«Նժդեհ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Նժդեհ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Նժդեհ»  փոքր ՀԷԿ: «Նժդեհ»  փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում՝ Լեհվազ համայնքի վարչական տարածքում:  ՓՀԷԿ-ը կառուցված է Մեղրի գետի վրա (երկարությունը 36կմ): «Նժդեհ» ՓՀԷԿ-ը շահագործում է «ՍԱՐ-ՌՈՒԲ»  ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • «Նժդեհ» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2012թ-ին:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումը 85մ է, հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016թ-ի հունվարի  1-ի տեղեկանքի,  65.6  մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 3.4մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի, 1730կՎտ է, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի,  1732կՎտ: ՀԾԿՀ-ի 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 6.54769 մլն.կՎտ.ժամ է: Հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 7.86 մլն. կՎտ.ժամ  է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 24.10.2012- 24.10.2027թթ. է, շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 27.08.2012 - 27. 08.2015թթ..:
  • ՓՀԷԿ-ի իրական կոորդինատները չեն համապատասխանում ՋԹ-ում նշված կոորդինատներին:
  • ՓՀԷԿ-ի երկաթբետոնե պատվարի երկարությունը 7 մ է, բարձրությունը՝ 2 մ։
  • «Նժդեհ» ՓՀԷԿ-ի գլխամասում առկա է 4.2 մ երկարությամբ բետոնե սալարկված տեղամաս, որն իր սկզբնամասում  ունի 1մ լայնություն ունեցող և փայտե տախտակներով փակված մուտք: Նման կառուցվածքը չի կարող ձկնուղու դեր կատարել: նախագծով նախատեսված է եղել 13.3 մ երկարությամբ աստիճանաձեւ բետոնե ձկնանցարան:
  • Ճնշումային խողովակաշարի մուտքամասում բացակայում է մանրաբջիջ ցանցը:
  • Մեղրի  գետի այն տեղամասում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը,  կարող են հանդիպել՝  կարմրախայտը, կողակը, Կուրի բեղաձուկը, արևելյան տառեխիկը:  Ձկնորսական պարագաների առկայությունը գլխամասում խոսում է այն մասին, որ այստեղ մանր ձկների որս է կատարվում:
  • ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի, 2020մ է, տրամագիծը՝ 1.2մ:
  • Գետի վրա կառուցված  «Մեղրի» (խողովակաշարի երկարությունն, ըստ ՀԾԿՀ-ի, 135մ), «Նժդեհ» (խողովակաշարի երկարությունն, ըստ նախագծի-ի, 2020մ)  ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 5.98%:
  • Անմիջապես «Նժդեհ» ՓՀԷԿ-ի ջրթափից հետո իրականացվում է «Մեղրի»  ինքնահոս ոռոգման համակարգի ջրառը, իսկ այդ ջրառից անմիջապես ներքև իրականացվում են «Մեղրի-1» ՓՀԷԿ-ի  ջրառի շինարարական աշխատանքները: Մեղրի գետի այդ հատվածին սպասվում է բնապահպանական ծանրաբեռնվածություն, քանի որ այդ հատվածում իրականացվելու են ոռոգման համակարգի և հետագայում «Մեղրի-1» ՓՀԷԿ-ի ջրառներ:
  • Շահագործման ՋԹ-ի համաձայն՝ «Նժդեհ» ՓՀԷԿ-ը տարվա 12 ամիսների ընթացքում կարող է իրականացնել 52347.6 հազար խմ ջրառ՝ Մեղրի գետում ապահովելով 0.08խմ/վ բնապահպանական թողք:
  • Բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում ու հաշվառում ապահովված չէ:
  • Ջրահավաք ավազանում հավաքված ջրի մի մասը աղբորսիչ ճաղավանդակում մաքրվելուց հետո ուղղվում է տղմազտարան. որտեղից ճնշումային խողովակաշար:  Այն բաժանունքը, որտեղով ապահովվում է բնապահպանական թողքի բացթողնումը գետ, դիտարկման պհին լցված էր տարբեր տեսակի աղբով:
  • Ճնշումային խողովակի վրա տեղադրված էր չաշխատող ջրաչափ:
  • ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է տեղական «Խորդա» մակնիշի 3 հիդրոագրեգատ, որոնցից յուրաքանչյուրն ունի 630 կՎտ դրվածքային հզորություն: Դիտարկման պահին աշխատում էր մեկը, որն ապահովում էր 300 կՎտ դրվածքային հզորություն:  Ագրեգատները չունեն ամբողջովին ավտոմատ կառավարնան համակարգ:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տեղադրված տրանսֆորմատորները կահավորված չեն յուղահավաք համակարգով:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալների համաձայն՝ «Մեղրի» ՓՀԷԿ-ը 2014թ-ին աշխատել է 12 ամիս՝ արտադրելով 6180887 կՎտ էլեկտրաէներգիա:
  • Կայանային հանգույցի տարածքը բարեկարգված  և կանաչապատված է:
  • ՓՀԷԿ-ին մոտակա բնության հատուկ պահպանվող տարածքը «Արեւիկ» ազգային պարկն է:

Եզրակացություն

Դիտարկումների արդյունքում պարզվեց, որ  Մեղրի գետի տվյալ հատվածում իրականացվում են տարբեր նպատակներով ջրառներ /«Մեղրի»  ինքնահոս ոռոգման համակարգ, «Մեղրի-1» ՓՀԷԿ/, որոնց համար կառուցվել են և կառուցվում են հիդրոտեխնիկական  տարբեր կառույցներ: Այս ամենն  առաջացնում է բնապահպանական ծանրաբեռնվածություն Մեղրի գետի վրա:  Խիստ անհրաժեշտություն կա համապատասխան մեթոդներով բնապահպանական թողքի չափաքանակի վերանայման և հսկողության սահմանման:

«Նժդեհ» ՓՀԷԿ-ի գլխամասում ջուրը 1.8-2մ բարձրությունից ճաղավանդակով թափվում է տղմազտարան: ՓՀԷԿ-ը չունի ձկնանցարան: Այն փաստացի ունի տախտակե դռնով փակված, ջրառի կետի մակարդակից բարձր գտնվող անցք: Գետի հունում թափված էին՝ շինարարական աղբ, պլաստիկե և ապակե տարաներ, ճաղավանդակից և տղմազտարանից հանված ջրաբերուկներ: Չեն չափվում ջրառի ծավալները:

Առաջարկություններ 

 1. Ամբողջովին վերակառուցել ձկնանցարանը՝ ապահովելու համար ձկների բնականոն տեղաշարժը։
2. Կարելի է նաև հրաժարվել պատվարի օգտագործումից և ջրառն իրականացնել այլ եղանակով՝ առանց փակելու գետի հունը։
3. Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, չափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում։
4. Վերանայել ՋԹ-ով տրված 0,08 մ3/վ բնապահպանական թողքը, որը շատ փոքր է եւ չի կարող ապահովել Մեղրի գետի և նրա կենսաբազմազանության բնականոն վիճակը։
5. Ընդհանրապես դադարեցնել ՓՀԷԿ-ի շահագործումը ջրասակավ ժամանակաշրջանում։
6. ՓՀԷԿ-ը վերազինել բարձր արդյունավետությամբ նոր, ժամանակակից հիդրոագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ, կաշխատեն քիչ ջրաքանակով և կապահովեն նախագծային հզորություն:
7. Տրանսֆորմատորները կահավորել յուղորսիչ համակարգով:
8. Պարզել ՓՀԷԿ-ի հանգույցների կոորդինատների անհամապատասխանության պատճառներն ու ուղղել։

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ: 



15:42 Ապրիլ 25, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news