360-ից 300 օրն արևային են․ Արեգունիում էներգետիկ պոտենցիալը մնում է չօգտագործված

360-ից 300 օրն արևային են․ Արեգունիում էներգետիկ պոտենցիալը մնում է չօգտագործված

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Արեգունի գյուղը յուրահատուկ է իր բնակլիմակայական պայմաններով։ Ըստ բնակիչների՝ այստեղ տարվա ընթացքում 300 օրն արևային է, ինչը հիանալի հնարավորություն է վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ արևային էներգետիկայի զարգացման համար։ Արդեն իսկ «Սքայ էներջի» ընկերության կողմից արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար Գեղամասարի ավագանին փոխել է 12 հա վարելահողերի կատեգորիան էներգետիկայի գործառնական նշանակության կատեգորիայի:

Արեգունիի վարչական ներկայացուցիչ Սոս Հովհաննիսյանն ԷկոԼուրի հետ զրույցում նշեց, որ իրենք նոր արևային կայաններ կառուցելու համար տարածք տրամադրելու խնդիր չունեն։ «Գյուղն ունի էներգետիկ ռեսուրսների մեծ հնարավորություն։ Ունենք հողամասեր։ Լավ սար ունենք, որը արևային կայանի արտակարգ տեղ է։ Այդ սարը մեծ ռեսուրս է։ Միակ խնդիրն այն է, որ այդ մասին իմանան ներդրողները։ Էներգետիկ զարգացումը նաև աշխատատեղեր կստեղծի»,- ասաց նա։

Բնակիչներից մեկն էլ ասաց, որ արևային էներգետիկան նոր է հասանելի դառնում գյուղացու համար։ Արևային էներգիայից օգտվելու փորձ ունեն դեռևս 2-3 ընտանիք, ովքեր այն կիրառում են ջրի տաքացման նպատակով։

«Մարդիկ վարկով են դնում արևային կայանները։ Հաշվում են, եթե ամսական պետք է 20-25 հազար դրամ տան հոսանքին, հիմա վարկ կվերցնի, հոսանքի գումարը կլինի 5000, 15 հազարը կրճատում է արևայինի հաշվին, դրանով է արդեն վարկը փակում»,- ասաց նա։

Արեգունին մինչ օրս գազաֆիկացված չէ։ Բնակիչները երբեմն կատակով ասում են․ «Գազն ի՞նչ գույն ունի»։ Ջեռուցման նպատակով օգտագործում են փայտ, աթարե բրեկետներ, գազաբալոններ ու էլեկտրաէներգիա։

«Համարյա բոլորը գազի բալոններ ունեն։ Ճաշ եփելիս գազ են օգտագործում՝ պրոպան, մեթան։ Մարդիկ բերել են, ավտոյի գազը վառում են։ Տան ջեռուցումը փայտով ու աթարով ենք անում։ Տարեկան 7-10 խմ փայտ է օգտագործվում։ Ոչ թե վառում ենք, որ ինչպես Աֆրիկայում ման գանք, այլ՝ ուղղակի չմրսենք։ Փայտի մեկ խմ-ի արժեքը դարձել է 25-30 հազար դրամ»,- նշեցին բնակիչները։

Փայտին որպես այլընտրանք գյուղացիները պատրաստ են զարգացնել բրեկտների արտադրությունն ու արևային էներգետիկան։ Բայց թե՛ մեկի և թե՛ մյուսի համար ֆինանս է պետք, ինչից գյուղացիներն այսօր զրկված են։ Ըստ վարչական ներկայացուցիչ Սոս Հովհաննիսյանի՝ գյուղացիներն անգամ իրենց հողի հարկն են դժվարությամբ վճարում։

«Գյուղացիների մեծ մասը չի աշխատում՝ մենատնտեսներ են։ Մի հատ կարկուտ եկավ, գյուղացին մեկ տարի ուշքի չի գալիս։ Այս տարի կրկին կարկուտ եկավ։ Կառավարություն էլ ենք դիմել, կառավարական աջակցություն չենք ստացել։ Մարդիկ հողի հարկերը ի վիճակի չեն վճարել, տույժ-տուգանքներ են գալիս։ Է, որ մարդը չի կարողանում հարկը մուծել, տույժ-տուգանքը ո՞նց է տալու, եղած մի կովն էլ ծախելու է, տույժ տուգանքը փակի՞։ Գոնե սերմացուով, վառելիքով օգնեին մարդկանց, թեկուզ շուկայականից ցածր արժեքներով։ Ինչ վերաբերում է վերականգնվող էներգետիկա զարգացնելու հարցին, ապա՝ բոլոր ատյաններին դիմել ենք՝ պատասխան չկա։ Ֆոնդերին ենք դիմել, այդտեղից էլ պատասխան չենք ստացել։ Բայց ամեն ինչ չի սկսվում Երևանով ու Ստեփանակերտով։ Ամեն ինչ սկսվում է սահմանապահ ժողովրդից․ մենք և՛ սահմանապահ ենք, և՛ դիրքապահ, բայց կարծես թե անտեսված լինենք»,- ասաց նա։

120 տնից միայն 60-ում մշտական բնակիչ ունեցող Արեգունիում մարդիկ հույս ունեն, որ Մ14 ավտոճանապարհի վերանորոգումը կարող է գյուղի զարգացմանը նպաստել։

«Տարեկան 3-4 անգամ դրսից տուրիստներ են գալիս։ Չի բացառվում, որ ճանապարհը վերանորոգելու շնորհիվ տուրիստական շարժը մեծանա։ Սա Փոքր Մետաքսի ճանապարհի մի հատվածն է։ Բացի այդ, գյուղում կրկին վերակենդանացել է հյուրատան գաղափարը",֊ նշեց բնակիչներից մեկը։

Ինչ վերաբերում է Գեղամասար խոշորացված համայնքի կողմից գյուղում ծրագրեր իրականացնելուն, ապա վարչական ներկայացուցիչն ու գյուղացիները նշեցին, որ խոշորացված համայնքի 18 գյուղերի համար իրականացվող աշխատանքների համակարգումը ժամանակ է պահանջում։ «18 գյուղին պետք է պատասխան տալ։ Բայց հնարավոր չէ բոլորին միանգամից հասնեն, հերթականությամբ է։ Մի օր էլ հերթը մեզ կհասնի»,- ասաց վարչական ներկայացուցիչը։

12:00 Հոկտեմբեր 09, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news