ԷկոԼուր
«2019 թ-ի մեր ամենամեծ ձեռքբերումը համարում ենք անտառի կառավարման ոլորտում կատարված արմատական փոփոխությունները, որը չի եղել ամբողջ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում: Ավելին, 30 տարի տարեց-տարի մեր երկրում անտառի թալանը ավելի գազանաբար բնույթ է կրել: 2019 թ-ին մենք առաջին անգամ հատուկ, կտրուկ և հաստատակամ ձևով ուղղակի կանգնեցրեցինք այս գործընթացը:
Այս գործընթացը կանգնեցնելը հեշտ չէ: Հնչել են մասնագիտական, փորձագիտական կարծիքներ, որ այս ոլորտում շրջանառվել է տարեկան առնվազն 500 միլիոն դոլար սև եկամուտ: Եվ սա նշանակում է, որ, ըստ էության, այս գործընթացը, որը սկսվեց և այսօր հաջողությամբ պահվում է, այս 500 միլիոն դոլար սև եկամուտ ձևավորող սև շուկայի և արդեն տասնամյակների ընթացքում ստեղծված կրիմինալ ենթակառուցվացքների դեմ գործըթնաց էր» , - հայտարարեց ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հայկ Չոբանյանի խոսքով՝ անտառհատման ծավալները կրճատվել են առնվազն տասնապատիկ անգամ, և եթե տեղի են ունենում անօրինական անտառհատման դեպքեր, դրանց առնվազն 90 տոկոսը հայտնաբերվում է:
«Սա նշանակում է, որ մենք, ըստ էության, լուծել ենք այս հարցը, և մեր հիմնական աշխատանքն ուղղված է լինելու անտառի կառավարման համակարգի բարելավմանը 2020 թ-ին:
Այսօր մենք շարունակում ենք մեր հաստատակամ քայլերն այն առումով, որը վաղը՝ 2020 թ-ի արդյուքներով արձանագրենք, որ անտառը պահվում է ոչ թե հատկապես ուժային կառույցների մասնակցությամբ, այլ անտառը պահվում է պրոֆեսիոնալ կառույցի մասնակցությամբ, որի խնդիրը հենց անտառի պահպանումը և կառավարումն է:
Այսօր, ցավոք սրտի, մենք դեռևս անտառի կառավարման համակարգի միջոցով ի վիճակի չենք այս պահպանության գործը լիարժեք իրականացնելու: Այդ պատճառով այս գործընթացի մեջ հատկապես ներգրավված է ՀՀ ոստիկանութունը, այլ ուժային կառույցներ: Մենք Դիլիջանի ելքի վրա ունենք համապատասխան պահակակետ, այլ վայրերում էլ ունենք այդպիսի պահակակետեր, իրականացվում է մեծ ծավալի օպերատիվ աշխատանք, որպեսզի մենք թույլ չտանք, որ այս անիվը այլևս հետ գնա:
Հայաստանում անտառներն այլևս գտնվում են պետական հոգածության և պաշտանության ներքո, Հայաստանում այլևս անօրինական անտառհատումը չի լինելու որպես գործըթնաց», - ասաց Հայկ Չոբանյանը:
Մարզպետը հայտնեց, որ անցյալ տարի անտառվերականգնման մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել, իսկ այս տարի բազմապատիկ է լինելու:
«Մենք առաջին անգամ մասնավոր ներդրմամբ ստեղծել ենք տնկարան անտառի վերականգնման համար, որտեղ 2020 թ-ին հնարավորություն կլինի արտադրել առնվազն 200 հազար տնկի, որոնք պետք է ծառայեն անտառվերականգնմանը:
Մենք անտառը դիտարկում ենք ոչ միայն փայտանյութի տեսանկյունից, այլ անտառը դիտարկում ենք ընդհանուր որպես տնտեսական եկամուտ ապահովող միջոց, որովհետև մեր անտառները լի են մրգերով, հատապտուղներով, տարբեր ուտելի բանջարեղեններով, և կարծում եմ՝ այս ուղղությունը մենք ևս պետք է զարգացնենք», - նշեց Հայկ Չոբանյանը:
Փետրվար 11, 2020 at 16:36