ԷկոԼուր
Վայոց ձորի մարզի Ջերմուկ խոշորացված համայնքի Գնդեվազ բնակավայրի որոշ բնակիչներ պատրաստ են հետ վերադարձնել «Լիդիան Արմենիա» ընկերությանը վաճառած իրենց հողերի գումարները: Այս հայտարարությունը նրանք արեցին փետրվարի 9-ին Գնդեվազում տեղի ունեցած Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին վերաբերյալ քննարկման ժամանակ: Ըստ նրանց` մեծ մասն իրենց հողերը ստիպված են վաճառել ընկերությանը հանքավայրի ենթակառուցվածքների կառուցման համար, որովհետև մեծ հողակտորներն արդեն վաճառված էին, եթե իրենք հրաժարվեին, միևնույն է, այդ հողը կճանաչվեր բացառիկ գերակա հանրային շահ, և իրենց ձեռքից կվերցնեին: «Այդ 3-4 միլիոն դրամը մեզ համար ոչ մի նշանակություն չունի մեր ձեռքից վերցված հողերի համեմատությամբ», - ասաց մի գնդեվազցի:
Ելույթ ունեցողներից երկրաբան Հայկարամ Արսենյանը նշեց, որ եթե Ամուլսարի հանքն աշխատի, պայթեցումներից առաջացած փոշին քամու միջոցով կգա դեպի Գնդեվազ և կաղտոտի համայնքի հողատարածքները:
«Կարծում եմ՝ բոլորդ ուզում եք առողջ ապրել և ձեր տանը ապրել: Բայց այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ հանքը մեծ վտանգ է մեր առողջության, կյանքի, առավել ևս՝ մեր հետագա սերունդների համար: …Այսօր կշեռքի նժարների վրա է դրված Ջերմուկ հանքաջրաբուժական առողջարանը և հանքը», - իր ելույթում մասնավորապես ասաց Ջերմուկի ավագանու անդամ, բժիշկ Հասմիկ Սարգսյանը:
Քննարկման ընթացքում մասնակիցները վերահաստատեցին Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրին դեմ լինելը:
Մանրամասները` Թեհմինե Ենոքյանի տեսանյութում:
Սույն հոդվածը պատրաստվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Փետրվար 13, 2019 at 16:13