Մեր բուսական և կենդանական աշխարհը քայքայվում է՝ մեղուները ոչնչացել են, այգիները չորանում են. բնակիչները՝ Ախթալայի ԼՀԿ-ի գործունեության ազդեցության մասին

Մեր բուսական և կենդանական աշխարհը քայքայվում է՝ մեղուները ոչնչացել են, այգիները չորանում են. բնակիչները՝  Ախթալայի ԼՀԿ-ի գործունեության ազդեցության մասին

ԷկոԼուր

«Ախթալայի» լեռնահարստացման կոմբինատի (Ախթալայի ԼՀԿ) գործունեության արդյունքում բնության ու մարդկանց վրա սոցիալական ազդեցությունները բացասական են գնահատում Ախթալա, Շամլուղ, Մեծ Այրում բնակավայրերի բնակիչները: Այս մասին նշված է ««Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի (Շամլուղի պղնձի հանքավայր) գործունեության սոցիալական ազդեցությունների բնակչության պատկերացումները և բացասական ազդեցությունների հաղթահարմանն ուղղված առաջարկությունները» աշխատանքի մեջ: Այն պատրաստվել է ԷկոԼուրի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` ԱՃԹՆ գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում «Համայնքային փոխօգնություն» Սոցիալական ՀԿ –ի նախագահ Անահիտ Մկրտչյանի կողմից խորին հարցազրույցների հիման վրա: «Հատկապես մեծ են ՏՏ (տնային տնտեսություն) դժգոհությունները օդի և գյուղատնտեսական նշանակության հողերի քանակի կրճատումից, գյուղատնտեսական արտադրանքի որակից (82-100%): Ասվածի ապացույցն է մի ընտանիքում իրենց վիճակի վերաբերյալ արված հետևյալ մեկնաբանությունը. «Մեր բուսական և կենդանական աշխարհը քայքայվում է՝ մեղուները ոչնչացել են, այգիները չորանում են, անտառապատ տարածքները նոսրանում: Տնային կենդանիները հերթով սատկում են, ու պատճառները չեն ուսումնասիրվում: Բերքը, կենդանին, թունավորվում է՝ մենք էլ հետը»»,- նշված է աշխատանքի մեջ: «Ախթալայի» լեռնահարստացման կոմբինատի միակ դրական ազդեցությունը հարցվածների 90%-ը համարել է 500-600 տեղացիներին աշխատանքով ապահովելը:

Խորին հարցազրույցների միջոցով բացահայտվել է, որ.

  • Կոմբինատը նախապես չի տեղեկացրել իր գործունեության արդյունքում համայնքի վրա հնարավոր բացասական սոցիալական ազդեցությունների մասին, որոնք, սակայն, այսօր տեսանելի և սուր արտահայտված են:
  • Բացասական ազդեցությունները հատկապես վերաբերում են օդի մաքրությանն ու գյուղատնտեսական նշա¬նա¬կության հողերի քանակին, արտադրանքի որակին, որոնք աղտահարվում են ծանր մետաղներով՝ հանգեցնելով բնածին անոմալիաների, զարգացման շեղումների, սոմատիկ խրոնիկական և էնդոկրին հիվանդությունների և իմունային համակարգի թուլացմանն ու ընդհանուր հիվանդացության մակարդակի աճին: Հատկապես տուժում են երեխաները:
  • Կոմբինատի գործունեության սոցիալական ազդեցությունների կանխարգելման կամ հաղթահարման գործընթացներում տարածաշրջանի ՀԿ-ների ակտիվության մասին գնահատականները գոհացուցիչ չեն, որովհետև տարածաշրջանում կոնկրետ հանքարդյունաբերության սոցիալական վնասներով զբաղվող միայն մեկ կազմակերպություն է գործում:
  • «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքից հարցազրույցի մասնակիցներից տեղյակ էին հազիվ 1/3-ը:

«Հենվելով բնակչության կարծիքների, առաջարկությունների ու մեր դիտարկումների վրա ձևակերպվել են հետևյալ առաջարկությունները՝
1. Հստակեցնել խոշորացված Ախթալա համայնքի տարբեր բնակավայրերի վրա «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի (Շամլուղի պղնձի հանքավայր) գործունեության վնասակար ազդեցությունների կրման աստիճանը/չափը, կանխել գումարներն ուղղորդելու և օգտագործելու հարցում ՏԻՄ հնարավոր սուբյեկտիվությունը, ապահովել բնակչության կողմից ծրագրերի իրականացման վերահսկելիությունը:
2. Համայնքի զարգացման ռազմավարական ծրագրում հատկացնել հատուկ բնապահպանական բաժին՝ մշակված համայնքի ակտիվիստների, ՀԿ անդամների կողմից, հաստատված Ավագանու խորհրդի կողմից:
3. Կոմբինատի հաշվին նախադպրոցական և դպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխայի տրամադրել ուժեղացված սննդամթերքի ամենօրյա փաթեթ՝ ըստ երեխաների առողջության վրա թողնված վնասների:
4. Իրականացնել տարածաշրջանում առկա աշխատուժի գնահատում, տեղում հանքին այլընտրանք աշխատատեղերի հնարավորությունների բացահայտում, միջին մասնագիտական ուսումնարանների վերապրոֆիլավորում կամ ստեղծում և այդ աշխատանքների պլանավորում:
5. Սկսել հաջող ռեկուլտիվացիայի աշխատանքներ՝ միտված համայնքին սեփական հողերի վերադարձմանը:
6. ՀԿ ռեսուրսը օգտագործել գրագետ բնակչության գիտակցված մասնակցային վարքի ձևավորման, ԱՃԹՆ գործընթացներում նրա ընդգրկվելու հնարավորությունը մեծացնելու, ՀԿ-բնակչություն- կոմբինատի ղեկավարություն ուղիղ քննարկումներ կազմակերպելու գործում»,- նշված է աշխատանքի մեջ, որին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

15:03 Օգոստոս 02, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news