Վարչապետը հանձնարարել է կարգավորել փոքր ՀԷԿ-երի ոլորտը

Վարչապետը հանձնարարել է կարգավորել փոքր ՀԷԿ-երի ոլորտը

ԷկոԼուր

Մարտի 9-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Փոքր ՀԷԿ-երի ոլորտի կարգավորման վերաբերյալ մի շարք հանձնարարականներ է տվել:

«Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների աճը, քայլեր է կատարում խրախուսելու փոքր ՀԷԿ-երի շահագործումը՝ սահմանելով երկարաժամկետ և տրամաբանական վաճառքի սակագին, ներգրավելով ցածր դրույքաչափով վարկային միջոցներ և այլն: Սակայն օրենսդրական, տեխնիկական և ինստիտուցիոնալ անբավարար կարգավորումների պատճառով փոքր ՀԷԿ-երը ներկայումս զգալի բացասական ազդեցություն են թողնում ինչպես շրջակա միջավայրի այնպես էլ սոցիալական և տնտեսական երկարաժամկետ զարգացումների վրա»,- ասել է վարչապետը: ՀՀ կառավարության պաշտոնական կայիք համաձայն` առկա խնդիրները համակարգային լուծելու նպատակով Կարեն կարապետյանը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին 2-ամսյա ժամկետում սահմանել ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հստակ չափորոշիչներ: Հանձնարարվել է նաև վերանայել բնապահպանական թողքի վերաբերյալ ՀՀ կառավարության 30 հունիսի 2011 թվականի N 927-Ն որոշումը՝ հաշվի առնելով գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները և թողքի խախտման համար պատասխանատվության տեսակները: Համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարութունների հետ` ՀՀ բնապահպանության նախարարությունը կհստակեցնի գետերի ցանկը, որտեղ, բնապահպանական, գյուղատնտեսական, և այլ առանձնահատկություններից ելնելով, արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը: Համագործակցելով ՀՀ գիտությունների ակադեմիայի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի և ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի և Ստանդարտների ազգային ինստիտուտի հետ` նախարարությունը պետք է մշակի ձկնուղիների կառուցման և աստիճանների բարձրության նորմեր: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ կուսումնասիրվեն ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջրային ռեսուրսների համար բնօգտագործման վճարների ներդրման և նպատակային օգտագործման հնարավորությունները:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին Կարեն Կարապետյանը հանձնարարել է 2-ամսյա ժամկետում, համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ բնապահպանության նախարարությունների, ՀՀ եկամուտների պետական կոմիտեի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ, մշակել լրացուցիչ խթանման գործիքներ՝ ոռոգման համակարգերի և խմելու ջրի ջրատարների վրա ՀԷԿ-երի կառուցման համար: Նախարարությունը պետք է ուսումնասիրի ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի մատակարարման ժամկետները, ծավալները և ջրօգտագործման թույլտվությունների ժամկետները, վերհանի առկա խնդիրները: Հանձնարարվել է նաև ուսումնասիրել գործող և կառուցվող բոլոր փոքր ՀԷԿ-երի ջրառի կետերում շահագործողի միջոցներով (հնարավորության դեպքում նաև դրամաշնորհների ներգրավմամբ) ժամանակի իրական ռեժիմում տեղեկատվության փոխանցման համակարգի ներդրման հնարավորությունները:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

15:11 Մարտ 09, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news