Ամուլսարի խնդիրը՝ նոր կառավարության կոկորդին. Արթուր Գրիգորյանի առեղծվածային պաշտոնանկության հետքերով

Ամուլսարի խնդիրը՝ նոր կառավարության կոկորդին. Արթուր Գրիգորյանի առեղծվածային պաշտոնանկության հետքերով

www.1in.am

ՀՀ վարչապետի որոշմամբ հունվարի 21-ին Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: Այս որոշումը բուռն քննարկումների տեղիք է տվել: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը նկատեց, որ որևէ պատճառ նշված չէ, թե ինչու է աշխատանքից ազատվել տվյալ պաշտոնյան. «Մանավանդ որ ոլորտը շատ զգայուն է, և Ա. Գրիգորյանը վայելում է լայն հասարակության վստահությունը: Աշխատանքից հեռացնելն այն անձին, որը հասարակական պայքարի միջով է անցել, հանրային վստահություն է վայելում և ունի նոր գիտելիքներ տվյալ ոլորտի վերաբերյալ, անվստահության մթնոլորտ է առաջացնում նոր ձևավորվող կառավարության հանդեպ»:

Բնապահպան Ապրես Զոհրաբյանն ընդգծեց, որ հանրությունը սպասում է վարչապետի պարզաբանմանը. «Սա, թերևս, վարչապետի կայացրած վատագույն որոշումն է»:

«Հանրությունը Ա. Գրիգորյանին դիտարկում էր որպես բնապահպանական շարժումների լավագույն ներկայացուցիչը կառավարման ոլորտում, իսկ ներկայիս նախարարն ունի զրո վստահություն»,- նշեց բնապահպանը հավելելով, որ նոր նախարարը մինչ այժմ հանդես էր գալիս որպես հանքարդյունաբերության շահերի սպասարկող և երբևէ որևէ կերպ չի բարձրաձայնել բնապահպանական խնդիրների մասին:

Բնապահպան Ինգա Զարաֆյանի դիտարկմամբ՝ Արթուր Գրիգորյանը գործել է օրենքի և իր լիազորությունների շրջանակներում, և ազատման որոշումը հավանաբար կայացվել է այն պատճառով, որ առկա է եղել շահերի բախում:

Անդրադառնալով հանրային շահերի և միջազգային կորպորացիաների շահերի բախմանը՝ Զ. Հովհաննիսյանը բերեց Ամուլսարի օրինակը. «Հեղափոխությունից հետո Ամուլսարի խնդիրը մնացել է նոր կառավարության կոկորդին: Հանրությունը շրջափակել է Ամուլսարը և թույլ չի տալիս, որ բնապահպանական աղետ տեղի ունենա, միջազգային կորպորացիաները բանակցում են ՀՀ կառավարության հետ, որպեսզի տեղի ունենա այդ աղետը՝ ի շահ իրենց»: Իրավապաշտպանը նաև հիշեցրեց, որ Հայաստանում բոլոր խոշոր շարժումները սկսվել են բնապահպանական շարժումներից, և ընդգծեց, որ պետք է զգույշ լինել այս ոլորտին վերաբերող հարցերում, որպեսզի հնարավոր լինի խուսափել հետագա ցնցումներից:

Ա. Զոհրաբյանը հավելեց, որ հանրությանը չի կարելի մոլորեցնել՝ փափուկ բարձ դնել նրա գլխի տակ և որոշումներ պարտադրել. «Եթե կարծում են, որ Ա. Գրիգորյանի հեռացմամբ՝ լուծելու են Ամուլսարի հարցը, չարաչար սխալվում են»:

Մանրամասն՝ տեսանյութում:



Հունվար 23, 2019 at 14:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր