Գեղանուշի պոչամբարի հարցը դուրս է մնացել բնապահպանական փորձաքննության ներկայացված ՇՄԱԳ-ից

Գեղանուշի պոչամբարի հարցը դուրս է մնացել բնապահպանական փորձաքննության ներկայացված ՇՄԱԳ-ից

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի տեխնիկական նախագծի փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 4-րդ քննարկումը:

Շրջակա միջավայրի և առողջության համար կոմբինատի ամենառիսկային օբյեկտը՝ Գեղանուշի պոչամբարը, ներառված չէ փորձաքննության ներկայացված ՇՄԱԳ-ում: ԷկոԼուրի հարցին, թե ՇՄԱԳ-ում ներառված չէ պոչամբարի կայունության հարցը, «Չաարատ Կապան» ընկերության ներկայացուցիչն ասաց, որ Գեղանուշի պոչամբարի խնդիրը գնահատվում է համաշխարհային ճանաչում ունեցող ընկերության կողմից: «Հույս ունենք, որ այս տարի արդեն փորձաքննության ներկայացնելու նախագիծ կունենանք»,- ասաց նա:

«Ընկերությունը նախատեսել է, որ արտադրության աճի դեպքում հնարավոր է, որ պոչամբարի կայունության խնդիր առաջանա, դրա համար վաղաժամ մտածում են դրա մասին: Նախագիծը կոչված է ոչ թե վթարային իրավիճակի վերացման, այլ՝ կայունության գործակցի բարելավմանը»,- հավելեց «Չաարատ Կապան» ընկերության բնապահպանության բաժնի պետ Աիդա Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ 2018թ-ին բնապահպանական փորձաքննության ներկայացվեց Կապանի կոմբինատի նախկին սեփականատեր «Պոլիմետալ» ընկերության պատվերով պատրաստված «Գեղանուշի պոչամբարի հուսալիության և անվտանգության բարձրացման ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը», որում նշված է, որ պոչամբարի հյուսիսային պատվարի կայունությունն ապահովված չէ հաշվարկային առավելագույն երկրաշարժի դեպքում:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրվել է տեխնիկական առաջադրանք ընկերությանը, որից հետո պոչամբարի հայտը փորձաքննության հիմնական փուլ չի մտել: Ինչպես հանրային քննարկման ժամանակ ասաց ՊՈԱԿ-ի փորձագետ Կարինե Մովսիսյանը, օրենքը ժամկետ չի սահմանում, թե տեխնիկական առաջադրանք ստանալուց հետո ընկերությունը երբ նախագիծ ներկայացնի փորձաքննության:

ՇՄԱԳ փաստաթղթով նախատեսված է, որ Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի փակումից հետո «Չաարատ Կապան»-ը 10 տարի շրջակա միջավայրի մշտադիտարկում իրականացնի: ԷկոԼուրը հետաքրքվեց, թե դրանից հետո մշտադիտարկման աշխատանքներն ում ուսերին են ընկնելու:

«Գեոտեխ» ՍՊԸ-ի բնապահպան Տարոն Նավասարդյանը նշեց. «Եթե վերջնական փակման պլանում ընտրվում է 10 տարի, հաշվարկվում է, որ դրանից հետո անիմաստ է մշտադիտարկում իրականացնելու, պետությունն իր միջոցներով կարող է իրականացնել մշտադիտարկում»։

Kapan.in նախաձեռնության անդամ Բորիս Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյոք մշտադիտարկում արվում է Կավարտի հանքում: Ի պատասխան «Գեոտեխ» ՍՊԸ-ի տնօրեն Սիմոն Նավասարդյանն ասաց. «Կավարտի հանքավայրում որևէ մոնիտորինգ չի իրականացվում: 2011թ-ին Կապանի կոմբինատն այն հանձնել է պետությանը… Ինչի համար է հանձնել, որովհետև հասկացել է, որ գլխին փաթաթում են պարտականություն: Սովետը 70 տարի 1 միլիոն տոննա արտադրողականությամբ բաց հանք է շահագործել, կանադացին եկել է, ասում է Սովետի շահագործած հանքը ռեկուլտիվացիա արա: …Այդ հանքավայրում մնացորդային պաշար կա: Հանքը ռեկուլտիվացիա անում են, երբ որ պաշարները մարում, վերջացնում են»:

Հարց եղավ նախատեսված սոցիալական ծրագրերի վերաբերյալ, որ ազդակիր բնակավայրերում բնակիչները չեն կարողանում երկխոսել ընկերության հետ և բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները:

«Համագործակցում ենք համայնքի հետ: Իրենք մեզ նաև նամակներով են դիմում: Հնարավորության սահմաններում ծրագրեր ենք իրականացնում: … Ներկա պահին Գեղանուշի դպրոցում նախակրթարանի վերանորոգման աշխատանքները մենք ենք ֆինանսավորել: Տարիներ շարունակ Գեղանուշ համայնքի հետ իրականացնում ենք ուղևորափոխադրումներ գյուղից քաղաք և քաղաքից գյուղ»,- պատասխանեց «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի և սոցիալական քաղաքականության բաժնի պետ Գայանե Թադևոսյան:

Հայաստանի ԱՃԹՆ պաշտոնական կայքի համաձայն՝ «Չաարատ Կապան» ընկերության կողմից Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացվելիք գումարի բազային չափը 2018 թ-ին սահմանվել է 105 000 000 դրամ: Ընկերությունը վճարել է կանխավճարի գումարը և 2016, 2017 թվականների համար վճարել է 23 863 635 դրամ:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:



Սեպտեմբեր 19, 2019 at 19:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր