Ինչ խնդիրներ հայտնաբերեց փոքր ՀԷԿ-երի ծրագիրը (Լուսանկարներ)

Ինչ խնդիրներ հայտնաբերեց փոքր ՀԷԿ-երի ծրագիրը (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Սույն թվականի հունիսի 21-ին «ԷկոԼուր» տեկատվական ՀԿ-ն ամփոփեց   «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի արդյունքները: Ծրագիրն իրականացվել է ԷկոԼուրի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ  արտակարգ իրավիճակների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ քաղաքաշինության նախարարությունների, միջազգային դոնոր կազմակերպությունների, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, փոքր ՀԷԿ-երի, գիտական ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, ներկայացուցիչներ:

 

Ծրագրի արդյունքները ներկայացրեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Նա նշեց, որ ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբը մշտադիտարկել է ՀՀ Սյունքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Լոռու մարզերի  48 գետերի և 3 ջրաղբյուրների վրա կառուցված 87 փոքր ՀԷԿ:

Արդյունքում հայտնաբերվել են հետեւյալ խնդիրները՝

  •  նախագծային սխալ ջրատնտեսական հաշվարկներ
  • բնապահպանական թողքի չապահովելը
  • ձկնանցարանների և ձկնապաշտպան ցանցերի ֆունկցիոնալ անհամապատասխանությունը և  ձկնաշխարհի կենսաբազմազանության և տեղաբնակ ձկնատեսակների վտառների քանականական ցուցանիշների բացասական փոփոխությունները
  •  ՓՀԷԿ-երի արտադրողականության անբավարար մակարդակը
  • ՓՀԷԿ-երի կասկադների ձևավորում՝ առանց կումուլիատիվ ազդեցության գնահատման բացակայություն
  • ՓՀԷԿ-երի ազդեցությունը բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառային տարածքների վրա:  

Նախագծային սխալ ջրատնտեսական հաշվարկներ

  • Բացակայում են  գետերի վերաբերյալ հիդրոլոգիական հավաստի տվյալներ, ինչը հանգեցնում է սխալ ջրատնտեսական հաշվարկների: Հիմնականում հաշվարկներն իրականացվում են ելքերի միջին ամսական շարքերի հիման վրա, այն դեպքում, երբ փոքր ՀԷԿ-երի համար նպատակահարմար է օգտագործել միջին օրական ելքերը։
  • Հիդրոլոգիական ոչ հավաստի տվյալների վրա կատարված ջրատնտեսական հաշվարկների արդյունքում մի շարք ՓՀԷԿ-եր չեն ապահովում իրենց նախագծային հզորությունները:

Բնապահպանական թողքի չապահովելը  

  •  Այցելած բոլոր ՓՀԷԿ-երում բացակայում է բնապահպանական թողքի կառավարման համակարգը, որը թույլ կտար վերահսկել, թե որքանով է տնտեսվարողը կատարում ՋԹ-ով սահմանված բնապահպանական թողքի  չափաքանակի պահպանման պահանջը: ՓՀԷԿ-երում բացակայում է բնապահպանական թողքը գրանցող ջրաչափը, որը տեղադրված պետք է լինի բնապահպանական թողքի բացթողման կետում:
  • Փոքր ՀԷԿ-երի ՋԹ-ներում սահմանված բնապահպանական թողքի չափաքանակը չի ապահովում գետային էկոհամակարգի  հավասարակշռությունը և կենսաբազմազանության պահպանումը:
  • Ձկնանցարանների միջոցով բնապահպանական թողք ապահովող մի շարք ՓՀԷԿ-երում արձանագրվել են խախտումներ։  Մասնավորապես ձկնանցարանների մուտքերը փակվում են  տարբեր կոնստրուկցիաներով, որոնք խոչընդոտում են բնապահպանական թողքի անցումը ներքին բիեֆ:  
  • Ջրօգտագործողների ցանկում էներգետիկ նպատակով ջուրը վերցվում է վերջում՝ առաջնահերթություն տալով տնտեսական, ոռոգման և խմելու նպատակներով ջրօգտագործողներին: Իրականում կան ՓՀԷԿ-եր,  որոնք գետից վերցված  ջուրն ուղղում են ՓՀԷԿ, այնուհետև ուղղում  ոչ թե գետ, այլ՝ոռոգման  համակարգեր:

