ԷկոԼուր
«Նարիպրոֆ» ՍՊԸ-ն մտադիր է շարունակել Մեղրիի շրջանում Նռնաձորի (Նյուվադի) պղինձ-ոսկեբեր հանքերևակման երկրաբանական ուսումնասիրությունը: Սույն թվականի մայիսի 16-ին` ժամը 15:00-ին, Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության թույլտվության երկարաձգման նախագծի նախնական գնահատման առաջին փուլի հանրային լսումը: Այս մասին հայտարարությունը հրապարակված է Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայքում։
Նռնաձորի հանքերևակումը գտնվում է Մեղրի խոշորացված համայնքի Նռնաձոր գյուղից հյուսիս-արևմուտք` 4.5 կմ հեռավորության վրա, և, ըստ փորձաքննական եզրակացության, զբաղեցնում է 1,0 կմ2 մակերեսով տարածք: Տեղի հիմնական ջրային զարկերակը Արաքս գետն է իր ձախակողմյան վտակներով: Տարածքը մասամբ համընկնում է «Արևիք» ազգային պարկի տարածքի հետ, որտեղ ՀՀ կառավարության 15.10.2009թ. թիվ 1209 որոշմամբ արգելվում է երկրաբանական ուսումնասիրություն իրականացնել: Չնայած այս հանգամանքին` ՀՀ բնապահպանության նախարարությունը 2016թ-ին Նարիպրոֆ» ՍՊԸ-ին տվել է դրական եզրակացություն, սակայն պահանջել է բացառել «Արևիք» ազգային պարկի հետ համընկնող տարածքներում երկրաբանական աշխատանքները և երկրաբանահետախուզաորոնողական աշխատանքներն իրականացնել բացառապես Իրադրային քարտեզ սխեմային համապատասխան տարածքում: Ուսումնասիրության ավարտը նախատեսված է եղել 2018թ-ի 4-րդ եռամսյակում:
Երկրաբանական ուսումնասիրություն նախատեսված է եղել անցկացնել Նռնաձորի պղինձ-ոսկու, Բուղդահարթի և Սիգիրտ-Ալվանքի գոտու ոսկու (երկրորդային քվարցիտներ), հիդրոթերմալ ծագման, Շավզիրի և Կոշբերինի պղինձ-ոսկու (քվարց և քվարց-սուլֆիդային երակներ), ինչպես նաև Բոլիշենի պղնձի հանքերևակումներում` որոշելու ոսկու և նրան ուղեկցող մետաղների պաշարները:
«Նարիպրոֆ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012թ-ին: Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակման երկրաբանական ուսումնասիրության իրավունք ընկերությունը ստացել է 2013թ-ին:
Մայիս 14, 2019 at 17:56