Գեղանուշի պոչամբարի ամրակայման նախագծի մշակման և դրա շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ընթացքում անհրաժեշտ է իրականացնել հաշվարկված փակման ծախսերի փաստաթուղթ` համապատասխան հիմնավորումներով:
«Չաարատ Կապան» ՓԲԸ-ի լեռնահատկացման տարածքը 378,6 հա է, Շահումյանի հանքավայրի տարածքը՝ 291,1 հա: Հանքի ծառայման ժամկետը, ՇՄԱԳ-ի 2017թ-ին հաշվարկված պաշարների համաձայն, 34,6 տարի է: 2017 թ-ի դրությամբ հանքավայրի մնացորդային պաշարները C1+C2 կարգերով կազմել են 16144820տ, որում ոսկին՝ 2.82 գ/տ, արծաթը՝ 54,49 գ/տ, պղինձը՝ 0,66%, ցինկը՝ 2,73%, կապարը՝ 0,16 %: 600.0 հազար տ/տարի արտադրողականության փոփոխություն այս նախագծով չի նախատեսվում:
Հունվար 14, 2020 at 13:41