2020 թվականը՝ էներգախնայողության տարի

2020 թվականը՝ էներգախնայողության տարի

ԷկոԼուր

Փետրվարի 20-ի նիստին գործադիրը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: «Էներգախնայողության թեման մեզ համար պետք է ունենա ռազմավարական առաջնահերթություն: Սա տնտեսական խնդիր է, էներգետիկ անվտանգության և ապահովվության խնդիր է»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաստաթղթի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում էներգաարդյունավետությանն ու շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախաձեռնություններին: Նախատեսվում է բարձրացնել գոյություն ունեցող շենքերում, մասնավորապես՝ բազմաբնակարան բնակելի շենքերում, ինչպես նաև հանրային շենքերում, չգազաֆիկացված համայնքներում և ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսություններում էներգաարդյունավետության մակարդակը: Միաժամանակ տեխնիկական աջակցություն կտրամադրվի էներգաարդյունավետության մասով ստանդարտների իրականացման համար՝ հատուկ նպատակ ունենալով նվազեցնել թե՛ գազի, թե՛ էլեկտրաէներգիայի մասով էներգասպառումն ու ծախսերն առանձին սպառողների և պետական գերատեսչությունների համար:

Նպատակներից է նաև ստեղծել անհրաժեշտ համակարգեր՝ հասարակական և բնակելի շենքերի հատվածում էներգաարդյունավետության մասով ստանդարտների կառավարման և իրականացման համար, ինչը համապատասխանում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը, որով Հայաստանի կառավարությունը կշարունակի իր՝ էներգետիկ ոլորտի ազգային օրենսդրությունը ներդաշնակեցնել ԵՄ-ի օրենսդրության հետ:

Ըստ փաստաթղթի հիմնավորման՝ էներգիայի պահանջարկի առավել կայուն աճի հանգեցնող բարելավված էներգաարդյունավետությունը կնպաստի նաև Հայաստանի էներգետիկ կախվածությանն ու էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցերի լուծմանը:

Կառավարության անդամներին համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. «Առաջարկվելու են վարկեր էներգախնայողության համար, 17 միլիոն դրամաշնորհներ են նախատեսված այդ վարկերի համար, որոնց տոկոսը կլինի զրո: Հիմնականում մանրածախ վարկերի մասին է խոսքը: Կարծում եմ՝ ամենաարդյունավետ միջոցն է: 17 միլիոնը շատ լուրջ բյուջե է, 100 միլիոն վարկային պորտֆելի համար տոկոսադրույքի զրոյացման էֆֆեկտ կարող է տալ: Եվս 3,7 միլիոն նորմատիվ բազայի ձևավորման համար է նախատեսված»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց. «Էժան վարկային միջոցները ե՞րբ հասանելի կդառնան քաղաքացիներին»:

«Այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում կպայմանավորվենք», - արձագանքեց Մհեր Գրիգորյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցի՝ կարո՞ղ ենք 2020 թվականը հայտարարել էներգախնայողության տարի, Մհեր Գրիգորյանն ասաց՝ այո:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշեց. «Կարող ենք հայտարարել էներգախնայողության մեկնարկային տարի, քանի որ տարեցտարի ավելի ընդլայնվելու է: Լիահույս եմ, որ առաջին տարին հաջողված է լինելու, բոլոր համայնքները կներգրավվեն»:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանը հավելեց. «Արդեն կա 20 միլիոն դոլլարի դրամաշնորհ, որը մեզ Կանաչ կլիմայական հիմնադրամն է տվել և որից ուղղվում է հասարակական շենքերի և բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետությանը: Այս տարի մեր համայնքների մեծ մասը սուբվենցիոն ծրագրով ներկայացրել են էներգախնայող ծրագիր իրականացնելու, և հիմադրամի համաֆինանսավորման միջոցով արդեն այս տարի, եթե այդ ծրագրերը հաստատվեն, հնարավոր կլինի ֆիզիկապես այդ աշխատանքներն իրականացնել»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ արդեն իսկ իրականացվել են 60-ից ավելի էներգախնայողության ծրագրեր հանրային և պետական 150 շենքերում, և այդ ծրագրերով միջինում 50-60 տոկոսի չափով ծախսերը կրճատվել են:
Նա շեշտեց, որ էներգախնայողության ծրագիր իրականացնելուց անհրաժեշտ է լուծել շենքերի սեյսմիկ անվտանգության հարցերը:

«Բազմաբնակարաններում կրկին տրամաբանությունը լինելու է այն, որ փաթեթային իրականացվող էներգախնայող ծրագրերը բերելու են նրան, որ մարդիկ սկսելու են ավելի քիչ վճարել: Որպեսզի սա մասսայական բնույթ ունենա, բոլոր ֆինանսական միջոցները պետք է կենտրոնացնենք և ուղղենք մեկ ունիվերսալ ծրագրին, որը իր մեջ ներառելու է նաև սեյսմիկ անվտանգության հարցեր: Կան շենքեր, որ ունենք սեյսմիկ անվտանգության խնդիր, և անտրամաբանական կլինի լուծել էներգախնայողության հարցերն առանց լուծելու սեյսմիկ անվտանգության հարցերը»:

Նիկոլ Փաշինյանը հաստատեց. «Անտրամաբանական է գումար ծախսել շենքը էներգախնայող դարձնելու համար, և հետո պարզվի, որ այդ շենքը երկու տարվա կյանք ունի»:

Մհեր Գրիգորյանն արձագանքեց, որ այդ բաղադրիչը փաստաթղթում ներառված է:

15:17 Փետրվար 20, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news