Կառուցվելիք արևային կայանների շնորհիվ Հայաստանը 10 տոկոսով կհրաժարվի ներմուծվող էներգակիրներից

Կառուցվելիք արևային կայանների շնորհիվ Հայաստանը 10 տոկոսով կհրաժարվի ներմուծվող էներգակիրներից

ԷկոԼուր

Ս.թ. դեկտեմբերի 16-ին կամփոփվի Գեղարքունիքի մարզի «Մասրիկ 1» 55 մեգավատ հզորությամբ կայանի Ֆինանսական փաստաթուղթը: Շահած ընկերությունը երկու տարվա ընթացքում կկառուցի այն: Իսկ մինչև 2024 թ-ը Հայաստանում կկառուցվեն 300-400 մեգավատ հզորությամբ արևային կայաններ: «Այսինքն, ևս 10 տոկոսով կհրաժարվենք ներմուծվող էներգակիրներից», - լրագրողների հետ զրույցում ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը «Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով 2020-2036 թվականների զարգացման պլան» հաշվետվության ներկայացման ժամանակ: 

«Մասրիկ 1»-ից բացի կկառուցվի 5 կայան՝ ընդհանուր առմամբ 120 մեգավատ հզորությամբ: Խորհրդատուն կուսումնասիրի Գագարին, Հրազդան, Մեծ Մասրիկ, Շորժա, Թալին համայնքները: «6-7 ամիս խորհրդատուին կտրվի ժամանակ աշխատելու համար, տեղանքները ուսումնասիրվելուց հետո կպատրաստվեն միջազգային մրցութային փաստաթղթեր, և նոր կհայտարարվի մրցույթ», - նշել է Հակոբ Վարդանյանը:

Հայաստանի էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով մինչև 2036 թ. զարգացման պլանի վերաբերյալ նախարարի տեղակալը հայտնել է, որ այն ցույց է տալիս, թե ինչպես է մեր էներգահամակարգը զարգանալու առաջիկա տարիներին, ինչ քայլեր են արվելու, որ այն զարգանա նվագագույն ծախսումներով և առավելագույն արդյունավետ, որպեսզի մենք ունենանք մատչելի էներգիա սպառողների համար և հուսալի ու անվտանգ համակարգ:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի խոսքով՝ ներկայացված պլանում ուսումնասիրվել են սցենարներ, որոնք թույլ կտան ՀՀ կառավարությանը վերլուծել և դիտարկել զարգացման տարբեր ուղղություններ՝ ամրապնդելու Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը։

«Նվազագույն ծախսերի պլանավորումը ցույց է տալիս, որ արևային էներգետիկան մեծ պոտենցիալ ունի Հայաստանում, հաշվարկները ցույց են տալիս, որ արևային կայանների կառուցումն ավելի էժան է և գրավիչ», - ասել է Դեբորա Գրիզերը՝ նշելով, որ Հայաստանի համար ամենաարդյունավետն ու քիչ ծախսատարը հենց վերականգնվող էներգետիկան է:

 

12:18 Նոյեմբեր 21, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news