«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն նախատեսում է ավելացնել հանքաքարի արդյունահանման ծավալը

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն նախատեսում է ավելացնել  հանքաքարի արդյունահանման ծավալը

ԷկոԼուր

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն նախատեսում է ավելացնել Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրից հանքաքարի արդյունահանման ծավալները 3,5 միլիոն տոննայից հասցնելով 4,5 միլիոն խմ: Ընկերության հայտի հանրային լսումները նշանակված են հուլիսի 18-ին՝ Ագարակ քաղաքի երաժշտական դպրոցում:

ԷկոԼուրի թիմը «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները՝ ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում հունիսի 28-ին հանդիպում անցկացրեց Մեղրի խոշորացված համայնքի բնակիչների և համայնքապետ Մխիթար Զաքարյանի հետ:
ԷկոԼուրի հետ զրույցում Մխիթար Զաքարյանն ասաց. «Կողմ եմ հանքաքարի արդյունահանման ծավալի մեծացմանը, որովհետև համայնքի, տարածաշրջանի տնտեսական կենսագործունեությունը կախվածություն ունի կոմբինատից: Իհարկե, բացասական երևույթ է, որ մի ամբողջ տարածաշրջան մի ձեռնարկության գործունեությունից է կախված, ձեռնարկության գործունեությունն էլ՝ շուկայում պղնձի գներից. տարածաշրջանը կոլապսի առաջ է կանգնում: Որպեսզի դիմակայի այդ ճգնաժամերին, կոմբինատը պետք է անընդհատ աշխատանք կատարի ինքնարժեքն իջեցնելու ուղղությամբ: Որպեսզի ինքարժեքն իջեցնեն, պետք է ծավալը մեծացնեն, որպեսզի ավելի մրցունակ լինեն»: Մեղրիի համայնքապետը նշեց, որ տարածաշրջանի տնտեսության, համախառն ներքին արդյունքի 85 տոկոսն առաջանում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության հետևանքով:

Մինչդեռ հուլիսի սկզբից Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողները գործադուլ են անում պահանջելով՝ օրենքով սահմանված կարգով գիշերային ժամերին աշխատելու, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքների կատարման դիմաց իրենց հասանելիք հավելավճարները, աշխատանքային պայմանների բարելավում, կոմբինատի գործունեության նկատմամբ պետության կողմից հսկողության իրականացում:

Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը և կոմբինատը շահագործում է «ԳեոՊրոՄայնինգ » ՍՊԸ-ն:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Հուլիս 12, 2019 at 16:13


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր