Ահազանգ. Դալմայի այգիների տարածքում շինարարությունը շարունակվում է

Ահազանգ. Դալմայի այգիների տարածքում շինարարությունը շարունակվում է

ԷկոԼուր

Չնայած Երևանի քաղաքապետարանի պահանջին` Դալմայի այգիների տարածքում շինարարությունը շարունակվում է:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանն ահազանգում է.

«Մեր երկրում, ինչ է, մարդն արժեք չունի՞: Մի քանի օր առաջ ուրախացանք, որ երկրում սկսել է օրենքը գործել, և կասեցվել է Նուշիկյանների շինարարությունը Դալմայի այգիներում: Երևանի քաղաքապետարանի փաստաթուղթն էլ կասեցման մասին հանրայնացրեցինք: Բայց, ցավոք, ոչ մի բան չի փոխվել, ավելի վատացել է: Քանի օր է՝ կառուցապատողը անթափանց պարսպով ցանկապատել է տարածքն ու անվրդով շարունակում է շինարարությունը՝ աչքից հեռու, գլուխներն էլ՝ խախանդ:

Ասում եք՝ հնարավո՞ր է կոնսերվացիոն աշխատանքներ են տանում: Միթե՞ քաղաքապետարանը չի կարող նորմալ նկարահանող խումբ ուղարկել այնտեղ համապատասխան մասնագետների հետ, ովքեր մասնագիտորեն կնկարահանեն ամեն ինչ և կտան իրավաբանորեն ճիշտ պարզաբանում, կլուսաբանեն բոլորիս, թե ինչ է այնտեղ իրականում կատարվում:

Ախր այդ տարածքի հողատերերը տարիքն առած մարդիկ են, մեղք են, շատ մեղք: Ամեն օր առավոտվա 8-ից գնում, կանգնում են այդ ցանկապատից այս կողմ ու չեն հասկանում՝ ինչ է այնտեղ կատարվում: Ինչքա՞ն կարելի է արհամահրել մարդկանց»:

Հիշեցնենք, որ ս․ թ․ մայիսի 8-ին Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոնյանը հրապարակել էր «Պարկ Գրուպ» ՍՊԸ-ին ուղղված Երևանի քաղաքապետարանի նամակը, որով քաղաքապետարանը պահանջել է կասեցնել Դալմայի այգիների տարածքում իրականացվող շինարարությունը։ 

Դալմայի այգիների տարածքից Ռուզաննա Ղազարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարներում ցանկապատից այն կողմ երևում են շինարարական տեխնիկան ու համազգեստով աշխատակիցները:

Լուսանկարները՝ Ռուզաննա Ղազարյանի ՖԲ էջից

12:08 Մայիս 22, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news