WWF-Հայաստանը 15 տարեկան է

WWF-Հայաստանը 15 տարեկան է

ԷկոԼուր

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) սեպտեմբերի 28-ին նշեց իր գործունեության 15 ամյակը: Միջոցառումն անցկացվեց «Մեգերյան կարպետ» գործարանի ընդունելությունների սրահում: Շնորհավորական ելույթներով հանդես եկան WWF միջազգային գրասենյակի զարգացման գծով գործադիր տնօրեն Ժան Պոլ Պադդակը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ բնապահպանության փոխնախարար Գնել Սանոսյանը, «Մեգերյան կարպետ» ընկերության սեփականատեր Րաֆֆի Մեգերյանը:

WWF-Հայաստանը պատրաստել էր տեսաֆիլմեր, որոնք պատմում էին կազմակերպության՝ վայրի բնության, անտառների պահպանության, էկո-միջանցքների ստեղծման և համայնքներում կատարված ծրագրերի մասին:

«15 տարի առաջ, երբ սկսեցինք աշխատել Հայաստանում, կովկասյան ընձառյուծի հետք վաղուց չէր նկատվել: WWF-ը նպատակ դրեց վերադարձնել այս կենդանատեսակը տարածաշրջան: Այսօր Հայաստանում հաշվում ենք 9 ընձառյուծ, և սա առաջին հերթին եղել է ի շնորհիվ բնության հատուկ պահպանվող տարածքների հզորացման: Ոչ միայն ընձառյուծի քանակն է ավելացել, այլ նաև այլ կենդանատեսակների: Օրինակ, բեզոարյան այծերի քանակը կրկնակի ավելացել է՝ 1500-ից հասնելով 3000-ի: Այս ամենը վկայում է այն մասին, որ մեծ աշխատանք է տարվել», - ասաց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը:

«Չափազանց մեծ է եղել WWF-ի դերը Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության հարցում: Որպես նախկին բնապահպանության նախարար ես կարողացել եմ ստանալ այն անհրաժեշտ աջակցությունը, որ անհրաժեշտ էր կազմակերպության մանդատի շրջանակներում մեր ծրագրերն իրականացնելու համար: Հիմա որպես տնտեսական զարգացման և ներդրումների նախարար պետք է ասեմ, որ հիմնարար վերափոխվել է նախարարության տնտեսական քաղաքականությունը: Առաջնահերթությունը ոչ միայն պարզապես տնտեսական աճի ապահովումն է, այլ որակյալ, ներառական և շրջակա միջավայրն ու սոցիալական ներառումն ապահովող տնտեսական աճի ապահովումը», - նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Վերջինիս կողմից WWF -Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը պարգևատրվեց նախարարության ոսկե հուշամեդալով՝ WWF Հայաստանի կողմից 15 տարվա արդյունավետ բնապահպանական գործունեության համար:

Միջոցառման ժամանակ ցուցադրվեց ներկայացում Երևանի մնջախաղի պետական թատրոնի կողմից՝ «Ապրելով բնության հետ ներդաշնակ», ելույթ ունեցան երաժիշտ Միքայել Ոսկանյանը և MVF բենդը:

Լուսանկարները՝ WWF-Հայաստանի

Հոկտեմբեր 01, 2018 at 18:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր