ԷկոԼուր
«Մենք ունենք հավակնոտ ազգային ծրագիր՝ կրկնապատկելու անտառածածկը մինչև 2050 թվականը, և այս միջոցառումը կառուցողական քայլ է՝ միավորելու տարբեր շահագրգիռ կողմերի և համագործակցելու անտառապատման և վերականգնման հարցերի շուրջ»: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը՝ խոսելով Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Գագաթաժողով հանուն անտառների» միջոցառման մասին: Այս մասին հայտնում է և «Էյ Թի Փի»-ին:
Միջոցառումը կանցկացվի Երևանում՝ hոկտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 23-ը: Գագաթնաժողովի նպատակն է խթանել անտառների պահպանման և վերականգնմանն ուղղվող քննարկումները և համագործակցությունը: Այն կհամախմբի անտառվերականգնման ոլորտում առաջատար մասնագետների՝ գիտելիքների փոխանակման, երկխոսության և կապերի հաստատման համար:
Միջոցառման գլխավոր բանախոսն է անտառագիտության ոլորտում հետազոտական և կրթական գործունեություն ծավալող աշխարհի առաջատար հաստատություններից մեկի՝ Օրեգոնի պետական համալսարանի Անտառագիտության քոլեջի դեկան, պրոֆեսոր Էնթընի Ս. Դեյվիսը: Միջոցառմանը մասնակցելու են Վուդս Հոլ հետազոտական կենտրոնի բնապահպանության տնտեսագետ դոկտոր Գլեն Բուշը, Իսրայելի ամենամեծ բնապահպանական կազմակերպության՝ KKL-JNF ազգային հիմնադրամի անտառների ստորաբաժանման տնօրեն դոկտոր Օմրի Բոնեհը, 2004թ-ին Քենիայում անտառապատման և հասարակական ակտիվության համար խաղաղության Նոբելյան մրցանակ ստացած միջազգային «Կանաչ գոտի» շարժման ծրագրերի պատասխանատու Դեյվիդ Մաթենջեն, «Լիբանանի անտառվերականգնման նախաձեռնություն» կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Մայա Նեհմեն, ինչպես նաև ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Կանաչ կլիմայի հիմնադրամի Լատինական Ամերիկայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տարածաշրջանային խորհրդական Կարմեն Արգուելլոն և այլոք:
«Ամբողջ աշխարհում գիտնականները, քաղաքական գործիչները և քաղաքացիներն սկսել են դիտարկել կլիմայի փոփոխությունը՝ որպես 21-րդ դարի ամենակարևոր խնդիրներից մեկը, և այդ կոնտեքստում անտառների ընդլայնումը ճանաչվել է որպես այդ աղետը մեղմելու ամենաարդյունավետ ուղիներից մեկը:
Անտառները օգնում են առանձնացնել ածխաթթու գազը, որը կլիմայի փոփոխության գործոններից է, ինչպես նաև ապահովում են էկոհամակարգի այլ արժեքավոր ծառայություններ՝ ներառյալ ջրերի մաքրումը, ինչպես նաև թռչունների և կենդանիների համար բնական միջավայրի ստեղծումը:
Հայաստանի Խոսրովի անտառ է վերադարձել Կովկասյան ընձառյուծը, ինչը կենսաբազմազանության պահպանման հաջողության պատմություն է», - նշում է «Էյ Թի Փի»-ն:
Գագաթնաժողովի ընթացքում լինելու են նաև դաշտային այցելություններ դեպի Հայաստանի ծառատնկման վայրեր:
Հոկտեմբեր 21, 2019 at 14:25