«Գողթանիկ» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Գողթանիկ»  փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Գողթանիկ» փոքր ՀԷԿ: «Գողթանիկ»    փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Գողթանիկ համայնքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Եղեգիս գետի վրա (երկարությունը 47 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «Հ.Հ.Ն.Մ.Ս.» ՍՊԸ-ն:

ՓՀԷԿ-ը ուսումնասիրվել է մասնակի, քանի որ փորձագիտական խումբը ՓՀԷԿ-ի կայան մտնելու թույլտվություն չստացավ:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • «Գողթանիկ» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2013թ-ի փետրվարին:
  • ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ նախագծի, 29․7մ է, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հոկտեմբերի  1-ի տեղեկանքի,  35.35մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ նախագծի եւ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 4 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ նախագծի, 986կՎտ է, ըստ  ՀԾԿՀ-ի տեղեկանքի,  1202կՎտ: ՀԾԿՀ-ի 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի համաձայն՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը 5.00467մլն.կՎտ.ժամ է, ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունը՝ 3․49 մլն. կՎտ.ժամ, լիցենզիայի ժամկետը` 30.01.2013-30.01.2028թթ., շահագործման ջրօգտագործման թույլտվության ժամկետը` 13.03.2013-13.03.2028թթ.:
  • ՋԹ-ում նշված ՓՀԷԿ-ի կոորդինատները համապատասխանում են իրական կոորդիանտներին:
  • «Գողթանիկ» ՓՀԷԿ-ը ջրառ է կատարում անմիջապես «Եղեգիս 2» ՓՀԷԿ-ի ջրահեռացման կետից հետո: ՓՀԷԿ-ի երկաթբետոնե պատվարի երկարությունը 9 մ է, բարձրությունը՝ 1,3 մ։
  • Պատվարի ձախ մասում  կառուցված է 1 մ լայնությամբ և 6 մետր երկարությամբ աստիճանաձև ձկնանցարան, որի մուտքը համապատասխան կոնստրուկցիայի միջոցով արհեստականորեն բարձրացված է 0,5 մետրով։ Ձկնանցարանն ունի 7 աստիճան՝ յուրաքանչյուրը մոտ 0,9 մետր երկարությամբ: Ձկնանցարանը լիարժեք չի կարող ապահովել գետում բնակվող բոլոր ձկնատեսակների, հատկապես մանր ձկնատեսակների՝ տառեխիկի, լերկաձկան, բեղաձկան ազատ տեղաշարժը հատկապես վերին աստիճանի բարձր լինելու պատճառով:
  • Եղեգիս գետի տվյալ տեղամասում կարող են հանդիպել՝ արևելյան արագաշարժը, Կուրի բեղաձուկը, Սևանի կողակը (գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում), կարմրախայտը, Կուրի լերկաձուկը, արծաթափայլ կարասը, ծիածանախայտը:
  •  Պողպատյա խողովակաշարի երկարությունը, ըստ նախագծի՝ 1400մ է, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի, 1760մ, տրամագիծը, ըստ նախագծի, 1420մմ, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ 1400մմ: Խողովակաշարի իրական երկարությունը համապատասխանում է ՀԾԿՀ-ի տվյալին:
  • Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգիս-1»  (ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ դերիվացիայի եկարությունը՝ 4000մ ) «Եղեգնաձոր» (ըստ նախագծի՝ 3250մ, 54մ) 3.  «Եղեգնաձոր ՓՀԷԿ-1» (ըստ նախագծի՝ 2650մ)  «ԵՂԵԳԻՍ-3» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1391մ),  «Եղեգիս-2»  (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2138մ), «Եղեգ» ՓՀԷԿ (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1924մ), «Գողթանիկ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 1400մ), «Եղեգիս»  (դերիվացիայի երկարությունը՝ 2450մ) «Տիգրան Մեծ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2691մ), «ԽԱՉԻ ՔԱՐ» (ըստ նախագծի՝ դերիվացիայի երկարությունը՝ 2240մ) ՓՀԷԿ-երի դերիվացիայի գումարային երկարության (24188մ) տոկոսային հարաբերությունը Եղեգիս գետի երկարության հետ կազմում է 51.46%:
  •  Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Գողթանիկ» ՓՀԷԿ-ը տարվա բոլոր ամիսների ընթացքում կարող է գետից վերցնել  126132.0 հազար խմ/վ ջուր՝ ապահովելով 0.08 խմ/վ բնապահպանական թողք: Նախագծով նախատեսված է եղել 0.12 խմ/վ բնապահպանական թողք:
  • «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Գողթանիկ» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 4455041 կՎտ էլեկտրաէներգիա: (հաշվարկային արտադրությունը՝ 3․49 մլն. կՎտ.ժամ)
  • Նախագծով նախատեսված է եղել 3 ագրեգատի տեղադրում:
  • Նախագծով նախատեսված է տարածքի կանաչապատում, իրականում կանաչապատում չի արվել:
  • Հողի բերրի շերտի պահպանմանը եւ օգտագործմանը ներկայացվող պահանջները չեն կատարվել:
  • Ազատ ջրօգտագործման պահանջը չի կատարվում, քանի որ ջրառն իրականացվում է անմիջապես «Եղեգիս-2»-ի ջրբացթողումից հետո մոտ 30-35 մ երկարությամբ ջրանցքի միջոցով, որը ցանկապատված է:
  • Կայանի շրջակայքն անբարեկարգ էր, շինարարական և կենցաղային աղբի կուտակումներով, ինչպես նաև տրանսֆորմատորային յուղով աղտոտված լաթերով:
  • Ջրառի ավտոմատ կառավարումն ու հաշվառումն ապահովված է, իսկ բնապահպանական թողքինը՝ ոչ:
  • Դիտարկման պահին, ըստ ՓՀԷԿ-ի խողովակաշարի սկզբնամասում տեղադրված ուլտրաձայնային հաշվիչի ցուցմունքի, գետից վերցվում էր 1,7 մ3/վ ջուր:
  • Այս ՓՀԷԿ-ը օգտվում է Արփա-Սևան թունելից Եղեգիս բաց թողնվող ջրից:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկար:
  • 2014թ. ՀՀ բնապահպանական տեսչության կողմից «Գողթանիկ» ՓՀԷԿ-ի նկատմամբ կայացվել է 200.0 հազար  դրամ գումարի վարչական տւգանքի որոշում ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջների խախտման համար, տրվել է մինչեւ 01.04.2015թ. ջրաչափական սարքավորում տեղադրելու հանձնարարական:
  • Մոտակա բնության հատուկ պահպանվող տարածքը «Եղեգնաձորի» արգելավայրն է, որի տեղադիրքը ՀՀ Վայոց ձորի մարզի Արփա գետի աջափնյա վտակ Եղեգիս գետի ավազանն է՝ ծովի մակարդակից 1200-2800 մ բարձրության վրա:
  • Եղեգիս գետի վրա նախատեսվում է  հետեւյալ ՓՀԷԿ-երի կառուցումը՝ «Ալնարս» ՓՀԷԿ` շահագործող` «ԱԼՆԱՐՍ» ՍՊԸ  (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝  խողովակաշարի երկարությունը՝ 2300մ),  «Եղեգնուտ» ՓՀԷԿ, շահագործող` «ՎՏՎ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝ խողովակաշարի երկարությունը՝ 2665մ), «ԷԼԻՍ» ՓՀԷԿ, շահագործող «ԷԼԻՍ ՀԷԿ» ՍՊԸ (Ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի՝  ՓՀԷԿ-ը կառուցվելու է Եղեգիս եւ Սողանլու գետերի վրա, խողովակաշարերի երկարությունը՝ 2360,0մ եւ 2288,0մ):

Առաջարկություններ

  • Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
  • Վերանայել բնապահպանական թողքի չափաքանակը՝ ավելացնելու միտումով, քանի որ 0.08խմ/վ քանակը շատ փոքր է Եղեգիս գետի համար եւ չի կարող ապահովել գետի և կենսաբազմազանության բնականոն վիճակը։
  • Հաշվարկել Եղեգիս գետով անցնող ջրի իրական քանակը՝ հաշվի առնելով Կեչուտի ջրամբարից՝ Արփա-Սևան թունելից լուրջ ջրաքանակի բաց թողումը Եղեգիս։
  • Բարեկարգել եւ կանաչապատել ՓՀԷԿ-ի կայանի տարածքը:
 
 
 
 

Լուսանկարները՝ Լեւոն Գալստյանի

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



19:33 Ապրիլ 04, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news