Չեխ մասնագետները կպարզեն Ալավերդի և Ախթալա համայնքներում մարդու առողջության և շրջակա միջավայրի աղտոտվածության միջև առկա կապը

Չեխ մասնագետները կպարզեն Ալավերդի և Ախթալա համայնքներում մարդու առողջության և շրջակա միջավայրի աղտոտվածության միջև առկա կապը

ԷկոԼուր

2019 թ. նոյեմբերին հայտնի կդառնան Ալավերդի և Ախթալա համայնքներում սննդային շղթայի ծանր մետաղներով աղտոտվածության վերաբերյալ չեխ մասնագետների կողմից իրականացված հետազոտությունների արդյունքները: Այդպիսով հնարավոր կլինի բացահայտել մարդու առողջության և շրջակա միջավայրի աղտոտվածության միջև առկա կապը: Աշխատանքներն իրականացվում են «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «ԷկոԼուր» տեղեկատվական և չեխական «ԱՌՆԻԿԱ» ՀԿ-ների համագործակցությամբ: Տեղում վերցվել են տնամերձ հողամասերից հողի, բանջարեղենի, մրգի, կանաչեղենի նմուշներ և կենսանմուշներ: Աշխատանքներն իրականացվում են «Քաղաքացիական հասարակության ազդեցության ամրապնդումը Ախթալայում և Ալավերդիում արդյունաբերական աղտոտվածության խնդիրների լուծման համար» ծրագրի շրջանակներում: Ծրագրի համակարգող, «ԱՌՆԻԿԱ» ՀԿ ներկայացուցիչ Միրոսլավա Յոպկովան հայտնեց. «Հետազոտությունների շրջանակում ցանկանում ենք ստուգել, թե որքանով ծանր մետաղները ներթափանցել են մթերքների մեջ, հետևապես՝ սննդային շղթայի մեջ: Արդյունքում, հետագայում կարող ենք հետազոտել նաև տեղի բնակիչների առողջության վրա ծանր մետաղների ազդեցությունը և այդ ազդեցության վերլուծությունն իրականացնել»:

Պրահայի քիմիական ինստիտուտի մասնագետները՝ Վաշեկ Մախն ու Յան Մատուշտիկը, այս տարվա հուլիսին նմուշառման աշխատանքներ են իրականացրել Լոռու մարզի Ալավերդի և Ախթալա համայնքներում: Վերցված նմուշները փորձաքննության կենթարկվեն Պրահայի Անասնաբուժության պետական ինստիտուտի՝ Քիմիական տեխնոլոգիաների բարձրագույն դպրոցի լաբորատորիայում: Վերլուծությունը կկատարվի սննդային շղթայի երեք աստիճանի վրա՝ հողի, մազերի և բանջարեղենի ու մրգերի:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց.«Համապատասխան կառավարական գերատեսչությունները չեն ընդունում հանքարդյունաբերական գործունեության և աղտոտված շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա: Երբ ունենանք տվյալներ, որ մրգերի մեջ և այդ մրգերն օգտագործող մարդկանց օրգանիզմում առկա են ծանր մետաղներ, կպարտադրենք պետությանը ճանաչել այդ փաստը և պետական մակարդակով մարդու առողջության գնահատում իրագործել: Մյուս կողմից, տեղի համայնքների բնակիչները ավելի իրազեկված և պատրաստ կլինեն նայելու ճշմարտությանը, որպեսզի կարողանան պաշտպանել սեփական շահերը: Այս համայնքների բնակիչները պետք է հասկանան, որ հանքարդյունաբերությունն անմիջականորեն ազդում է թե՛ իրենց առողջության, թե՛ արտադրության սպառման վրա, և թե՛ սոցիալական և տնտեսական զարգացման վրա»,- նշեց Դուլգարյանը: Օլեգ Դուլգարյանը հիշեցրեց մի դեպք, երբ 2013 թ. տեղի արտադրության դեղձը չի թույատրվել արտահանել եվրոպական շուկա: «Նախկին իշխանությունները թաքցրել են այդ փաստը: Այդ մասին իմացել ենք արտահանողների կենցաղային զրույցներից: Մարդիկ կան, որ վաղուց ունեն կասկածներ, որ շրջակա միջավայրի ազդեցության արդյունքում վատթարացել է իրենց առողջական վիճակը: Կարևորը, որ քաղաքացիական հասարակությունը ևս ճնշումներ գործադրի և այդ փաստերն օգտագործի: Կան քաղաքացիներ, ովքեր փաստեր լինելու դեպքում, պատրաստ են դիմել դատարան, որպեսզի ստանան համապատասխան փոխհատուցում: Մենք մեր կողմից իրավական խորհրդատվություն ենք տրամադրելու իրենց: Փորձելու ենք աջակցել այդ գործընթացին, որպեսզի պետությունը հանքարդյունաբերական տարածքներում իրականացնի կոնկրետ, ոչ ձևական առողջապահական հետազոտություններ և մարդկանց առողջական վիճակի վերաբերյալ իրական վիճակագրություն ունենանք», - նշեց նա:

 

18:28 Օգոստոս 15, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news