Ագարակի հանքի ընդլայնման տարածքում առկա են ՀՀ կարմիր գրքում գրանցված տեսակներ

Ագարակի հանքի ընդլայնման տարածքում առկա են ՀՀ կարմիր գրքում գրանցված տեսակներ

ԷկոԼուր

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն նախատեսում է 1 միլիոն տոննայով ավելացնել Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրից հանքաքարի արդյունահանման ծավալը՝ 3,5 միլիոնից հասցնելով 4,5 միլիոն տոննայի: Ըստ ընկերության՝ բնապահպանական փորձաքննության ներկայացված հայտի՝ նման որոշում կայացվել է ռիսկերից խուսափելու, աշխատակիցների աշխատավարձերը պահպանելու համար:
Հայտի 2-րդ հանրային լսումները տեղի ունեցան հոկտեմբերի 3-ին Մեղրի համայնքի Ագարակ բնակավայրում: Ինչպես ԷկոԼուրին հայտնեց Մեղրիի համայնքապետի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը, քննարկման ժամանակ միակ բողոքը եղել է Կարճևան բնակավայրի մի բնակչից, ով ասել է, որ կոմբինատը ջրի կուտակման հարց լուծի, որ կարողանան ճիշտ ժամի և ճիշտ չափով ջրցանն օգտագործել փոշին նստեցնելու համար: Կոմբինատը խոստացել է ընդառաջել:

Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը և կոմբինատը շահագործում է «Գեոպրոմայինգ Գոլդ» ՍՊԸ-ն՝ ի դեմս «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի:

Ագարակի հարստացուցիչ ֆաբրիկան Ագարակ քաղաքից գտնվում է 3կմ հեռավորության վրա, բացհանքը՝ 7: Կարճևան գյուղը հանքի ենթակառուցվածքներից գտնվում է 1.5 կմ հեռավորության վրա: Մոտակա խոշոր ջրահոսքը Արաքս գետն է իր Կարճևան վտակով:

Ագարակի հանքն իր ենթակառուցվածքների հետ գտնվում է 9 և ավելի բալ ուժգնությամբ սեյսմիկ գոտում:

Ըստ հայտի՝ Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի հաշվեկշռային պաշարները 01.04.2017թ. դրությամբ կազմել են՝ հանքաքար՝ 249.43 մլն.տ, այդ թվում՝ B+C1 կարգի՝ 240.224 մլն.տ, C2 կարգի՝ 9.206 մլն.տ, պղնձի պարունակությունը B+C1 կարգի պաշարներում՝ 0.356%:

4.5 մլն.տ տարեկան արտադրողականության դեպքում մեծածավալ լեռնակապիտալ մակաբացման ապարների հեռացումը բացառելու նպատակով հանքը կշահագործվի 2 փուլով: «I փուլում՝ 10 տարվա ընթացքում, բացահանքի եզրագծում կներառվեն 45.3 մլն.տ հանքաքար և 60.9 մլն.մ3 մակաբացման ապարներ: I + II փուլերում կարդյունահանվի 91.6 մլն.տ հանքաքար և 105.8 մլն.մ3 մակաբացման ապարներ: Երկու փուլերի ընդհանուր տևողությունը կազմում է 20.4 տարի»,- նշված է հայտում:

I փուլում 60.9 միլիոն տոննա ապարների տեղադրման նպատակով լցակույտերի ընդլայնման արդյունքում կօտարվի մոտ 22 հա նոր տարածք:

Պոչանքը կկուտակվի Ագարակի կոմբինատի 3՝ «Դավազամի» N2 և N3 պոչամբարներում:
4.5 մլն.տ/տարի արտադրողականության դեպքում պոչամբարների գումարային
ծավալը կապահովի ֆաբրիկայի աշխատանքը ևս 16.5 տարով:

Խորհրդային տարիներին շահագործման հանձնված հանքի և պոչամբարների տեղում նախկինում եղել են անտառներ: «Բացահանքի, ֆաբրիկայի և պոչամբարների կառուցման ժամանակ ոչնչացել են բնական բուսականության որոշ տեսակները, իսկ
ֆլորայի շատ տեսակներ կորցրել են իրենց բնորոշ բնակատեղերը: Նախագծի իրականացման դեպքում լրացուցիչ խախտվելու է միայն բացահանքի ՍՊԳ (սանիտարապաշտպանական գոտի) սահմաններում գտնվող հատվածը, իսկ ֆաբրիակայի և պոչամբարների տակ զբաղեցրած մակերեսները մնում են անփոփոխ»,- նշված է հայտում: Ագարակի կոմբինատի կողմից բնապահպանական միջոցառումների շարքում ծառատունկ չի նախատեսվում:

Միաժամանակ հայտում նշված է, որ բացահանքի սանիտարապաշտպանական գոտում հայտնաբերվել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված Թաղանթաթևերի (Hymenoptera) կարգին պատկանող երկու տեսակ՝ Մանուշակագույն մեղու-ատաղձագործը (Xylocopa violacea L.) և Կիսաատամ մրջյունը (Crematogaster subdentata Mayr), բզեզների (Coleoptera) կարգից` Աքսորված սևամարմինը (Entomogonus amandanus Rtt.):

Մանուշակագույն մեղու-ատաղձագործը

Կիսաատամ մրջյունը

Եթե սանիտարապաշտպանական գոտին պիտի խախտվի հանքաքարի արդյունահանման ծավալի ավելացման արդյունքում, ապա ՀՀ Կարմիր գրքի տեսակները տվյալ տարածքում կոչնչանան, ինչը հակասում է Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 26-րդ, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին:

Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքների անմիջական կրողն է նաև Արաքս գետի Կարճևան վտակը: Այս գետը համարվում է 5-րդ ամենավատ դասի աղտոտվածություն ունեցող գետ: Գետ են լցվում բացհանքի հանքայնացված ջրերը, տեղումներից առաջացած հոսքերը, բացահանքի ավտոհավաքակայանից և ոռոգվող տարածքներից հոսող ջրերը, նավթամթերքները: Կարճևան գետ է թափվում նաև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի պղնձի խտացուցիչի պարզվածքը`50մ Արաքսը չհասած գետահատածքում:

ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի 2016-2018թթ. տվյալների համաձայն, ըստ ամոնիակային ազոտի, ԹԿՊ-ի, ԹՔՊ-ի, վանադիումի, կոբալտի, մանգանի, ծարիրի,
կալիումի, նատրիումի, մոլիբդենի, սուլֆատ-իոնի, կախված նյութերի, լուծված թթվածնի, Կարճևան գետի որակը եղել է 5-րդ ամենավատ դասի:

Հանքի շահագործման համար նախատեսվում է Ագարակ քաղաք տեղափոխել Ագարակի բացահանքի եզրագծին մոտ գտնվող XV-XVI դարերին վերագրվող կանգուն եկեղեցին: Ըստ ՀՀ Մշակույթի նախարարության նախահաշվի, ձեռնարկությունը եկեղեցու տեղափոխման համար պետք է պետբյուջե փոխանցի մոտ 400 հազ.ամերիկյան դոլարին համարժեք դրամ:

Արտադրողականության ավելացման համար ընկերությունը նախատեսում է ներդնել 16840 հազար ԱՄՆ դոլար:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Հոկտեմբեր 07, 2019 at 15:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր