Արմաշի այրված էկոգոտին վերականգնվում է

Արմաշի այրված էկոգոտին վերականգնվում է

ԷկոԼուր

«Արմաշ գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանն այս օրերին Արմաշում իր կողմից հիմնած էկոգոտու վերականգնման աշխատանքներ է իրականացնում։ Մարտի 25-ից ապրիլի 11-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 80 ծառ է տնկել՝ զսպանակաձև ճյուղերով ուռենի և կանադական բարդի։

2019 թ․ աշնանը Տիգրան Մաթևոսյանը Էկոաշխարհ հիմնելու նպատակով սեփական միջոցներով Արմաշ համայնքի վարչական տարածքում` իր հողամասի սահմանի երկայնքով և Արմաշի արհեստական լճերի հարևանությամբ, նախկին խոտհարքերում, ծառատունկ էր իրականացրել։ 2020 թ․ փետրվարին, սակայն, hրդեհի արդյունքում այրվել էին էկոգոտու նորատունկ ծառերը՝ շուրջ 170 բարդի և ուռենի, մոտ 70-ը՝ ջերմահարվել: 

Ըստ Տիգրան Մաթևոսյանի՝ իր կողմից նյութական պահանջ չունենալու պատճառով հրդեհի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել և գործը կարճվել է։  

Նշենք, որ էկոգոտու տարածքը «Birdlife International» միջազգային կազմակերպության կողմից քարտեզագրված է որպես կարևորագույն թռչնաբանական տարածք: Տիգրան Մաթևոսյանը նպատակ ունի այդ տարածքը դարձնել վայրի թռչունների համար ապաստարան, որտեղ կբացառվի որսը, կզարգանա էկոտուրիզմը, կիրականացվեն թռչնադիտարկումներ:

Լուսանկարը՝ Տիգրան Մաթևոսյանի

Ապրիլ 14, 2020 at 14:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր