«Որոտան 7» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Որոտան 7»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Որոտան-7» փոքր ՀԷԿ: «Որոտան-7»   փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Գորայք համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Որոտան գետի վրա (երկարությունը 178 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ՀԳՆՔ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • «Որոտան-7» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2012թ-ին:
  • Այս ՓՀԷԿ-ի կառուցումը ֆինանսավորվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից KfW բանկի միջոցով, համաֆինանսավորվել է Գերմանահայկական հիմնադրամի «Վերականգնվող էներգետիկա» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում:
  • Ըստ նախագծի՝ ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 23.8մ է, ըստ ընկերության՝ 26մ: Ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի՝ ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը 24մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի, 5.0 մ3/վ է, ըստ ՀԾԿՀ-ի հունվարի 1-ի տեղեկանքի, 4.8 մ3/վ, ըստ ընկերության՝ 6,0 մ3/վ: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը՝ ըստ ՀԾԿՀ-ի՝  730 կՎտ, էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը՝ 2.617 մլն.կՎտ.ժամ, հաշվարկային արտադրությունն, ըստ նախագծի, 3.26 մլն.կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 22.05.2013-22.05.2028թթ., կառուցման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 14.09.2007-14.01.2008թթ.: Ընկերությունը դիմել է ՀՀ բնապահպանության նախարարություն շահագործման ՋԹ ստանալու համար:
  • ՓՀԷԿ-ի ջրառի եւ ջրահեռացման կետերի իրական կոորդինատներն ու ծովի մակարդակից բարձրությունները լիովին համապատասխանում են ՋԹ-ում նշված կոորդինատներին:
  • ՓՀԷԿ-ի պատվարի երկարությունը 18 մ է, բարձրությունը՝ 5.5 մ: Պատվարից վերև առաջացել է լճակ: Նախագծով նախատեսված պատվարի երկարությունը 18մ է, բարձրությունը՝ 5մ:
  • Բնապահպանական թողքն անցնում է ձախ կողմում կառուցված 1,5 մ լայնությամբ և 24 մ երկարությամբ 15 վանդակից բաղկացած աստիճանաձեւ ձկնանցարանով: Ձկնանցարանի վանդակներն ունեն 1,6 մ երկարություն և 2 մ խորություն, որոնց ստորին մասում բացված անցքերով անցնում է գետի ջուրը։ Դիտարկման պահին ձկնանցարանի վերևի առաջին վանդակի մեջ կար տախտակ և փայտ, որոնց միջոցով անհրաժեշտության դեպքում փակվում է ջրի մուտքը ձկնանցարան:
  • Որոտանի այս մասում կարող են հանդիպել կարմրախայտը, կողակը, Կուրի բեղաձուկը, արևելյան տառեխիկը, կուրի սպիտակաձուկը, թեփուղը: Պատվարից վերև գտնվող լճակը շատ հարմար է արծաթափայլ կարասի բնակության համար: Պարբերաբար կարող  է թափանցել ծիածանախայտը:
  • Ձկնանցարանը կարող է կարմրախայտի և կողակի համար հարմար լինել, սակայն ջրի ուժեղ հոսքը, ձկնանցարանի մեծ երկարությունը և կառուցվածքային մյուս առանձնահատկությունները լիարժեք չեն կարող ապաովվել մյուս ձկների անարգել տեղաշարժը:
  • Պատվարի աջ կողմից ջուրը մտնում է 2 մ լայնություն և մոտ 3 մետր խորություն ունեցող ջրանցքի մեջ, որի մուտքին ձկնապաշտպան ցանցեր չկան, և ձկները հանգիստ կարող են հայտնվել սկզբում ջրանցքի, ապա ՓՀԷԿ-ի խողովակի մեջ: Ջրանցքն ունի 750 մետր երկարություն, հիմնականում բաց է, որի միջնամասում կա աղբորսիչ՝ 7 սմ լայնությամբ ճեղքերով։
  • Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Որոտան 7» ՓՀԷԿ-ը կարող է ջրառ իրականացնել տարվա բոլոր ամիսներին: ՋԹ-ով սահմանված բնապահպանական թողքը 0.58խմ/վ է, նախագծով բնապահպանական թողքը նախատեսված է եղել 0.77խմ/վ: Ջրառից հետո գետի մեջ մնացած ջրաքանակը տեսողական դիտարկումով պակաս էր ՋԹ-ով տրված 0,58 մ3/վ բնապահպանական թողքից:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Որոտան 7» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 2616604 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Ջուրը ՓՀԷԿ-ի կայան է հասցվում 750մ երկարությամբ ջրանցքի, ապա 200 մ երկարությամբ 2 խողովակների միջոցով:
  • Որոտան գետի վրա կառուցված «Որոտնա ՀԷԿ» (ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 3220մ), «Շինուհայր» (ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 1555մ), «Ապրես» (ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը 1700մ), «Որոտան-7» (ըստ նախագծի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 931.37 մ), «Իշխանասար» (ըստ նախագծի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 4356 մ), «Մանե» (ըստ ՀԾԿՀ-ի 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի՝ դերիվացիոն խողովակաշարի երկարությունը՝ 4720 մ) ՓՀԷԿ-երի  դերիվացիայի գումարային երկարության (16482.37մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության (178կմ) հետ 9.25%:
  • Կայանում տեղադրված է 6 ագրեգատ, որոնցից դիտարկման պահին գործում էր մեկը՝ մնացածը վերանորոգվում էին, չնայած շահագործվել են ընդամենը 3 տարի: Աշխատող ագրեգատի առաջացրած աղմուկը բարձր էր: Այն վիբրացիայի էր ենթարկվում։
  • Ջրառի և բնպահպանական թողքի ավտոմատ կառավարում և հաշվառում ապահովված չէ:
  • Կայանում ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ չկա:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված չէ, տեղադրված  1 տրանսֆորմատորը կահավորված չէ յուղահավաք համակարգով:
  • Կայանի տարածքը ցանկապատված և կանաչապատված չէ։
  • Ջրանցքի և խողովակաշարի տարբեր հատվածներում լանդշաֆտը խախտված է՝ ինչն, ամենայն հավանականությամբ, ջրի վթարային արտահոսքերի հետևանք է։ Վերականգնում արված չէ:
  • Կայանի տարածքում աղբամաններ չկան:
  • ՓՀԷԿ-ն ունի 6 աշխատող:

Առաջարկություններ 

  1. Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
  2. Ուսումնասիրել, թե ՋԹ-ով տրված 0,58 մ3/վ բնապահպանական թողքը բավարար է արդյոք Որոտան գետի և շրջակա բնական էկոհամակարգերի նորմալ կենսագործունեության համար:
  3. Հեռացնել ձկնանցարանում տեղադրված տախտակը:
  4. Տեղադրել ձկնապաշտպան ցանց ջրառի կետում։
  5. Կարելի է նաև հրաժարվել պատվարից, և ջրառը փորձել իրականացնել այլ հիդրոտեխնիկական լուծումների շնորհիվ։
  6. Ծածկել ջրանցքը և խողովակները:
  7. Վերացնել լանդշաֆտային խախտումները։
  8. Տեղադրել ժամանակակից արդյունավետ սարքավորումներ՝ լրիվ ավտոմատ կառավարման ապահովմամբ, որպեսզի հնարավորինս արդյունավետ օգտագործվի հիդրոէներգետիկ պաշարը։
  9. ՓՀԷԿ-ի տարածքը ցանկապատել և իրականացնել կանաչապատում ու ծառատունկ։
  10. Տեղադրել տրանսֆորմատորի տակ յուղորսիչ և ցանկապատել տրանսֆորմատորային կայանը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



19:09 Մարտ 10, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news