Ջերմուկցիների հայցը մերժվեց, նրանք իրենց պայքարը կշարունակեն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում

Ջերմուկցիների հայցը մերժվեց, նրանք իրենց պայքարը կշարունակեն ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում

ԷկոԼուր

Նոյեմբերի 14-ին ՀՀ վարչական դատարանը մերժեց մի խումբ ջերմուկցիների հայցը, որով նրանք դատարանից պահանջում էին պարտավորեցնել ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական թիվ ԲՓ 35 եզրակացությունը:

Ջերմուկցիների իրավապաշտպան Նազելի Վարդանյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ դատարանը սխալ է մեկնաբանել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի՝ նոր էկոլոգիական գործոնների վերաբերյալ դրույթը, և այդ հիմքով բողոք կներկայացնեն ՀՀ վերաքննիչ վարչական դատարան:

Հայցվոր կողմը դատարանին էր ներկայացրել նոր ի հայտ եկած գործոններ պարունակող փաստաթղթեր, որոնց հիման վրա էր պահանջում ուժը կորցրած ճանաչել ԲՓ 35 եզրակացությունը: Այդ փաստաթղթերի թվում էին ամերիկահայ Հարութ Բրոնզյանի պատվերով 3 միջազգային հայտնի փորձագիտական կազմակերպությունների (Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Կանադայից) 4 փորձագետների գնահատականներին ու եզրակացություններին, Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակի գրությանը, Բնության համաշխարհային հիմնադրամի /WWF/ եզրակացությունը, Ամուլսարի ծրագրի վերաբերյալ «Earth link & Advanced Resources Development» (ELARD) լիբանանյան ընկերության պատրաստած փորձաքննական եզրակացությունը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի կողմից ՀՀ կառավարությանն ուղղված 13 կետից բաղկացած գրությունը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 27.08.2018թ-ի թիվ 30-Ա որոշումը:

Հատկապես ուշագրավ է շրջակա միջավայրի նախարարի գրության 13-րդ կետը, որում նշված է. ««Ռադիացիոն ֆոն» բաժինը (Ամուլսարի ՇՄԱԳ փաստաթղթի) պետք է ամբողջությամբ վերանայվի, հաշվի առնելով 1952-54 թթ-ին Ամուլսարի տարածքում կատարված ուրանի հետախուզական աշխատանքների հաշվետվությունը: Եթե հանքանյութի ակտիվությունը գերազանցի ՀՀ օրենսդրությամբ սահմանված արժեքը, դրա կառավարումը պետք է իրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2013թ-ի ապրիլի 25-ի N439-Ն որոշման պահանջների»: Նախարարը խնդրել էր հանձնարարել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին ստուգում անցկացնել: Սակայն 2 ու կես ամիս անց տեսչական ստուգումների արդյունքների մասին դեռ որևէ պաշտոնական հաղորդագրություն չկա բացի այն, որ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանն աշխատանքից ազատվել է Ամուլսարում տեսչական ստուգումներ չանցկացնելու համար:

15:02 Նոյեմբեր 19, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news