Լոռու մարզի «Խնձորուտի անտառպետության» տարածքում 3000 ծառ է տնկվել

Լոռու մարզի «Խնձորուտի անտառպետության» տարածքում 3000 ծառ է տնկվել

ԷկոԼուր

Հոկտեմբերի 13-ին Լոռու մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Խնձորուտի անտառպետության» երրորդ պահաբաժնում 1,3 հեկտար տարածքում 3000 ծառ է տնկվել և կաղնու ու շագանակենու սերմեր են ցանվել:

«Գարնանը պետք է վերատնկում կատարենք: Խրամատային եղանակով ենք ծառատունկ արել: Հետևողական պահպանություն ենք իրականացնելու ծառերի՝ մինչև 7-8 տարեկան դառնալը»,- ԷկոԼուրին ասաց «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Արեն Աղաբաբյանը: Ըստ նրա՝ 3000 տնկիների առնվազն 60%-ը կամրանա հողին:

Ծառատունկին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, դպրոցների, բուժհաստատությունների ներկայացուցիչներ: Լոռու մարզպետի նախաձեռնությամբ առաջարկվել է յուրաքանչյուր ծառի տնկման համար 1000 դրամ վճարել ըստ ցանկության: Ըստ Արեն Աղաբաբյանի՝ ծառատունկ իրականացնողների դրամահավաքի արդյունքում հավաքվել է 407 հազար դրամ գումար, որը փոխանցվել է Լոռու մարզի կրթության, մշակույթի և սպորտի հիմնադրամին՝ անտառապահպանության և հետագայում այլ ծառատունկ իրականացնելու նպատակով: Մասնավորապես՝ գոյացած ողջ հասույթը կօգտագործվի անտառային գոտիների ցանկապատման և բնության խաթարված հատվածների վերականգնման աշխատանքների կազմակերպման համար:

Ծառատունկն իրականացվել է «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ:

«Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղը ներկայում զբաղեցնում է 17 հազար հեկտար տարածք, որից անտառածածկ է 12 հազար հեկտարը: Հանդիպող ծառատեսակներն են՝ սոճենի, հացի, թխկի, բոխի, հաճարենի, լորենի, կեչի, շագանակենի:

Լուսանկարը՝ Արեն Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից

 

19:13 Հոկտեմբեր 16, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news