Կապանում տեղի կունենան հանրային լսումներ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի ՇՄԱԳ-ի վերաբերյալ

Կապանում տեղի կունենան հանրային լսումներ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի ՇՄԱԳ-ի վերաբերյալ

ԷկոԼուր

Սույն թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:30-ին, Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանում տեղի կունենա «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի տեխնիկական նախագծի փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային 4-րդ քննարկումը:

«Չաարատ Կապան» ՓԲԸ –ն Կապանի լեռահարստացման կոմբինատում նախատեսում է իրականացնել վերակառուցման միջոցառումներ: Ընկերությունը նախատեսում է ներդնել Շահումյանի ոսկի-բազմամետաղային ստորգետնյա հանքում հանքաքարի փխրեցման, պոկման, հանման նախնական ճեղքառաջացումով եզրագծային պայթեցման մեթոդը օգտակար հանածոյի արդյունահանման տնտեսական էֆեկտիվության բարձրացման համար: Նախատեսվում է նաև դատարկ ապարի պահեստի կահավորում լեռնահատկացման տարածքում, տեխնոլոգիական գործընթացում հեռացված հողի շերտի պահպանության պահեստի կահավորում, հանքային օդափոխության սխեմայի փոփոխություն, հանքային ջրերի ջրհեռացման սխեմայի բարելավում, ջրհավաքիչների, պոմպակայանների և էլեկտրաենթակայանների համար ստորգետնյա խցերի կառուցում և այլն:

Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը գտնվում է Ողջի գետի միջին հոսանքի ավազանում՝ Խոտարքասար-Առաջաձոր լեռան հարավ-արևելյան վերջավորությունում և տեղադրված է Ողջի ու նրա ձախ վտակ Աճանանի միջև:

«Չաարատ Կապան» ընկերության լեռնահատկացման տարածքը 378,6 հա է, հանքավայրի տարածքը՝ 291,1 հա: Հանքի ծառայման ժամկետը, ըստ ՇՄԱԳ-ի, 2017թ-ին հաշվարկված պաշարների համաձայն, 34,6 տարի է:

2017թ-ի դրությամբ հանքավայրի մնացորդային պաշարները C1+C2 կարգերով կազմել են 16144820տ, որում ոսկին՝ 2.82 գ/տ, արծաթը՝ 54,49 գ/տ, պղինձը՝ 0,66%, ցինկը՝ 2,73%, կապարը՝ 0,16 %:

Հանքաքարը մշակվում է «Չաարատ Կապան» կոմբինատում, տարեկան արտադրողականություն՝ 600 000 տոննա: Ընդերքից հանքաքարի կորզման գործակիցը 0,95 է:

Նախատեսվում է դատարկ ապարների պահեստը տեղակայել Շահումյան գյուղի լքված ամայի տարածքում: Շրջանառու դատարկ ապարների զբաղեցրած ընդհանուր տարածքը կազմում է 5.5հա, պահեստավորվող ապարների ծավալը 409.46հազ.մ3: Պահեստի համար խախտվելու է նոր 3.58հա տարածք: Ապարների պահեստավորումը նախատեսվում է կատարել 5 տարվա ընթացքում: Պահեստավորվող ապարների առավելագույն քանակը կազմում է 113218 մ3 (2020թ), նվազագույնը 24038 մ3 (2022թ): Նախատեսվում է պահեստավորված ապարները օգտագործել ստորգետնյա հանքի մշակված տարածությունների լցափակման, ինչպես նաև Գեղանուշի պոչամբարի պատնեշի բարձրացման համար: Պահեստարանի տեղակայման համար հնարավոր են ծառահատումներ: Այս կապակցությամբ ՇՄԱԳ-ում գրված է. «Պահեստարանի տեղակայման հետ պայմանավորված մեծածավալ ծառահատումների անհրաժեշտություն չկա, քանի որ տարածքում առկա են մեկ տասնյակից էլ քիչ միջին հասակի ծառեր: Սակայն ամեն դեպքում փոխհատուցման գործողություններ նախատեսված են»:

ՇՄԱԳ-ում ներկայացված է նաև Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի փակման ծրագիրը: Այս ծրագրում նշված են մի շարք ռիսկեր.

Շինությունների ապամոնտաժման ժամանակ

•հողերի աղտոտում ասբեստ պարունակող շինարարական աղբով,
• աղտոտում արտադրամասերում առկա վտանգավոր քիմիական միացություններ պարունակող ջարդոնով/աղբով,

• միջավայրի աղտոտում վառելիքով, քսայուղերով, քիմիական ռեագենտներով, պոչամբարից վտանգավոր արտահոսքերով,

• շինությունների ապամոնտաժման արդյունքում գոյացած շինարարական աղբի կույտերի բացասական վիզուալ ազդեցություն,

• արտակարգ դեպքեր և դժբախտ պատահարներ աշխատակիցների հետ:
Դատարկ ապարների լցակույտերի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա կարող է դրսևորվել հետևյալ կերպ.

• հողերի, մակերևութային և ստորգետնյա ջրերի աղտոտում լցակույտից արտահոսող դրենաժային ջրեր ջրերով,

• պատահարներ, որոնք պայմանավորված են կլինեն լցակույտերում կուտակված ապարների սողանքներով, փլուզումներով:

Պոչամբարի կոնսերվացման և ռեկուլտիվացիայի ընթացքում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության տեսակետից կարող են դրսևորվել հետևյալ բացասական ազդեցությունները.

• պոչամբարների ջրերի արտանետումներ,

• մակերևութային և ստորերկրյա ջրերի աղտոտման վտանգ,

• ֆլորայի և ֆաունայի ներկայացուցիչների կորուստ,

• մետաղների մանր ֆրակցիաների և փոշու արտանետումներ մթնոլորտ,

• միջավայրի աղտոտում վառելիքով, քսայուղերով, քիմիական ռեագենտներով, պոչամբարից վտանգավոր արտահոսքերով,

• շինությունների ապամոնտաժման արդյունքում գոյացած շինարարական աղբի կույտերի բացասական վիզուալ ազդեցություն,

• արտակարգ դեպքեր և դժբախտ պատահարներ աշխատակիցների հետ:

Նշենք, որ «Չաարատ Կապան» ընկերության կողմից շահագործվող Գեղանուշի պոչամբարը, որը իր ենթակառուցվածքներով զբաղեցնում է 32 հա, 11.37 մլն մ3 պլանային տարողությունը, փլուզման ռիսկ ունի: 2018թ-ին բնապահպանական փորձաքննության ներկայացվեց «Գեղանուշի պոչամբարի անվտանգությունն ու հուսալիությունը բարձրացնելու աշխատանքների» ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ»-ը: Հայտում նշված էր, որ 2014թ-ին «Գեոռիսկ» ընկերության կողմից Հյուսիսային պատվարի՝ որպես I դասի հիդրոտեխնիկական կառույցի փաստացի վիճակի կայունության հաշվարկի արդյունքները ցույց են տվել, որ Հյուսիսային պատվարի կայունությունն ապահովված չէ հաշվարկային առավելագույն երկրաշարժի դեպքում: Իսկ տվյալ տարածաշրջանում կանխատեսվում է մինչև 8 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Հայտով նախատեսվում էր պատվարի ամրացում: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրվել է տեխնիկական առաջադրանք ընկերությանը, որից հետո հայտը փորձաքննության հիմնական փուլ չի մտել:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

20:03 Սեպտեմբեր 17, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news