«Վարանցով» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Վարանցով»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր 

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Վարանցով» փոքր ՀԷԿ: «Վարանցով»  փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Մարտիրոս համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Զառիթափ գետի Մարտիրոս վտակի վրա (երկարությունը 12կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Երանգ» ՍՊԸ-ն: Այս ՓՀԷԿ-ը կառուցվել է KfW բանկի տրամադրած վարկային միջոցներով:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • «Վարանցով» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2015թ-ին:
  • ՓՀԷԿ-ի ստատիկ ճնշումն, ըստ նախագծի, 413մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի, 377մ է, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի,  377.05մ: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի և ըստ  ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1.3մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի,  3880 կՎտ  է: ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը, ըստ ՀԾԿՀ 01.01.2016թ-ի տեղեկանքի, 8.01 մլն.կՎտ.ժամ է, ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, նույնպես 8.01մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը` 26.08.2015- 26.08.2030թթ., կառուցման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 20.06.2014 - 20.10.2014 թթ..:
  • ՋԹ-ում նշված ջրառի եւ ջրահեռացման կոորդինատները համապատասխանում են իրական կոորդինատներին:
  • ՓՀԷԿ-ի երկաթբետոնե պատվարի երկարությունը 7 մ է, բարձրությունը՝ 3,2 մ։
  • Պատվարի աջ կողմում առկա է 19 խցից կազմված ձկնանցարան է, որը, պատվարի կողքից ներքև իջնելիս, 2 անգամ փոխում է ուղղությունը 360 աստիճանով։ Խցերն ունեն տարբեր չափսեր՝ 1-1,5 մմ լայնություն և 1-2 մ երկարություն, որոնց միջև ջուրը պետք է անցնի անցքերի և ակոսների միջոցով։ Ձկնանցարանի վերին նիշում բետոնի մեջ արված է մոտ 20 սմ տրամագծով կլոր անցք՝ բնապահպանական թողքի և ձկնանցարանով ջրի հոսքի ապահովման համար, որը սակայն դիտարկման պահին փակված էր գերանի կտորով, և ձկնանցարանն ամբողջովին չոր էր:
  • Տղմազտարանի վերջում դրված է աղբորսիչ։ Ձկնապաշտպան ցանցը չկա:
  • Ձկներից այստեղ կարող է հանդիպել կարմրախայտը: Հնարավոր է նաև արևելյան տառեխիկի և Կուրի բեղաձկան առկայությունը:
  • Խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, 4017մ է, տրամագիծը՝ 800մմ:
  • Մարտիրոս գետի վրա կառուցված  ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության տոկոսային հարաբերությունը գետի երկարության հետ կազմում է 33.47 %:
  •  Ըստ կառուցման ջրօգտագործման թույլտվության` «Վարանցով» ՓՀԷԿ-ը կարող է ջրառ իրականացնել տարվա 11 ամիսներին բացի սեպտեմբերից՝ ապահովելով 0.05խմ/վ բնապահպանական թողք: Նույնչափ բնապահպանական թողք նախատեսված է եղել նախագծով:
  • ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է «Խորդա» մակնիշի տեղական արտադրության 4 ագրեգատ: Տուրբինները կարող են աշխատել 118 լ/վրկ նվազագույն ջրաքանակով:  Դիտարկման պահին գետում ջրսակավ ժամանակահատված էր և տուրբինը  60լ/վրկ ջրաքանակով ապահովում  էր   200 կՎտ  հզորություն: Իսկ ջրառատ ամսին /հունիս/ ագրեգատների աշխատանքն ապահովել է 400կՎտ/ժամ էլեկտրաէներգիա:             Քանի որ ՓՀԷԿ-ն աշխատել է ընդամենը մի քանի ամիս, հնարավոր չէ փաստացի և նախագծայինի ջրաէներգետիկ ցուցանիշների համեմատական վերլուծություն անել:
  • Տրանսֆորմատորային ենթակայանը ցանկապատված է, տրանսֆորմատորների տակ տեղադրվող  յուղահավաքը կառուցման փուլում էր:
  •  Ջրառի և բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում և հաշվառում ապահովված չէ:
  • ՓՀԷԿ-ը նոր է հանձնվել շահագործման, տարածքը դեռ բարեկարգված եւ կանաչապատված չէր:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացման համար կառուցվել է  սանհանգույց, որտեղից կեղտաջրերը հեռացվում են անջրթափանց հոր:

Եզրակացություն 

Ինչպես և մնացած փոքր գետերի վրա շահագործվող ՓՀԷԿ-երի դեպքում, այս ՓՀԷԿ-ը նույնպես պետք է դադարեցնի աշխատանքը ջրասակավ ժամանակաշրջանում հատկապես որ այս դեպքում կա նաև ոռոգման ջրի ապահովման խնդիր:

Առաջարկություններ

  1. Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
  2.  Վերակառուցել ձկնանցարանը, իսկ մինչ այդ բացել վերին նիշում առկա անցքն ու ապահովել ջրի անընդհատ մուտքը ձկնանցարան: 
  3.  Կարելի է նաև հրաժարվել պատվարի օգտագործումից և ջրառն իրականացնել այլ եղանակով՝ առանց փակելու գետի հունը։ 
  4.  Վերանայել ՋԹ-ով սահմանված բնապահպանական թողքը՝ ավելացնելու միտումով, քանի որ սահմանված բնապահպանական թողքը շատ փոքր է եւ չի կարող ապահովել գետի էկոհամակարգի և կենսաբազմազանության բնականոն վիճակը: 
  5. Բարեկարգել և կանաչապատել կայանային հանգույցի տարածքը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ: 

 



12:52 Ապրիլ 14, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news