«Քարագլուխ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Քարագլուխ»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Քարագլուխ»   փոքր ՀԷԿ: «Քարագլուխ»  փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Քարագլուխ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Եղեգիսի վտակ Քարագլուխ գետի (երկարությունը 10կմ) եւ իր աջակողմյա վտակի վրա: ՓՀԷԿ-ը շահագործում է «Հերմոն Մադ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  •  ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը՝ Քարագլուխ գետ (ճյուղ 1)՝ 234.5 մ, աջակողմյա վտակ (ճյուղ 2)՝ 174.5մ, ըստ ՀԾԿՀ-ի` 234.57մ,174,53մ: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի, Քարագլուխ գետ (ճյուղ 1)՝  0.60մ3/վ, աջակողմյա վտակ(ճյուղ 2)՝ 0.30  մ3/վ, ըստ ՀԾԿՀ-ի` 0,6 մ3/վ, 0,3 մ3/վ: ՓՀԷԿ-ի համար որպես առավելագույն հաշվարկային ելք սահմանված է 0.9 մ3/վ ջրաքանակը, որը ՓՀԷԿ-ի կողմից չի օգտագործվում: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի, ճյուղ 1՝ 1.14 ՄՎտ, ճյուղ 2՝ 0.43ՄՎտ, ՀԾԿՀ-ի 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի, 1570 կՎտ է: ՀԾԿՀ-ի 2016թ-ի հունվարի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 2.035108 մլն.կՎտ.ժամ է, 2015թ-ի հունվարի 1-ի դրությամբ եղել է 4.091638 մլն.կՎտ.ժամ: ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 2.188135մլն. կՎտ.ժամ է, լիցենզիայի ժամկետը` 25.03.2009- 25.03.2024թթ., շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 14.09.2012-14.09.2015թթ.:
  • ՋԹ-ում նշված ՓՀԷԿ-ի կոորդինատների եւ իրական կոորդինատների տարբերությունն աննշան է:
  • Մոնիտորինգային խումբը եղել է միայն աջակողմյան վտակից իրականացվող ջրառի վայրում: Բետոնե պատվարի երկարությունը 6 մ է, բարձրությունը 1,7 մ։
  • Պատվարի աջ կողմում առկա է ձկնանցարան, որն ունի 6 մ երկարություն, 0,9 մ լայնություն և 6 աստիճան: Ձկնանցարանի մուտքը փակ է և ընդհանրապես չի գործում։ Ըստ ՓՀԷԿ-ի աշխատակցի՝ գետում ձուկ չկա, քանի որ կայանի շենքից մոտ 200 մետր վերև գետի վրա կա ջրվեժների կասկադ, որի պատճառով ձկները չեն կարող բարձրանալ ավելի վերև։ Ջրվեժներն իրականում կան և ունեն մոտ 3-4 մետր բարձրություն:
  • Ձկներից այստեղ հնարավոր է միայն կարմրախայտի առկայություն: Այս ձկնատեսակը կարողանում է հաղթահարել 3-4 մ և նույնիսկ ավելի բարձրություն ունեցող սահանքներ և բնական ջրվեժներ:
  • ՓՀԷԿ-ի խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի, ճ1՝ 1935մ, ճ2՝1390մ, տրամագիծը՝ ճ1՝ 720մմ, ճ2՝ 530մմ: Խողովակաշարը թաղված է:
  • Քարագլուխ գետի վրա կառուցված «Քարագլուխ» ՓՀԷԿ-ի դերիվացիայի  երկարության (1935մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության (10կմ) հետ կազմում է 19.35 տոկոս:
  • Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Քարագլուխ»  ՓՀԷԿ-ը կարող է վերցնել 9240.0հազար խմ/վ ջուր՝ Քարագլուխ գետում ապահովելով  0.0011 խմ/վ բնապահպանական թողք, աջակողմյան վտակում՝ 0.006 խմ/վ բնապահպանական թողք: Նախագծով նախատեսված է նույնքան բնապահպանական թողք: Դիտարկման պահին  պատվարով և ձկնանցարանով չէր ապահովվում բնապահպանական թողք: Գետում բնապահպանական թողքն ապահովվում էր միայն պատվարի աջակողմյան մասում՝ տղմազտարանի հարևանությամբ, կառուցված վթարային  փականի միջոցով: Աշխատակցի հիմնավորմամբ՝ այդ փականը նախատեսված է գործարկել հեղեղային  ելքերի ժամանակ, երբ գետն ունի շատ ջրաբերուկներ:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Քարագլուխ»  ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 1422650 կՎտ էլեկտրաէներգիա (Հաշվարկային արտադրությունը, ըստ նախագծի, 2.188135մլն. կՎտ.ժամ է):
  • ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է տեղական «Ծատրյան» մակնիշի 2 ագրեգատ նախագծով նախատեսված երեքի փոխարեն: Ագրեգատներից մեկի հզորությունը 700 կվտ է, մյուսինը` 400 կՎտ: Ջուրը ՓՀԷԿ-ի շենք է մտնում երեք խողովակներով: Դիտարկման պահին աշխատում էր մի ագրեգատը: Տուրբինը  90-100 լ/վրկ ջրաքանակով ապահովում  էր   110 կՎտ  հզորություն: ՓՀԷԿ-ի համար որպես առավելագույն հաշվարկային ելք սահմանված 0.9 խմ/վրկ ջրաքանակը ՓՀԷԿ-ի կողմից չի օգտագործվում: Ջրառատ ամիսներին /ապրիլ, մայիս, հունիս/  երկու տուրբինները միասին 1կՎտ-ի համար ծախսում են 2.1լ/վրկ ջրաքանակ` կայանում ապահովելով առավելագույնը 1050 կՎտ դրվածքային հզորություն` նախագծային  1570կՎտ-ի  փոխարեն:
  •  Ջրառի և բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում և հաշվառում ապահովված չէ:
  • Կայանային հանգույցի տարածքը  բարեկարգված և մասամբ կանաչապատված է: Հողի բերրի շերտի պահպանմանը եւ օգտագորմանը ներկայացվող պահանջները չեն կատարվել:
  • Կենցաղային կեղտաջրերը հեռացումն իրականացվում է հորանային զուգարանի միջոցով:

Առաջարկություններ

  • Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
  • Վերանայել 0,011 մ3/վ, 0.006մ3/վ բնապահպանական թողքի չափաքանակները. Այս չափաքանակները չեն կարող ապահովել գետերի էկոհամակարգերի և կենսաբազմազանության բնականոն վիճակը։
  • Վերակառուցել ջրընդունիչ հանգույցն այնպես, որ  հնարավոր լինի անարգել ապահովել գետ բաց թողնվող բնապահպանական թողքը:
  • Միայն համապատասխան ձկնաբանական կարծիքի առկայության պարագայում վերակառուցման աշխատանքներում ներառել նոր ձկնուղու  կառուցման աշխատանքներ, քանի որ կառուցվածը ֆունկցիոնալ նշանակություն չունի:
  • Կարելի է նաև հրաժարվել պատվարի օգտագործումից և ջրառն իրականացնել այլ եղանակով՝ առանց փակելու գետի հունը։
  • ՓՀԷԿ-ը վերազինել բարձր արդյունավետությամբ նոր, ժամանակակից հիդրոագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ, կաշխատեն քիչ ջրաքանակով և կապահովեն նախագծային հզորությունը:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացնել սահմանված կարգով՝ անջրթափանց հորի կամ «mini» մաքրման կայանի միջոցով:
  • Տրանսֆոմատորները կահավորել յուղորսիչ համակարգով:
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



15:21 Ապրիլ 08, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news