ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականները մարզային և Երևանի դատախազություններին՝ Բնապահպանական հանրային դատարանի՝ անտառների գործով վճռի վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականները մարզային և Երևանի դատախազություններին՝ Բնապահպանական հանրային դատարանի՝ անտառների գործով վճռի վերաբերյալ

ԷկոԼուր

ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է Սյունիքի, Կոտայքի և Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազներին ուսումնասիրել և ստուգել Բնապահպանական հանրային դատարանի` «Հայաստանի անտառային էկոհամակարգի խախտումների վերաբերյալ» գործի վերաբերյալ վճիռում նշված խնդիրները:

Մասնավորապես՝
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Ա. Չիչոյանը պետք է ստուգի Երևանի նախկին անտառնտեսության Էրեբունու անտառպետության տարածքում անտառապատման համար հատկացված 59 միլիոն դրամի նպատակային օգտագործման և Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման համար անտառային հողերից 24,42 հա հողատարածք հատկացնելու օրինականությունը: Իր հերթին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վ. Վարդանյանին հանձնարարել է ստուգել «ԷկոԼուր» ՀԿ-ի դիմումի մեջ նշված փաստարկները և արդյունքների մասին հայտնել դիմումատուին և վարչական շրջանների դատախազություն:


ՀՀ գլխավոր դատախազությունը Սյունիքի մարզի դատախազ Վ. Հարությունյանն հանձնարարել է ստուգել Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով «Արևիք» ազգային պարկի հատուկ նշանակության հողերից 186,4 հա հատկացնելու օրինականությունը: Սյունիքի մարզի դատախազությունն էլ հանձնարարել է ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Մինասյանին ստուգել 186,4 հա հատկացնելու օրինականությունը և անտառային հողերի կատեգորիաների փոփոխությունների անվան տակ ՀՀ անտառների ոչնչացման հանգամանքները:


Կոտայքի մարզի դատախազ Ռ. Խաչատրյանին հանձնարարվել է ստուգել Ծաղկաձորի անտառային հողերի նպատակային նշանակությունը փոխելու, հողահատկացումների և կառուցապատման օրինականությունը, Կոտայքի մարզի անտառային ֆոնդի հողերի կատեգորիայի փոփոխման և այդ հողերի հետագա տնօրինման, Հանքավանի՝ 500 հա անտառային ֆոնդի հողերի օտարման օրինականությունը:

Հիշեցնենք, որ Բնապահպանական հանրային դատարանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին առաջարկել էր.
ա/ Ստուգել անտառային օրենսդրության խախտումների վերաբերյալ քրեական գործերի կարճման օրինականությունը:

բ/ Հայտնաբերել անտառխախտման իրական բոլոր մեղավորներին, այդ թվում, պատվիրատուներին` անտառախատումների վերաբերյալ քրեական գործեր քննելիս:

գ/ Ստուգել Հայաստանում փայտածուխի արտադրության, իրացման և արտահանման օրինականությունը, հայտնաբերել ոլորտում տեղ գտած օրինախախտումները և կիրառել համապատասխան միջոցառումներ դրանց վերացման ուղղությամբ:

դ/ Ստուգել Երևանի նախկին անտառտնտեսության Էրեբունու անտառպետության տարածքում անտառապատման համար հատկացված 59 մլն. դրամի նպատակային օգտագործումը և անտառային հողերից 24.42 հա` Նուբարաշենի նոր աղբավայրի կառուցման համար, հատկացման օրինականությունը:

ե/ Ստուգել Ծաղկաձորի անտառային հողերի նպատակային նշանակությունը փոխելու, հողհատկացումների և կառուցապատման օրինականությունը, ինչպես նաև Կոտայքի մարզի անտառային ֆոնդի հողերի կատեգորիայի փոփոխման /ՀՀ կառավարության 05.04.07թ. հ.422-Ն որոշման/ և այդ հողերի հետագա տնօրինման օրինականությունը:

զ/ Ստուգել «Արևիք» ազգային պարկի հատուկ նշանակության հողերից 186.4 հա Մեղրասարի ոսկու հանքավայրի շահագործման նպատակով հատկացնելու օրինականությունը:

ը/ Ստուգել Հանքավանի 500 հա անտառային ֆոնդի հողերի օտարման օրինականությունը:

Մայիս 21, 2019 at 19:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր