Հավանության է արժանացել ՓՀԷԿ-երի առողջացման ծրագիրը

Հավանության է արժանացել ՓՀԷԿ-երի առողջացման ծրագիրը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության կոլեգիայի նիստում հավանության է արժանացել ՓՀԷԿ-երի առողջացման ծրագիրը: Ծրագրի հիմքում ընկած է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացված ՓՀԷԿ-երի մոնիտորինգի տեղեկատվական բազան:

Անդրադառնալով ՓՀԷԿ-երի շահագործման ժամանակ ծագած բնապահպանական խնդիրներին և դրանց լուծումներին՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետ Հակոբ Գալստյանը նշել է, որ 2014-2015թթ. տեսչության կողմից 52 փոքր ՀԷԿ–երում կատարված տեսչական ստուգումները և 87 ՓՀԷԿ-երում կատարված ուսումնասիրությունների վերլուծությունները ցույց են տվել, որ ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման փուլերում առաջանում են մի շարք բնապահպանական խնդիրներ, որոնց համար մշակվել է առողջացման ծրագրի առաջարկությունների փաթեթ.

• Յուրաքանչյուր ՓՀԷԿ-ի համար կազմել բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված առողջացման միջոցառումների ծրագիր, դրա կատարման ժամանակացույց, հետևել դրանց կատարման ընթացքին:

• ՀՀ բնապահպանության նախարարությունում ներդնել «ՓՀԷԿ-ի բնապահպանական անձնագիր» և «ՓՀԷԿ-ի բնապահպանական կանաչ անձնագիր»  շնորհելու համակարգը (դրանց ձևաչափը և չափորոշները որոշել քննարկումների արդյունքում, հատուկ ուշադրություն դարձնելով բնապահպանական պահանջները պատշաճ կատարող ՓՀԷԿ-երի նկատմամբ խրախուսման լծակների կիրառմանը):

• Վերանայել ջրի թույլտվություններով տրված ջրառի ծավալները` հաշվի առնելով տվյալ գետային համակարգից օգտվող առաջնային ջրօգտագործողների ջրապահանջները:

• Առաջնային համարել բնապահպանական թողքի, այնուհետև ջրառի քանակությունների չափումները և դրանց չափաքանակների պահպանությունն ավտոմատ կառավարման համակարգերի ներդրմամբ:

Բացի այդ, ՓՀԷԿ-երի առողջացման ծրագրին զուգահեռ՝ կոլեգիայի անդամները ՀՀ ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանն առաջարկել են մշակել և ներկայացնել փոքր հիդրոէլեկտրակայաններով գերծանրաբեռնված գետերում դրանց կառուցումն արգելող իրավական ակտի նախագիծ:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

15:22 Ապրիլ 05, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news