ԷկոԼուր
«Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած փաստերը բավարար չեն Ամուլսարի հանքավայրի շահագործման ազդեցությունը Արփայի ավազանի քաղցրահամ և հանքային ջրային ռեսուրսների վրա բացառելու համար: Այս մասին նշված է ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիայի և օգտակար հանածոների հանքավայրերի ամբիոնի վարիչ, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Շահեն Խաչատրյանի եզրակացության մեջ, որն ուղարկվել է ՀՀ կառավարություն:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին առընթեր աշխատանքային խումբը Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ ներկայացրել է տարբեր փորձագետների 8 առանձին եզրակացություններ:
Ստորը ներկայացնում ենք Շահեն Խաչատրյանի եզրակացությունը:
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի հանքավայրի տարածքում ՇՄԱԳ-ի և ԲՍԱԳ-ի շրջանակներում իրականացված հետազոտությունների վերաբերյալ
ՇՄԱԳ-ի և ԲՍԱԳ-ի շրջանակներում «Լիդիան Արմենիա» ընկերությունը իրականացրել է Ջերմուկի գեոթերմալ և Ամուլսարի քաղցրահամ ջրերի քիմիական կազմի և իզոտոպային հետազոտություններ, որոնց արդյունքում եզրակացություն է արվել, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը Ջերմուկի հանքային ջրերի վրա որևէ ֆիզիկական ազդեցություն չի կարող ունենալ: Այս հանգամանքը հիմնավորվում է նրանով, որ Ջերմուկի գեոթերմալ աղբյուրներն իրենց քիմիական կազմով ու ծագումով տարբերվում են Ամուլսարի տարածքի ստորգետնյա ջրերից ու աղբյուրներից, քանի որ սնվում են ավելի խոր ստորգետնյա ջրային համակարգերից:
Մյուս փաստարկն այն է, որ Ամուլսարից դեպի հյուսիս հոսող ստորերկրյա և մակերևութային ջրերը Կեչուտի ջրամբարի մոտ կամ դրանից ներքև թափվում են Արփա գետը և դեպի Ջերմուկ չեն հոսում:
Լիդիանի կողմից բերված վերոնշյալ փաստերը բավարար չեն Ամուլսարի հանքավայրի շահագործման ազդեցությունը Արփայի ավազանի քաղցրահամ և հանքային ջրային ռեսուրսների վրա բացառելու համար:
Պետք է նշել, որ այստեղ խոսքը չի գնում միայն Ջերմուկ քաղաքի հարակից գեոթերմալ ջրերի մասին, այլ ամբողջ տարածաշրջանի հանքային և քաղցրահամ ջրային ավազանների մասին է խոսքը, որոնք ոչ թե լոկալ այլ ռեգիոնալ տեղաբաշխում ունեն: Հայտնի է, որ շրջանի գեոթերմալ ջրերը գտնվում են Հայոցձորի արտեզյան ավազանի ջրատար հորիզոններում և ունեն տարբեր ջերմաստիճաններ ու քիմիական կազմ (նկ.1): Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ Լիդիանի կողմից արված իզոտոպային հետազոտությունները հաստատում են այն հանգամանքը, որ Ջերմուկի գեոթերմալ ջրերը ակտիվորեն փոխազդում են մթնոլորտային ջրերի հետ: Իսկ թե ինչպե՞ս և ի՞նչ ճամապարհներով են մթնոլորտային ջրերը ներթափանցում հանքային ջրերի ավազան պարզաբանված չէ: Ավելացնենք նաև, որ նշված արտեզյան ավազանը տեղադրված է Վարդենիսի և Զանգեզուրի լեռնաշղթաների միջև և ջրերի ներհոսքը կատարվում է դրանց միջոցով(ՀԵՖ, հաշվետվ. 1874):
Այն, որ հանքային և քաղցրահամ ջրերի քիմիական կազմը տարբեր է հայտնի է դեռևս 20-րդ դարի սկզբներից, սակայն ջրերի քիմիական կազմերի տարբերությունները հիմք չեն տալիս ենթադրելու դրանց ծագումնաբանության կապի բացակայության մասին:
Ջրերի ծագումնաբանական կապը կամ կապի բացակայությունը պարզելու նպատակով ներկայումս կիրառում են բազմաթիվ մեթոդներ այդ թվում իզոտոպային հետազոտությունների մեթոդը:
Լիդիանը ջերմային ջրերի աղբյուրները պարզելու նպատակով 2013 թ.-ին իրականացրել է իզոտոպային հետազոտություններ (ՇՄԱԳ էջ 170): Ամուլսարի լանջերից վերցվել են ստորերկյա ջրերի երկու նմուշներ և համեմատվել են Ջերմուկ քաղաքի ընպելասրահի 300 C ջերմության աղբյուրի ջրի հետ: Վերցված երեք նմուշներում որոշվել են դետերիումի, տրիտիումի, թթվածնի և ածխածնի իզոտոպների փոխհարաբերությունները: Ընդամենը մեկ անգամ նմուշառված և ընդամենը 3 նմուշներում որոշված իզոտոպային փոխհարաբերությունների արժեքների հիման վրա Լիդիանը եզրակացնում է, որ Ջերմուկի հանքային ջրերը ֆիզիկական կապ չունեն Ամուլսարի ջրերի հետ: Պետք է նշել, որ նման գլոբալ հիմնահարցին պատասխան տալու համար այս մոտեցումը անթույլատրելի է, քանի որ նախ՝ նմուշառում պետք է իրականացվեր առնվազն մեկ ջրաբանական ցիկլի ընթացքում և երկրորդ՝ նմուշառում պետք է կատարվեին նաև ըմպելասրահի մյուս աղբյուրներից, որոնք ավելի բարձր ջերմաստիճան ունեն և ավելի մեծ խորություններից են բարձրանում:
Լիդիանի կողմից արված իզոտոպային հետազոտությունները ըստ էության ոչինչ չեն տվել: Բացի նրանից, որ հաստատում են Ջերմուկի գեոթերմալ ջրերի ավազան մթնոլորտային ջրերի առատ ներհոսքի մասին, իսկ սա նշանակում է, որ գեոթերմալ ջրերի կազմը մթնոլորտային տեղումների քանակից կարող է փոփոխություններ կրել:
Իսկ ինչ վերաբերում է Ամուլսարից դեպի հյուսիս հոսող ստորերկրյա և մակերևութային ջրերի Կեչուտի ջրամբարի մոտ կամ դրանից ներքև Արփա գետը թափվելուն, նշենք, որ Սպանդարյան – Կեչուտ թունելով տարեկան 4-5մլն մ3 ծավալով Ամուլսարի դրենաժային ջրերը թափվում են անմիջապես Կեչուտի ջրամբար: Այստեղ հարկ ենք համարում նշել, որ այս թունելում նույնպես հանքային ջրերի ելքեր կան:
Մյուս կարևորագույն հիմնահարցը, որին Լիդիանը չի անդրադարձել, վերաբերում է Ամուլսարի լանջերին տարածված սողանքներին (նկ.2): Խոսքը վերաբերում է Ուղեձորի սողանքային դաշտին, որը հարում է անմիջապես Սարավան-Գոռհայք ավտոմայրուղուն: Դրանք այսօր գտնվում են դանդաղ սահքի մեջ, որի հետևանքով Սարավան - Գոռհայք ավտոմայրուղու տարբեր հատվածներ կրել են տարբեր աստիճանի դեֆորմացիաններ:
Լիդիան ընկերությունը չի գնահատել սողանքների վրա ազդող բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ հանքավայրի շահագործման ընթացքում:
Այսպիսով՝ Լիդիան ընկերության կողմից պատշաճ գնահատված չեն Ամուլսարի հանքավայրի շահագործման ընթացքում տարածաշրջանի քաղցրահամ և հանքային ջրերի ավազանների, ինչպես նաև Ուղեձորի սողանքային դաշտի սողանքների վրա հնարավոր ազդեցությունները:
ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի
Ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիայի և
օգտակար հանածոների հանքավայրերի
ամբիոնի վարիչ, երկրաբ.գիտ.թեկն., դոց. Շ.Խաչատրյան
Հոկտեմբեր 22, 2018 at 17:12