«Մարտունի» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

«Մարտունի» փոքր ՀԷԿ` մոնիտորինգի արդյունքներ (Լուսանկարներ)

ԷկոԼուր

«Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական խումբն այցելեց «Մարտունի» փոքր ՀԷԿ: «Մարտունի» փոքր ՀԷԿ-ը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի քաղաքի վարչական տարածքում: ՓՀԷԿ-ը կառուցված է Սևանա լճի ավազանում՝ Սևանա լիճ թափվող Մարտունի գետի վրա (երկարությունը 27 կմ): ՓՀԷԿ-ը շահագործում է «ՄԿՇԳ ԷՆԵՐԳԻԱ» ՍՊԸ-ն:

Մոնիտորինգի արդյունքում փորձագիտական խումբը պարզեց.

  • «Մարտունի» ՓՀԷԿ-ը շահագործման է հանձնվել 2011թ-ին:
  • ՓՀԷԿ-ի հաշվարկային ճնշումը, ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 2015թ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի և ըստ նախագծի, 174.4 մ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային ելքը, ըստ ՀԾԿՀ-ի և նախագծի, 1.3 մ3/վ է: ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը, ըստ ՀԾԿՀ-ի տեղեկանքի և նախագծի, 1800 կՎտ է: Ըստ ՀԾԿՀ-ի հոկտեմբերի 1-ի տեղեկանքի՝ ՓՀԷԿ-ի էլեկտրաէներգիայի փաստացի օգտակար առաքումը՝ 3.399 մլն.կՎտ.ժամ է: ՓՀԷԿ-ի հաշվարկային արտադրությունն, ըստ նախագծի, 7.23 մլն.կՎտ.ժամ է: «Մարտունի» ՓՀԷԿ-ի լիցենզիայի ժամկետը 02.03.2011-02.03.2026թթ. է, շահագործման ջրօգտագործման թույլտվության (ՋԹ) ժամկետը` 26.07.2011-26.07.2014թթ.: ՓՀԷԿ-ը դիմել է ՀՀ բնապահպանության նախարարություն ՋԹ-ի ժամկետի երկարացման համար:
  • ՋԹ-ում ՓՀԷԿ-ի ջրառի և ջրահեռացման կետերի կոորդինատները չեն համապատասխանում իրական կոորդինատներին: ՋԹ-ում նշված ծովի մակարդակից բարձրությունները համապատասխանում են ՀԾԿՀ-ի տեղեկանքում նշված տվյալներին:
  • «Մարտունի» ՓՀԷԿ-ի բետոնե պատվարի երկարությունը 5 մ է, բարձրությունը՝ 2,4 մ։
  • «Մարտունի» ՓՀԷԿ-ի գլխամասում առկա է բետոնե կիսալաբիրինթոսային ձկնանցարան՝ 18.0 մ երկարությամբ, 1.4 մ բարձրությամբ և 0.9-1.1 մ լայնությամբ: Ձկնանցարանը կազմված է 13 առանձին սեկցիաներից, որոնք իրարից տարանջատված են 0.88մ երկարությամբ և 1.1 բարձրությամբ միջնորմերով: Միջնորմների և ձկնանցարանի պատերի միջև եղած անցքերի լայնությունը 18 սմ է: Ձկնանցարանն ընդհանուր առմամբ կարող է նպաստել սաղմոնազգիների գաղթն իրականացանելու համար, սակայն նրա ամենաստորին աստիճանը կառուցված է գլանաքարերի վրա և ունի մոտ 60 սմ բարձրություն, ինչը լրացուցիչ արգելք է իշխանի գաղթի ճանապարհին: Ձկնանցարանի մուտքի մոտ՝ բետոնի մեջ, արված են խորը ակոսներ՝ որոնց միջոցով անհարժեշտության դեպքում կարող են փակել ձկնանցարանի մուտքը:
  • Տղմազտարանում առկա է 3 մ երկարությամբ աղբորսիչ ցանց, որի ճաղերի միջև եղած հեռավորությունը 1.5-2 սմ է: Ճաղերի նման հեռավորությունը նպաստում է 6 սմ և ավելի երկարություն ունեցող մանրաձկների պաշտպանությանը և ճնշումային խողովակաշարում չհայտնվելուն:
  • Մարտունի գետի վերին հոսանքում, որտեղ կառուցված է ՓՀԷԿ-ի գլխամասը,  կարող են հանդիպել Գեղարքունին (գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում), կարմրախայտը: Հնարավոր է, որ այստեղ բարձրանա նաև Սևանի կողակը և Սևանի բեղաձուկը (գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում), ինչը քիչ հավանական է:
  • ՓՀԷԿ-ի խողովակաշարը պողպատյա է, երկարությունը  համապատասխանում է նախագծային տվյալներին: Ըստ նախագծի՝ խողովակաշարի  2900մ երկարությամբ հատվածն ունի  0.8մ տրամագիծ, 1600մ երկարությամբ հատվածը՝  0.9մ տրամագիծ: Խողովակաշարն անցկացված է գետի ափի երկայնքով:
  • Մարտունի գետի վրա կառուցված  ՓՀԷԿ-ի դերիվացիայի երկարության (4500մ) տոկոսային հարաբերությունը գետի երկարության (27կմ)  հետ կազմում է 16.66%:
  • Դիտարկման պահին ջրառի վերին բիեֆում ջրի հայելին, ինչպես նաև տղմազտարանի վերջում ջրի մակերեսը ծածկված էին փառով, ինչը վկայում է ջրառից վերև ջրի աղտոտման աղբյուրի հնարավոր առկայության մասին:
  • Ըստ ջրօգտագործման թույլտվության` «Մարտունի» ՓՀԷԿ-ը տարվա 12 ամիսների ընթացքում կարող է իրականացնել 17.9 միլիոն խմ ջրառ՝ գետում ապահովելով 0.05խմ/վ բնապահպանական թողք: Նույնչափ բնապահպանական թողք սահմանված է եղել նաև նախագծով: Ջրընդունիչում ապահովված է համապատասխան թեքություն, որի շնորհիվ բնապահպանական թողքը հոսում է ձկնանցարան:
  • Ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված թվային ցուցանիշերը ստացված են մեխանիկորեն.  գետում բազմամյա միջին հոսքի ամսական ցուցանիշից  հանել են բնապահպանական հոսքի 0.05մ3/վ ցուցանիշը: Այս ՓՀԷԿ-ին սակավաջուր  տարիներին թույլ է տրված տարվա բոլոր  ամիսներին ավելի շատ ջուր վերցնել գետից, քան այնտեղ մնում է բնապահպանական թողքից հետո: Դա նշանակում է, որ ընկերությանը թույլ է տրված օգտագործել բնապահպանական թողքի ջրերը:
  •  «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տվյալներով` «Մարտունի» ՓՀԷԿ-ը 2014 թվականին աշխատել է 12 ամիս` արտադրելով 3099971 կՎտ էլեկտրաէներգիա:
  • ՓՀԷԿ-ի շենքում տեղադրված է 3 ագրեգատ՝ յուրաքանչյուրը 800 կՎտ հզորությամբ: Գեներատորները ռուսական արտադրության են, տուրբինները՝ տեղական «Խորդա» մակնիշի: Դիտարկման պահին աշխատում էր 1 ագրեգատ: Ջրասակավ ժամանակահատված էր, և տուրբինը 430լ/վրկ ջրաքանակով ապահովում էր  152 կՎտ դրվածքային հզորություն:  Աշխատակցի համոզմամբ՝ ՓՀԷԿ-ի տնտեսական շահավետությունը ցածր է, և ՓՀԷԿ-ն իր նախագծային հզորությունը չի ապահովում: 3 հիդրոագրեգատներն աշխատում են ապրիլի 2-րդ կեսից մինչև հունիս ամիսներ և ապահովում են 1300 կՎտ հզորություն` նախագծային  1800 կՎտ-ի  փոխարեն:
  • Կայանում գործում է կիսաավտոմատ համակարգ:
  • Տրանսֆորմատորային կայանը ցանկապատված է, տեղադրված  տրանսֆորմատորները կահավորված չեն յուղահավաք համակարգով:
  • Համապատասխան բնապահպանական մարմնի կողմից կնքված ջրաչափ ջրառում չկա:
  • Ձկնանցարանի մուտքամասում բնապահպանական թողքի կարգավորման համար տեղադրված է քանոն:
  • Ջրառի ու բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում ու հաշվառում ապահովված չէ:
  • Կայանային հանգույցի տարածքը բարեկարգված և  կանաչապատված է:
  • Խողովակաշարի անցկացման տարածքներում նկատելիորեն բավարար չեն արվել լանդշաֆտի վերականգնմանն ուղղված և ռեկուլտիվացիայի միջոցառումները: Այն պայմանավորված է նաև տեղանքի ռելիեֆային պայմաններով:
  • ՓՀԷԿ-ի համար օգտագործվող գետահատվածում իրականացվում է Գեղհովիտ համայնքի հողատարածքների ոռոգում:
  • Ազատ ջրօգտագործման պահանջները  կատարվում են:
  • Կենցաղային կեղտաջրերի հեռացումն իրականացվում է սեպտիկ հորի միջոցով:
  • 2014թ. ՀՀ ջրային օրենսգրքի 32 հոդվածի պահանջների խախտման համար ՓՀԷԿ-ի նկատմամբ նշանակվել է 100.000 դրամ վարչական տուգանք:
  • ՓՀԷԿ-ին մոտակա բնության հատուկ պահպանվող տարածքը «Սևան» ազգային պարկն է:

