Հայաստանի անտառներում անտառամերձ բնակիչների համար թափուկ վառելափայտի բավարար պաշար չկա

Հայաստանի անտառներում անտառամերձ բնակիչների համար թափուկ վառելափայտի բավարար պաշար չկա

ԷկոԼուր

Հայաստանի անտառներում անցած տարիներին կատարված անխնա հատումներից հետո թափուկ վառելափայտի բավարար պաշար չկա՝ անտառամերձ բնակավայրերի բոլոր բնակիչներին կառավարության որոշմամբ հասանելիք անվճար չափաբաժինը՝ տարեկան մինչև 8 խորանարդ մետրը, հատկացնելու համար։ Այս մասին հայտարարել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանն ու անտառի պահպանությամբ զբաղվող մասնագետները օրերս Լոռու մարզ կատարած այցի ժամանակ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հայանտառ»-ի տնօրեն Արեգ Կարապետյանն նշել է, որ գնալով նվազում են այդ պաշարները հաջորդ տարիների համար։

«Ցավով պետք է նշեմ, որ մեր անտառային էկոհամակարգերը այսօր ունակ չեն, առկա չէ այնքան փայտանյութի պաշար, որ հերիքի բոլոր ցանկացողներին մաքսիմալ խորանարդ մետր ծավալով։ Սա է պատճառը, որ մենք փորձում ենք լուծել, որ մենք փորձում ենք մոտեցումներ գտնել՝ ինչպես վարվել, որ հնարավորինս արդար ձևով բաշխվի անվճար թափուկ վառելափայտ», - «Ազատության»-ը ասել է Արեգ Կարապետյանը։

«Հայանտառ»-ի ղեկավարը միանշանակ շեշտել է, որ անտառից դուրս եկող փայտանյութն առավելապես հասնում է ոչ թե մերձակա համայնքների բնակիչներին, այլ օգտագործվում է վաճառքի նպատակով։ Ընդ որում, անգամ գնորդ կարող են լինել նույն այդ համայնքների բնակիչները։

«Մեր գլխավոր խնդիրներից մեկն է, որ մենք կարողանանք բացառել կամ նվազեցնել մարզից դուրս եկող վառելափայտը, որը միանշանակ ծառայում է բիզնեսին, այլ ոչ թե անտառամերձ համայնքների բնակչությանը», - ասել է Արեգ Կարապետյանը։

Իսկ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանն էլ հայտարարել է, որ ոստիկանության ուշադրության կենտրոնում է անտառահատման ցանկացած դեպք։ Արդեն մեկ ամիս մարզի անտառների մուտքերում տեղակայված են ութ կայուն պահակակետեր, որոնք շուրջօրյա հսկողություն են իրականացնում։

Ըստ աղբյուրի՝ «Հայանտառ»-ը համայնքների ղեկավարների առաջ պայման է դրել՝ այսուհետև անտառամերձ բնակավայրերի բնակիչները թափուկ վառելափայտ կստանան միայն համայնքների ղեկավարների կազմած և նախապես հաստատված ցուցակների հիման վրա։

Համայնքների ղեկավարներն էլ դժգոհել են՝ անվճար վառելափայտը հասնում է միայն անտառամերձ բնակավայրերի բնակիչներին։ Իսկ ինչ անեն ոչ անտառամերձ, ասենք, Սպիտակ քաղաքի մերձակա, հատկապես, չգազաֆիկացված գյուղերը, որոնք հեռու են անտառից, բայց վառելափայտի կարիք ունեն։ Համայնքապետերը հորդորել են՝ կառավարություն հասցնել քարածուխ ներկրելու իրենց առաջարկը։ Դա, ըստ նրանց, կմեղմացնի վառելափայտի մեծ պահանջարկը։

Անտառի պահպանության պատասխանատուներն ասել են, որ կառավարությունն այլընտրանքային վառելիքի ձևեր է փնտրում։ «Հայանտառ»-ի տնօրենը համայնքապետերին հորդորել է հանդես գալ առաջարկություններով՝ Հայաստանը բնապահպանական աղետից փրկելու, նախորդ տարիներին անխնա հատված անտառը պահպանելու և վերականգնելու ուղղությամբ։

16:41 Օգոստոս 15, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news