Արթիկի նախկինում շահագործված քարհանքերի 40 հա տարածքում նախատեսվում է անտառպուրակ և հանգստի գոտի հիմնել

Արթիկի նախկինում շահագործված քարհանքերի 40 հա տարածքում նախատեսվում է անտառպուրակ և հանգստի գոտի հիմնել

ԷկոԼուր

Արթիկի նախկինում շահագործված քարհանքերի 40 հա մակերեսով տարածքում նախատեսվում է իրականացնել դեգրադացված լանդշաֆտի բարելավման աշխատանքներ: 30 հա տարածքում պետք է հիմնվի անտառպուրակ, իսկ 10 հա-ում՝ հանգստի գոտի։  

Այս աշխատանքների վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ է ներկայացված ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: Հայտի համաձայն՝ պատվիրատուն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն է, կատարողը «Կոնստանտա Բիլդ» ՍՊԸ-ն:

 

Արթիկի քարհանքերի տարածքում անտառպուրակ և հանգստի գոտի հիմնելը «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային ծրագրի միջոցառումներից է: Այս ծրագրի իրականացման համար ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամը (Adaptation Fund) տրամադրել է 1,435,100 ԱՄՆ դոլար՝ որպես դրամաշնորհ: Այդ գումարից 805.140 դոլար նախատեսվել է կլիմայի փոփոխության և մարդածին գործոնների ազդեցության տակ գտնվող Արթիկի տարածքի բնական լանդշաֆտների վերականգնման, կառավարման և հարմարվողական ներուժի բարձրացման համար: 

Նախատեսվում է անտառպուրակում տնկել 12․105 տնկի և 21․232 թուփ։ Հիմնական ծառատեսակներ են ընտրվել սոճին, կաղնին, հացենին և արոսենին։ 10 հա հանգստի գոտու համար նախատեսվում է տնկել 5721 ծառ և 6659 թուփ։ Որպես տնկանյութ են ընտրվել սոճին, կաղնին, արոսենին, հացենին, կեչին, խնձորենին, գիհին, մասրենին, չաիչխանը և այլն։ 

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ գործունեության ենթակա տարածքներում ամբողջովին բացակայում է հողային ծածկույթը։ Անտառապատման աշխատանքների համար նախատեսված բուսահողը կբերվի «Հյուսիս-հարավ» Տրանշ-3 կառուցվող ճանապարհահատվածի շինհրապարակներից:  Տարածքների ոռոգումը կիրականացվի նոր կառուցվող ինքնահոս ոռոգման համակարգի միջոցով: Ոռոգման ջուրը կվերցվի Արթիկջուր գետից: 

Այս տարվա մարտ-սեպտեմբեր ամիսներին նախատեսվում է իրականացնել հողային տարածքների համահարթեցումը, իսկ ծառատնկման և թփատնկման աշխատանքները՝ 2021 թ․ մարտ-ապրիլ և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ 

Ծառատնկման և խնամքի իրականացման համար, ըստ հայտի, կհատկացվի 69353,32 հազար դրամ, թփերի տնկման և խնամքի իրականացման համար՝ 121․888 հազար դրամ, իսկ հանգստի գոտու շինարարական աշխատանքների կատարման համար՝  163924.8 հազար դրամ։ 

14:29 Մարտ 25, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news