Եզրակացություն

  • Քանի որ Սևանա լճից ձկները ձվադրաման նպատակով բարձրանում են Մարտունի գետի այս հատված, այս ՓՀԷԿ-ի բոլոր կառույցները և գետի բնապահպանական թողքի չափաքանակը պետք է այնպիսին լինեն, որ ոչ մի կերպ չխոչընդոտեն ձկների բնականոն տեղաշարժը։ Եթե դա անհնար է ապահովել, ապա պետք է ապամոնտաժել այս և Սևանի ավազանի գետերի վրա կառուցված մնացած բոլոր ՓՀԷԿ-երը։ Սևանա լիճ թափվող գետերի վրա կառուցված ՓՀԷԿ-երի համար պետք սահմանվի հատուկ ռեժիմ, ելնելով ձկնաշխարհի պահպանության ու ձկների բազմացման պայմանների ու պոպուլյացիայի արհեստական համալրման անհրաժեշտությունից:

Առաջարկություններ 

  • Ապահովել գլխամասային հանգույցում բնապահպանական թողքի ավտոմատ կառավարում, ջրաչափիչ սարքերի տեղադրում և առցանց վերահսկում:
  • Վերանայել ջրատնտեսական հաշվարկը` բնապահպանական թողքի չափաքանակը  համարժեք ավելացնելու միտումով. սահմանված 0,05 մ3/վ բնապահպանական թողքի քանակը շատ փոքր է, չի կարող ապահովել գետի էկոհամակարգի և կենսաբազմազանության բնականոն վիճակը։
  • Ձկների պահպանության, գետի վերին հոսանքներ հուսալի տեղաշարժի, ինչպես նաև բնապահպանական թողքի անարգել անցկացման  համար  ջրընդունիչ հանգույցում իրականացնել վերակառուցման աշխատանքներ, այդ թվում՝  ձկնանցարանի աստիճանների թիվն ավելացնել ևս մեկով:
  • ՓՀԷԿ-ը վերազինել բարձր արդյունավետությամբ նոր, ժամանակակից հիդրոագրեգատներով, որոնք կունենան ամբողջովին ավտոմատ կառավարման համակարգ, կաշխատեն քիչ ջրաքանակով և կապահովեն նախագծային հզորությունը:
  • Տրանսֆոմատորները կահավորել յուղորսիչ համակարգով:
  • Վերանորոգել հարթ փականների խտացումները, որոնցից ջուր էր հոսում և ազդում ՓՀԷԿ-ի նորմալ շահագործման վրա:
  • Պարզել ջրառից վերև ջրի աղտոտման աղբյուրը:
  • Վերացնել ՋԹ-ն, փոխարինելով էկոլոգիական անձնագրով, որի մեջ առանցքային ցուցանիշը կլինի բնապահպանական թողքը ջրառի կետից մինչև ջրավերադարձի կետը:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:



18:36 Մարտ 31, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news