 Ձկնանցարանների և ձկնապաշտպան ցանցերի ֆունկցիոնալ անհամապատասխանությունը

  • Հայաստանի տարածքով հոսող գետերի հունի վրա կառուցված ՓՀԷԿ-երի ձկնուղիների տեսակների և կառուցվածքային լուծումների վերլուծությունը ցույց է տալիս, որ ձկնուղիների էական մասը չի համապատասխանում այդ գետերում բնակվող և պարբերաբար միգրացիաներ կատարող ձկնատեսակների կենսական պահանջմունքներին ու ֆիզիկական հնարավորություններին: Այդ իմաստով դրանք մեծամասամբ ինքնանպատակ են ու չեն համապատասխանում նմանատիպ կառույցների նկատմամբ ժամանակակից պահանջներին:
  • Ուսումնասիրված ՓՀԷԿ-երը հիմնականում ձկնապաշտպան ցանց չունեն: Նախատեսել են միայն աղբոսիչներ:
  • Կան աղբորսիչներ, որոնք կարող են կատարել ձկնապաշտպան ցանցի դեր:
 
 
 
 

 ՓՀԷԿ-երի արտադրողականության անբավարար մակարդակը

  • Մոնիտորինգի արդյունքները ցույց տվեցին, որ ՓՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի իրական արտադրությունը չի համապատասխանում նախագծով նախատեսված հաշվարկային արտադրությանը: Հիմնականում ցածր արտադրողականության պատճառներն են՝ գետերի սակավաջրությունը, ջրատնտեսական սխալ հաշվարկները, ցածր ՕԳԳ-ն և ցածրորակ սարքավորումները: Արդյունքում ՓՀԷԿ-ը պահանջված էլեկտրաէներգիայի արտադրության համար վերցնում է ավելի շատ ջուր, քան սահմանված է ՋԹ-ով, կամ սակավաջուր ամիսներին ընդհանրապես կանգնում է:
 
 

ՓՀԷԿ-երի կասկադների ձևավորում՝ առանց կումուլիատիվ ազդեցության գնահատման բացակայություն

  •  ՓՀԷԿ-երի ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ գետերի վրա առկա են ՓՀԷԿ-երի կասկադներ: Գնահատված չէ այս կումուլիատիվ ազդեցությունը գետային էկոհամակարգի վրա:
  • Ծրագրի շրջանակներում հաշվարկվել է նաև գետերի ծանրաբեռնվածությունը ՓՀԷԿ-երով՝ հաշվարկելով ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության նկատմամբ:
  • Ներկայացված են ՓՀԷԿ-երով ծանրաբեռնված այն գետերը, որոնց երկարության 30 տոկոսից ավելին խողովակի մեջ է կամ կարող է հայտնվել նոր կառուցվող ՓՀԷԿ-երի պատճառով:
 
 

 ՓՀԷԿ-երի ազդեցությունը բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառային տարածքների վրա

  • Մոնիտորինգի արդյունքում պարզվեց, որ ՓՀԷԿ-եր են կառուցված «Խոսրովի անտառ», «Շիկահող» պետական արգելոցների բուֆերային գոտիներում, «Սևան», «Դիլիջան», «Արևիկ» ազգային պարկերի տարածքներում, «Ջերմուկի» «Ջերմուկի ջրաբանական», «Եղեգնաձորի»,  «Գետիկի», «Արջատխլենու» և «Իջևանի» արգելավայրում, Դսեղի և Գուգարքի անտառտնտեսությունների տարածքներում: Գնահատված չէ այս տարածքների էկոհամակարգերի վրա ՓՀԷԿ-երի ազդեցությունը: 2012թ-ից ՀՀ Ազգային ժողովի օրակարգում է «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը  (Պ-010-21.06.2012-ԳԲ-010/0), որն արգելում է Սևանա լիճ թափվող գետերի վրա ՓՀԷԿ-երի կառուցումը, մինչ օրս քվեարկության չի դրվել:
 
 

 Շարունակելի

18:11 Հունիս 22, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news