ԷկոԼուր
2018թ. ընթացքում «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ ֆինանսավորմամբ, «Բիո Գամա» ընկերությունն իրականացրել է բեզոարյան այծերի և գիհու նոսրանտառի մշտադիտարկում:
Ձմեռային դիտարկման արդյունքներով բեզոարյան այծերի պոպուլյացիայի խտությունը դիտարկված տարածքներում կազմել է 1քառ./կմ 5,5 առանձնյակ: «Սա ամբողջական հաշվարկ չէր: Հետագա հաշվարկները ցույց կտան, թե որքան բեոզարյան այծ կա: Ամենամյա դիտարկմամբ կհասկանանք՝ թիվն ավելանում է, թե պակասում», - նշեց Կովկասի բնության հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Մարինե Կարապետյանը:
Գիհու նոսրանտառի մոնիթորինգի արդյունքում մշակվել են ձևաթղթեր 305 ծառերի համար՝ արգելոցի տարբեր հատվածներում տեղակայված 10 փորձադաշտերում`դիտարկված տարածքերում (ներառյալ 3 փորձադաշտեր հրդեհից այրված տարածքներում): «Ձևաթղթում նշվում է ծառերի դիրքը, տրամագիծը, չոր կամ վնասված ծառերի քանակը, վնասվածքների բնույթը, եթե այդպիսիք կան. հետագա դիտարկումների արդյունքում կնշվեն բոլոր փոփոխությունները», - ասաց Մարինե Կարապետյանը:
Բեզոարյան այծերի պոպուլյացիայի դինամիկայի և գիհու նոսրանտառի մշտադիտարկումը նախատեսվում է շարունակել նաև հետագայում: Ձեռք բերված տվյալներով կգնահատվի պոպուլյացիայի դինամիկան, ինչը ցույց կտա նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կառավարման արդյունավետությունը:
Մարտ 12, 2019 at 18:14