Աշնանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կիրականացնի անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ

Աշնանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կիրականացնի անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ

ԷկոԼուր

ՀՀ 2019 թ. պետական բյուջեով ՀՀ կառավարության կողմից նախատեսված է եղել 810 հա անտառվերականգնման աշխատանքների իրականացում: Այն ներառում էր 150 հա անտառի վերականգնում, 200 հա անտառի բնական վերաճի նպաստում և 460 հա կոճղաշիվային վերականգնման աջակցում: Այդ նպատակով 2019 թ. պետական բյուջեի 1173 «Անտառների կառավարում» ծրագրի 32001 «Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ» միջոցառման համաձայն հատկացվել է 425842,8 հազար դրամ:

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 10-ին ընդունած որոշմամբ փոփոխություն կատարվեց ՀՀ 2019 թ. պետական բյուջեում: Բանն այն է, որ գարնանը անտառվերականգնման աշխատանքներ չեն իրականացվել,և դրանք նախատեսվում է իրականացնել աշնանը: Կատարվել է աշխատանքների ծավալների վերաբաշխում և ծախսերի վերահաշվարկ, որի արդյունքում «Անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ» միջոցառման համար անհրաժեշտ գումարը ներկայումս կազմում է 424603,0 դրամ:

Մնացած 1239,8 հազար դրամը կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Կառավարության որոշմամբ առաջարկվել է նաև անտառավերականգնման նպատակով նախատեսված ծախսերն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ մեկ անձից գնումներ կատարելու սկզբունքով՝ հաշվի առնելով միջոցառման աշխատանքների կատարման ժամկետների սղությունը: Միևնույն ժամանակ առաջարկվել է ՀՀ կառավարության փոխարեն անտառավերականգնման աշխատանքների իրականացումը հանձնարարել շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նախատեսվում է իրականացնել նաև տնկարանի հիմնում, նախորդ տարիներին հիմնադրված տնկարանի և անտառմշակույթների խնամք, անտառմշակույթների լրացում, սերմերի մթերում և այլն: Այս աշխատանքները նախատեսվում է իրականացնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 19 «անտառտնտեսություն» մասնաճյուղերի տարածքներում:

Նշենք, որ ՄԱԿ–ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի շրջանակներում ընդունված «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումը» (INDC) փաստաթղթով Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություն մինչև 2050 թ․ երկրի անտառապատվածությունը հասցնել օպտիմալ 20.1%-ի (ներկայում 11.2 % է):

15:39 Հոկտեմբեր 11, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news