ՀՀ կառավարությունը փորձում է պարզել հուլիսի 10-ի էներգետիկ համակարգի խափանման պատճառները. ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստում

ՀՀ կառավարությունը փորձում է պարզել հուլիսի 10-ի էներգետիկ համակարգի խափանման պատճառները. ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստում

ԷկոԼուր

ՀՀ կառավարության հուլիսի 11-ի նիստում անդրադարձ է կատարվել հուլիսի 10-ի էներգետիկ համակարգի խափանման հարցին: Ամբողջ Հանրապետության տարածքում տեղի էին ունենում էլեկտրաէներգիայի տատանումներ և անջատումներ: Ժամը 13:35-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով հայտնեց, որ էներգետիկ համակարգում տեղի է ունեցել վթար: Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։

Գործադիրի նիստին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը զեկուցեց, որ իր կողմից հանձնարարություն է տրվել, որպեսզի նյութեր նախապատրաստվեն երեկվա էլեկտրաէներգիայի տատանումների և անջատումների հետ կապված, որպեսզի հստակ պարզվեն էներգետիկ համակարգի խափանման պատճառները:

«Չնայած նախնական տվյալները կան, բայց, կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն իրականացվի, հետաքննություն իրականացվի և գնահատական տրվի, թե միտում եղե՞լ է, թե՞ չի եղել, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՞ ոչ: Արդյունքների մասին կզեկուցեմ», - ասաց Արթուր Վանեցյանը:

Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ես գիտեմ, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նույնպես ծառայողական քննություն է նշանակել՝ հասկանալու համար պատճառները, բայց երեկ գործնականում ժամը 20:00-ի կողմերն արդեն ամբողջապես վերականգնվել էր ամբողջ հանրապետությունում ողջ էներգահամակարգի գործունեությունը: Ես ուզում եմ այս կապակցությամբ երեկվա դեպքի համատեքստում շնորհակալություն հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի մեր գործընկերներին, ովքեր այդ իրավիճակում շատ օպերատիվ աջակցություն ցուցաբերեցին և հնարավոր եղավ խուսափել այնպիսի հետևանքներից, երբ էներգետիկ համակարգը ինչ-որ երկարատև կոլապսի առաջ կանգներ: Իմիջիայլոց, վերջերս, երբ մենք մի ներդրումային ծրագիր էինք քննարկում աշխատանքային կարգով և քննարկում էինք այդ փոխարկիչի հետ կապված խնդիրը, հենց մասնագետները նման իրավիճակ նկարագրում էին, որ փոխարկիչն ինչ-որ առումով կարող է ապահովագրել նման իրավիճակներից, որոնք էներգետիկ համակարգում լինում են: Այնպես որ պրակտիկ առումով այդ քննարկման ժամանակ եղած տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ, բայց կարծում եմ, որ ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն և կենսունակություն: Ուղղակի պետք է հասկանալ վթարի պատճառները, երկու վարկած կա՝ արտաքին, կարծես թե ներքին վարկած չունենք էլ, բայց պետք է իսկապես քննել, հասկանալ, թե ինչն է եղել պատճառը»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կգլխավորի փոխնախարար Հակոբ Վարդանյանը՝ հասկանալու համար, թե իրական պատճառները որոնք են եղել: «Մի քանի օրվա ընթացքում պարզ կլինի, ես Ձեզ մանրամասն կզեկուցեմ», - ասաց Սուրեն Պապիկյանը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ որպես վարկած նշեց իրանական էներգոհամակարգում նույն ժամանակահատվածում տեղի ունեցած վթարը:
«1.46 րոպեին եղել է հաճախականության տատանում ամբողջ համակարգում, դրա հետևանքով անջատվել են սկզբում Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը, այնուհետև Երևան ՋԷԿ-ը, հետո ավելի փոքր կայանները: Հաճախականության տատանումները շարունակական բնույթ են կրել: Այս պահին դեռևս հստակ ախտորոշված չէ պատճառը, բայց կայունությունը վերականգնված է:

Մեր համակարգը սինխրոն կապի միջոցով կապված է իրանական էներգոհամակարգի հետ, և ցանկացած տատանում մեր երկրում զգացվում է իրենց մոտ, իսկ իրենց երկրում տատանումները զգացվում են մեզ մոտ: Վարկածներից մեկն այն է, որ հաճախականության այդ հզոր տատանումը եկել է իրանական համակարգում տեղի ունեցած վթարից: Մենք մեր իրանցի գործընկերների հետ եղել ենք կապի մեջ, և իրենք փաստել են, որ իրենց մոտ ևս վթարներ տեղի են ունեցել նույն ժամանակահատվածում, բայց ասել, որ հարյուր տոկոսանոց վթարի պատճառը՝ հաճախականության տատանումը, եկել է իրանական համակարգից, այս պահին չեմ կարող: Կստեղծվի համապատասխան աշխատանքային խումբ, ուսումնասիրություններ կկատարվեն, պատճառները և մեղավորները կբացահայտվեն: Անհանգստանալու կարիք չկա, որևէ տեխնածին աղետ տեղի չի ունեցել և չի էլ ունենա: Այս պահին գործող հիմնական բազիսային արտադրող կայանները համակարգում Երևանի ՋԷԿ-ն է, Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը և հիդրոկայանները», - իրավիճակը ներկայացրեց Հակոբ Վարդանյանը:

ՀԱԷԿ-ի մասով նա նշեց, որ կայանը հունիսի մեկից կանգնած է պլանային վերանորոգման, վթարի ժամանակ ցանցում չի եղել, ցանցից միայն օգտվել է սեփական կարիքների համար, իսկ հաճախականության տատանումները սկսվելուն պես առանձնացել է ցանցից և սեփական կարիքները բավարարել սեփական դիզել-գեներատորների միջոցով: Էներգոհամակարգի կայունացումից հետո ՀԱԷԿ-ը նորից սկսել է սնվել համակարգից: Ըստ Հակոբ Վարդանյանի՝ որևէ վտանգ ՀԱԷԿ-ի հետ կապված չի սպառնում:

17:10 Հուլիս 11, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news