Փոքր ՀԷԿ-եր vs գետային էկոհամակարգեր

Փոքր ՀԷԿ-եր vs գետային էկոհամակարգեր

ԷկոԼուր

Հայաստանում գետային էկոհամակարգերը ծանրաբեռնված են 188 փոքր ՀԷԿ-երով: ՀՀ հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգում պլանավորած ՓՀԷԿ-երի 400 Մվտ գումարային հզորությունն արդեն իսկ գերակատարվել է: ՓՀԷԿ-երը օգտագործում են ջրի մայր աղբյուրները, որոնց միջոցով ձևավորվում են ջրային ավազաններ: ՓՀԷԿ-երը մտնում են բնության հատուկ պահպանվող տարածքներ, ստեղծում են կասկադներ` խողովակի մեջ վերցնելով գետերի երբեմն 50-70% երկարությամբ հատվածները, փակում են գետային ձկների բնական տեղաշարժը, չեն ապահովում գետում ջրի ազատ հոսքը (էկոլոգիական թողք): Այս բոլոր խնդիրներին անդրադարձ կատարվեց հուլիսի 12-ին` «Հիդրոէներգետիկայի նկատմամբ էկոհամակարգային մոտեցում. ներդրումային հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ:

«Այդ բոլոր ՓՀԷԿ-երն օգտվել են բավական շատ խրախուսական պայմաններից՝ ստացել են 15 տարով լիցենզիա, միաժամանակ երաշխիք, որ ՀԷՑ-ը պարտավոր է գնել ՓՀԷԿ-ի արտադրած ամբողջ էլեկտրաէներգիան», - նշեց «Խազեր» էկոլոգոմշակութային ՀԿ անդամ Արամ Գաբրիելյանը:

Նա առանձնացրեց հետևյալ խնդիրները՝  էլեկտրաէներգիայի գնման բարձր լինելը և գետի հունի պատվարումը: «Եթե  ՓՀԷԿ-երի համար գնագոյացում սահմանվի, նրանք դուրս կգան ազատ շուկա, և  ՀԷՑ-ը նրանցից ոչ թե 24 դրամով կգնի 1 կՎտ էլեկտրաէներգիան, այլ ավելի էժան», - ասաց Գաբրիելյանը:

«ԷկոԼուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանն էլ նշեց, որ 1 ՄՎտից փոքր հզորություն ունեցող բոլոր ՓՀԷԿ-երը նույնպես պետք է փորձաքննություն անցնեն:

«Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի շրջանակներում կկարգավորի արգելված գետերի և գետահատվածների վրա նոր ՓՀԷԿ-երի կառուցումը: Այս մասին հայտնեց հանդիպմանը ներկա ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության ՇՄԱԳ  ջրային ռեսուրսների պահպանության քաղաքականության բաժնի պետ Լիլիթ Աբրահամյանը:

Աշխատանքային հանդիպումը կազմակերպել էր «Խազեր» էկոլոգոմշակութային ՀԿ-ն և Ուկրաինայի Ազգային էկոլոգիական կենտրոնը:

Մանրամասները դիտեք տեսանյութում:



Հուլիս 22, 2019 at 13:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր