«Արագած - 1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ

«Արագած - 1» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Արագած - 1»   փոքր ՀԷԿ: «Արագած - 1» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզում:  ՓՀԷԿ-ը կառուցված է Գեղարոտ գետի վրա (երկարությունը 25կմ): «Արագած - 1» ՓՀԷԿ-ը շահագործում է «ՎԱԿՈՒՖԼՕ» ՍՊԸ -ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • Դիտարկման պահին ՓՀԷԿ-ը չէր աշխատում: Փորձագիտական խումբը ճանապարհային վատ պայմանների պատչառով չկարողացավ այցելել ՓՀԷԿ-ի գլխամաս:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը, ըստ նախագծի, 180մ է, հաշվարկային ճնշումը՝ 164մ, հաշվարկային ելքը՝ 1.0 մ3/վ Գեղարոտ գետ + 0.5 մ3/վ Քաղցր ջուր վտակ, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016թ-ի հունվարի  1-ի տեղեկանքի, ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը 1մ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի,  1260 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 2.791184մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 21.10.2009-21.10.2024թթ. է, շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 12.10.2012- 12.10.2015թթ.:
  • Նախագծով նախատեսված է երկու ջրառ հանգույց՝ մեկը` Գեղարոտ գետի վրա, մյուսը՝ Քաղցր ջուր վտակի վրա:
  • ՓՀԷԿ-ի երկաթբետոնե պատվարի երկարությունը 30 մ է, բարձրությունը՝ 3մ։  Նախագծով նախատեսված է եղել 38.6մ երկարությամբ եւ 6.2 մ բարձրությամբ պատվար:
  • Ըստ նախագծի՝ 1-ին պատվարի հատակում  նախատեսված է ջրթող կառուցվածք, որն ապահովում է ձկների տեղաշարժը:
  • Գեղարոտ գետում, ըստ բնակիչների, ձկներ չեն հանդիպում, չնայած որ գետի ջրաբանական տիպը համապատասխանում է կարմրախայտի կենսաբանական պահանջներին: Այլ խնդիր է գետի ջրաքիմիական կազմը, որը կարող է նպաստավոր չլինել ձկների կենսագործունեության համար և լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք ունի:
  • Ըստ նախագծի՝ նախատեսված է 820 մմ տրամագծով ճնշումային խողովակաշար` 2350 մ  երկարությամբ եւ 1.5 մ3/վ ջրթողունակությամբ, 820 մմ տրամագծով դոտացիոն խողովակաշար` 219մ երկարությամբ, 0.5 մ3/վ ջրթողունակությամբ:
  • Գեղարոտ գետի վրա կառուցված «Գեղարոտ» (Ըստ նախագծի՝ խողովակաշարի երկարությունը՝ 4640մ), «Արագած 1» (Ըստ նախագծի՝ խողովակաշարի երկարությունը՝ 2350մ)  ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (6990մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում 27.96%: Գեղարոտ գետի վրա նախատեսվում է «Ալպիական» (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ խողովակաշարի երկարությունը՝ 2800մ) եւ «Լուսարփի» (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ խողովակաշարի երկարությունը 1120մ) փոքր ՀԷԿ-երի կառուցումը: Այս ՓՀԷԿ-երի կառուցման դեպքում ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (11129) տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կկազմի  43.64%:
  • Շահագործման ՋԹ-ի համաձայն՝ «Արագած - 1» ՓՀԷԿ-ը տարվա ընթացքում կարող է իրականացնել 31632.360 հազար խմ ջրառ՝ ապահովելով 0.06խմ/վ բնապահպանական թողք:
  • ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված «Խորդա» ՍՊԸ-ի արտադրության 2 հիդրոագրեգատները չէին աշխատում` տուրբինի անսարքության պատճառով:
  • ՓՀԷԿ-ի աշխատակցի պնդմամբ  «Արագած -1» ՓՀԷԿ-ն աշխատում է տարին 5-6 ամիս, հոկտեմբեր ամսից սկսած ՓՀէԿ-ի աշխատանքը դադարում է, մինչդեռ, ըստ նախագծի, ՓՀԷԿ-ն աշխատում է ամբողջ տարին:
  •  «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Արագած-1» ՓՀԷԿ-ը 2014թ-ին աշխատել է 6 ամիս՝ արտադրելով 2447944 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Կայանային հանգույցի տարածքը, նախագծային լուծումների համապատասխպան, բարեկարգված և կանաչապատված չէր: Առկա էին նորատունկ, սակայն չորացած ծառեր: Մեկնաբանվեց, որ գետի ջրով հնարավոր չէ ծառ ջրել:
  • 2014թ-ին ՓՀԷԿ-ում անցկացվել են տեսչական ստուգումներ,  նշանակվել է վարչական տուգանք 300 հազար դրամի չափով վթարի համար:
 
 
 

Ջրառ հանգույցի լուսանկարները՝ ՓՀԷԿ-ի ներկայացուցչի

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Մայիս 02, 2016 at 19:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր