Մոնղոլիայում ՀԷԿ-եր կկառուցեն հանքարդյունաբերության կարիքների համար

Մոնղոլիայում ՀԷԿ-եր կկառուցեն հանքարդյունաբերության կարիքների համար

ԷկոԼուր

Էկոլոգները բարձրաձայնում են հանքարդյունաբերության և հիդրոէներգետիկայի ռիսկերի մասին: Բացասական սոցիալ-էկոլոգիական հետևանքների համար պատասխանատվությունը պետք է կրեն նաև միջազգային ֆինանսական ինստիտուտները, որոնք ֆինանսավորում են նման նախագծեր:
Հայաստանում նման նախագծերի շրջանակներում զարգացավ փոքր հիդրոէներգետիկան, որը վերջնական արդյունքում խախտեց գետային էկոհամակարգերը և նպաստեց գետային ձկնատեսակների ոչնչացմանը: Այժմ Հայաստանում ուշադրությունը տեղափոխվել է դեպի արևային և հողմային էներգետիկա: Սակայն հիդրոէներգետիկան շարունակում է առաջնահերթային լինել զարգացման ֆինանսական ինստիտուտների համար: Այսպես, Մոնղոլիայում հիդրոէներգետիկան ցանկանում են զարգացնել հանքարդյունաբերության կարիքների համար, ինչի համար Համաշխարհային բանկը Մոնղոլիային 25 միլիոն դոլլար վարկ է տվել: «Ջրի մի մասն ուզում են տանել Գոբի անապատ, որտեղ կան հանքավայրեր: Արդյունահանված օգտակար հանածոները տանելու են Չինաստան, և դրա համար Չինաստանը նույնպես հետաքրքրված է այդ նախագծով»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց « Բուրիաթական տարածաշրջանային միավորում հանուն Բայկալի» ՀԿ-ի ներկայացուցիչ Սերգեյ Շապխաևը Թբիլիսիում, որտեղ անցկացվում էր “Rivergathering-2017” միջազգային կոնֆերանսը:
Նրա խոսքերով` այդ ՀԷԿ-երի նախագծերն այժմ անցնում են հասարակական խորհրդատվության գործընթաց Մոնղոլիայում և Ռուսաստանում` նախագծվող հիդրէներգետիկ կառույցների պոտենցիալ ազդեցության գոտում:

Երեք ՀԷԿ են մտադիր կառուցել Սելենգա գետի և նրա խոշոր վտակների վրա` ներգրավելով չինական ներդրումները և Համաշխարհային բանկի վարկը:

Սելենգա գետ

Անդրսահմանային Սելենգա գետը տալիս է աշխարհի ամենախորը և քաղցրահամ ջրի ծավալով ամենամեծ լճի` Բայկալի հոսքի 50 տոկոսը: Բայկալը նաև Համաշխարհային բնական ժառանգության օբյեկտ է:

Բայկալ լիճ

Ռիսկերի թվում են Սելենգա գետի էկոհամակարգային ֆունկիցաների խախտումը` հատկապես ջրաճահճային հանդակներում, որոնք ինքնատիպ կենսաֆիլտրի դեր են կատարում և ունեն Ռամսարի կոնվենցիայով միջազգային կարգավիճակ: Ռիսկերի թվում են նաև ձկների որոշ միգրացիոն տեսակների ոչնչացումը, Սելենգա գետի և Բայկալ լճի ափամերձ համայնքների տնտեսության վատթարացումը: «Մարդիկ տառապում են նրանից, որ արդեն շուրջ 20 տարի Սելենգայի ավազանում դիտվում է սակավաջրություն հաստատված սակավաջուր կլիմայական շրջափուլի հետևանքով: Բայկալ լճում ջրի մակարդակն իջել է, և մարդիկ անհանգստացած են, որ եթե ՀԷԿ-երը կառուցվեն, ապա իրավիճակն ավելի կվատանա»,- ասաց Սերգեյ Շապխաևը:

Նա նշեց, որ ՀԷԿ-երը նախատեսում են կառուցել սեյսմիկ գոտում: «Եթե տեխնածին վթար լինի, և պատվարներից մեկը փլուզվի (նախագծվող պատվարների բարձրությունը տատանվում է 65-ից 100մ), ապա փլուզման, այսպես կոչված, դինամիկ ալիքը ջրի տակ կառնի միանգամից բոլոր համայնքները»: Բուրիաթյիայի Հանրապետությունում անցկացված լսումների ժամանակ բնակչության մեծամասնությունը արտահայտվեց ի նպաստ Մոնղոլիայի էներգետիկ համակարգի զարգացման այլընտրանքային տարբերակների օգտին` առանց պատվարների Սելենգայի ավազանում:

“Rivergathering-2017” միջազգային կոնֆերանսի մասնակիցները 34 երկրից` այդ թվում «ԷկոԼուր» կազմակերպությունը, ստորագրեցին Սելենգա գետի վրա ՀԷԿ-երի կառուցման դեմ ուղղված բողոքի նամակի տակ, որն ուղարկվեց ՅՈՒՆԵՍԿՕ, Չինաստանի և Մոնղոլիայի կառավարություններ:


 

15:12 Ապրիլ 18, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news